Մատչելիության հղումներ

Ռիչարդ Հոգլանդը ժամանակավորապես կփոխարինի Ջեյմս Ուորլիքին ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնում


Դեսպան Ռիչարդ Հոգլանդ

Դեսպան Ռիչարդ Հոգլանդ

2017 թվականի հունվարից դեսպան Ռիչարդ Հոգլանդը ժամանակավորապես կստանձնի ԱՄՆ համանախագահի պաշտոնը ԵԱՀԿ Մինսկի խմբում: Նա կփոխարինի դեսպան Ջեյմս Ուորլիքին, ով դեկտեմբերի 31-ից այլևս չի զբաղեցնի այդ պաշտոնը, հաղորդում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ռիչարդ Հոգլանդն ունի ավելի քան 30 տարվա դիվանագիտական գործունեության փորձ: Նա եղել է ԱՄՆ դեսպանը Տաջիկստանում 2003-2006 թվականներին, ԱՄՆ դեսպանը Ղազախստանում 2008-2011 թվականներին և ԱՄՆ փոխդեսպանը Պակիստանում 2011-13 թվականներին: Վերջին շրջանում Հոգլանդը ղեկավարում էր Սիրիայում բռնությունների դադարեցման ռուս-ամերիկյան համաձայնության հետ կապված ռազմական համակարգման աշխատանքները և զբաղեցնում էր Հարավային ու Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնը: Մինչ վերոհիշյալ նշանակումները նա ղեկավարել է Եվրոպայի ու Եվրասիայի վարչության Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով գրասենյակը և եղել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո խոսնակը:

«Դեսպան Հոգլանդի մեծ ու երկարամյա դիվանագիտական փորձը էական նշանակություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տևական ու խաղաղ կարգավորման շուրջ կողմերի հետ Միացյալ Նահանգների աշխատանքներում: Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել կողմերին հետամուտ լինել հրադադարի պահպանման իրենց հանձնառությանը, իրականացնել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները և հորդորում վերադառնալ կարգավորման շուրջ բանակցություններին, որից կշահեն բոլոր կողմերը», - ասված է հաղորդագրությունում:

Ջեյմս Ուորլիքին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում հիմնական փոխարինողի մասին կհայտարարվի ավելի ուշ:

Ուորլիքը, հիշեցնենք, պատրաստվում է գործընկեր դառնալ «Եգորով, Պուգինսկի, Աֆանասև և գործընկերներ» ռուսական իրավաբանական ֆիրմայում:

Հիշեցնենք նաև, որ 2006 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնից Ջոն Էվանսի վաղաժամկետ հետկանչից հետո Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմը այդ պաշտոնում առաջադրել էր Ռիչարդ Հոգլանդին, որի նշանակումը, սակայն, Սենատում երկու անգամ արգելափակվեց հայամետ սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից՝ տեղի հայ համայնքի ջանքերով: Հայաստանյան և ամերիկյան լրատվամիջոցները բազմիցս կարծիք են հայտնել, որ Էվանսի հետկանչի պատճառը Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ճանաչելն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG