Մատչելիության հղումներ

«Ադրբեջանցու դին վերադարձնելու հարցին կանդրադառնանք, երբ կգա ժամանակը»


Աժ պատգամավոր Արտակ Զաքարյանը, արխիվ:

Աժ պատգամավոր Արտակ Զաքարյանը, արխիվ:

Հայաստանի իշխանությունները, անդրադառնալով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի կոչին, դեռևս հստակ պատասխան չեն տալիս, թե ինչու է ադրբեջանցի զինծառայողի դին շարունակում մնալ հայկական կողմի մոտ։

Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն «Ազատությանը» փոխանցեց, որ այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններ կտան, երբ «կգա ժամանակը»։

Պատգամավորը «ոչ-հավասարակշիռ» որակեց Յագլանդի հայտարարությունը․ - «Բնականաբար, խիստ ցանկալի և օգտակար կլիներ, որ կոչերը կոնկրետ ուղղված լինեին այն հասցեով, որ հասցեով, որ պետք է դրանք իրականում ուղղված լինեին: Այսինքն՝ Ադրբեջանին: Ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շատ լավ գիտի նաև, թե ով է իրականում ակտիվ խոչընդոտում խաղաղ կարգավորման գործընթացը և իրականացնում դիվերսիաներ»:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, միանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին, երեկ Հայաստանի իշխանություններին հորդորել էր Ադրբեջանին վերադարձնել զինծառայող Չինգիզ Սալման օղլու Ղուրբանովի մարմինը։

Ադրբեջանցի զինծառայողը, ըստ Հայասատնի պաշտպանության նախարարության, Հայաստանում էր հայտնվել դեկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմի դիվերսիոն փորձի հետևանքով։ Տավուշի մարզի Չինարի գյուղի դիրքերի ուղղությամբ կատարված դիվերսիոն փորձի հետեւանքով հայկական կողմը երեք զոհ ունեցավ, իսկ ադրբեջանական զինուժը, ըստ Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, այդ և դրան հաջորդ օրվա գործողությունների հետևանքով կորցրեց առնվազն 10 զինծառայող։ Յագլանդը, առանց անդարդառնալու, թե ում մեղքով է ադրբեջանցի զինծռայողը հատել սահմանը, տարածած հայտարարությունում գրել է․ - «Եվրոպայի խորհուրդն ուղղակիորեն չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններին, բայց միշտ աջակցում է Մինսկի խմբին։ Մենք անհանգստացած ենք հակամարտության հումանիտար ասպեկտով։ Ես գիտեմ, որ հրադադարի խախտումը դեկտեմբերի 29-ին բերեց մարդկային կորուստների։ Ինչպես նաև այն, որ հայկական զինուժը դեռ իր մոտ է պահում մարտական գործողությունների հետեւանքով զոհված ադրբեջանցի զինծառայողին»։

Արտակ Զաքարյանը, մինչդեռ, ի պատասխան Յագլանդի հայտարարության, ընդգծում է, թե լավ կլիներ, որ միջազգային հանրությունը հստակ գնահատականներ տար ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինծառայողների իրականացրած բռնություններին:

Ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձնելու հարցով արդեն երկու շաբաթից ավելի զբաղվող Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտարարում է, որ շարունակում է բանակցությունները կողմերի հետ:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանն «Ազատությանը» փոխանցեց, որ պատրաստ են որպես միջնորդ ներգրավել մարմնի հանձնման գործընթացում․ - «Կարմիր Խաչը միջազգային կոմիտեն շարունակում է իր երկխոսությունը երկու կողմերի իշխանությունների հետ։ Տեղյակ ենք, որ հայկական կողմը հետաքննություն է վարում միջադեպի առնչությամբ, և գտնում ենք, որ որքան հնարավոր է շուտ մարմինը պետք է հանձնել ընտանիքին՝ զուտ մարդասիրական հիմնավորումով։ Մենք պատրաստ ենք, որպես չեզոք միջնորդ, համաձայնության դեպքում, ներգրավվել և աջակցել մարմնի հայրենադարձման գործընթացին»։

Ղարաբաղյան հակամարտության ԵԱՀԿ միջնորդական առաքելության համանախագահները օրեր առաջ կողմերին կոչ էին արել անհապաղ վերադարձնել աճյունները` հիշեցնելով «խնդրի բացառապես հումանիտար բնույթը»:

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատությանն» այսօր փոխանցեց՝ քանի որ դեպքի առնչությամբ քրեական գործ կա հարուցված, գործի վերաբերյալ, այդ թվում և հայկական կողմում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մարմնի վերադարձման հետ կապված իրենք մեկնաբանություն տալ չեն կարող։

Դիվերսիոն փորձի առնչությանբ Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ինչպես նաև սպանության հոդվածներով։ Քննչական կոմիտեն գործն ուղարկել է Գլխավոր դատախազություն, որտեղից էլ այն փոխանցվել Ազգային անվտանգության ծառայություն։ Ծառայության խոսնակ Սամսոն Գալստյանն ասաց, թե դեռևս մեկնաբանություններ տալ չեն կարող։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից մեկ օր անց ելույթ ունեցավ Ադրբեջանի նախագահը՝ հայտարարելով․ - «Մենք ցանկացած ժամանակ ունակ ենք լուծել խնդիրը ռազմական ճանապարհով»:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով, Ալիևն այս հայտարարությամբ արհամարհում է միջազգային հանրությանը․ - «Այդ հայտարարության մեջ [Մինսկի խմբի համանախագահների] մի էական բան կար, որ նորից պնդել են, որ պետք է ուշադրություն դարձնել կայունությունը ապահովելու, մասնավորապես, այդ մեխանիզմները, որոնց մասին շատ է խոսվում, տեղադրել շփման գծում: Սա, բնական է, անընդունելի է Ադրբեջանի համար»:

XS
SM
MD
LG