Մատչելիության հղումներ

Ծառուկյանի վերադարձի շուրջ դեռևս անորոշություն է տիրում


Գագիկ Ծառուկյան, արխիվ
Գագիկ Ծառուկյան, արխիվ

ԲՀԿ նախկին առաջնորդի խոսնակը չի պարզաբանում, թե ինչու է ուշանում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը:

«Ազատության» հետ զրույցում Իվետա Տոնոյանը նշեց, թե այդ հարցի վերաբերյալ տեղեկությունների չի տիրապետում: Անցած տարեվերջին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյանը կմասնակցի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ավելին՝ հանդես կգա որպես ընդդիմադիր:

Զոհրաբյանը նաև ասել էր, թե ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին Ծառուկյանն ինքը կհայատարարի: Անցած դեկտեմբերի սկզբին իր տան մոտ հավաքված քաղաքացիներին ԲՀԿ նախկին առաջնորդն անձամբ վստահեցրեց՝ մի քանի օրից կհայտարարի, թե ինչ կերպ է մասնակցելու քաղաքական գործընթացներին: «Ես ասում եմ՝ մոտ օրերս իմ հայտարարությունը բոլորդ կլսեք, կտեսնեք: Իմ մասնակցությունը լինելու է թե ի՛նչ մասշտաբի, ի՛նչ կարգավիճակով, մոտ օրերս ես ձեղ կհայտարարեմ, և դուք դա կլսեք, ձեր ցավը տանեմ․․․»,- ասել էր Ծառուկյանը:

Սակայն, այդ հայտարարությունն այդպես էլ չհնչեց, Ծառուկյանի խոսնակի խոսքով, «զբաղվածության պատճառով»: «Ինչպես գիտեք, Գագիկ Ծառուկյանը տարեվերջին ասաց, որ առաջիկայում հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Տարեվերջի ժամանակահատվածը խիստ ծանրաբեռնված էր, տարին օլիմպիական էր, բազմաթիվ միջոցառումներ, ծրագրեր կային, որոնք պետք է մինչև տարեվերջ իրականացվեին: Ինչպես Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, նա, բնականաբար, առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ»,- ասաց Իվետա Տոնոյանը։

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք պարոն Ծառուկյանն իր մասնակցության վերաբերյալ դեռևս հստակ, վերջնական որոշում չի կայացրել, Տոնոյանն արձագանքեց՝ «Ես ի պաշտոնե որպես հիմք կարող եմ ընդունել միայն Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, որով նա հանդես կգա»: Ծառուկյանի խոսնակը նաև հավելեց, թե այս պահին չի կարող հստակ օր կամ ժամկետ մատնանշել, սակայն կարծում է, որ «այդ հայտարարությունը չի ուշանա»:

«Բարգավաճ Հայաստան»-ում նույնպես հստակ չգիտեն՝ ե՞րբ կլինի իրենց նախկին ղեկավարի հայտարարությունը, և արդյո՞ք առաջիկա խորհրդարանական ընտրություններրից առաջ նա կրկին կգլխավորի կուսակցությունը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը կլինի «ոչ շուտ, ոչ էլ ուշ»:

Նշենք, որ ըննդիմադիր ուժերը դեռևս չեն հստակեցրել, թե ինչպես են մասնակցելու ապրիլի 2-ին կանայալիք խորհրդարանական ընտրություններին: «Հայ ազգային կոնգրես»-ում դեռ չեն բացահայտում՝ դաշինքո՞վ կգնան ընտրությունների, թե առանձին: Հայաստանի առաջին նախագահ՝ ՀԱԿ կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն «Ազատությանն» ընդամենը փոխանցեց, որ այդ խնդրի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են: «Մենք այժմ աշխատանքային փուլում ենք, հստակեցումները շարունակվում են, երբ դրանք վերջնական տեսք կստանան, մենք անպայման տեղյակ կպահենք հասարակությանը»,- ասաց Մուսինյանը:

Իսկ ըննդիմադիր «ժառանագությունում» էլ ներկուսակացական հակասություններ կան: Զարուհի Փոստանջյանը դեմ է, որ կուսակցությունը դաշինքով հանդես գա, մասնավորապես, գործակցելով նախկին նախարարներ Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի հետ: Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մինչդեռ, դաշինք կազմելու կողմնակից է: «Ժառանգությունում» այժմ սպասում են ԱՄՆ-ից Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձին՝ հարցին վերջնական լուծում տալու համար:

Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյան - Սեյրան Օհանյան համագործակացությանը, ապա բանակցություններն այս ձևաչափի շրջանակում շարունակվում են և, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ այս հարցում արդեն հստակություն կլինի: Ի դեպ, մամուլում հրապարակումներ կան այն մասին, թե նախկին նախարարների հնարավոր դաշինքում ընդգրկվելու շուրջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ-ի նախագահ Ստեփան Դեմիրճյանն այժմ բանակցություններ է վարում: Վերջինս, սակայն, «Ազատության» հետ զրույցում դա ապատեղեկատվություն որակեց, հավելելով, որ ավելի ուշ կխոսի խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության ձևի մասին: Ամեն դեպքում, Ստեփան Դեմիրճյանը շեշտեց, որ առաջին հերթին այդ հարցի շուրջ քննարկումներ կունենա «Հայ ազգային կոնգրես»-ի հետ:

Քաղաքական ուժերն ու դաշինքները փետրվարի 6-ից 16-ը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն ընտրական ցուցակները, մասնավորապես, նշելով, թե ինչ թիմով են մասնակցելու ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG