Մատչելիության հղումներ

Էնֆիաջյան. Ծառուկյանի որոշումը կլինի ո՛չ ուշ, ո՛չ շուտ՝ ճիշտ ժամանակին


Վահե Էնֆիաջյան, արխիվ

Վահե Էնֆիաջյան, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցով «իմաստուն որոշում կկայացնի»։

ԲՀԿ խմբակցության քարտուղարը վստահեցնում է՝ Ծառուկյանի որոշումը կլինի ո՛չ ուշ, ո՛չ շուտ՝ ճիշտ ժամանակին։

«Ազատություն». - Պարոն Էնֆիաջյան, դեռևս անցած տարեվերջին ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, և որ նա հանդես է գալու որպես ընդդիմադիր, բայց թե ինչ ֆորմատով՝ նա անձամբ կհայտարարի այդ մասին։ Ինչո՞ւ է ուշանում այդ հայտարարությունը, ի վերջո, ի՞նչ է որոշվել, ի՞նչ ֆորմատով է Ծառուկյանը մասնակցելու ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին։

Էնֆիաջյան. - Ես, ըստ էության, շատ լավ գիտակցում եմ, որ հասարակության մեջ և քաղաքական դաշտում հատկապես շատ մեծ արձագանք է ստացել այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանը կրկին կարող է վերադառնալ ակտիվ քաղաքականություն, և առհասարակ շատերի համար իրենց կողմից նախանշված ծրագրերն, ըստ էության, կխախտվեն իր վերադառնալու պարագայում: Ես կարծում եմ, որ քաղաքականության մեջ և առհասարակ կյանքում, ամեն ինչ նաև լինում է ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում, այդ հարցի հետ կապված էլ անձամբ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն էլ, անձամբ ես էլ, մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներն էլ մի քանի անգամ հայտարարել ենք, և ես ինքս էլ եմ հայտարարում մեկ անգամ ևս, որ որևիցե հարցում Գագիկ Ծառուկյանը կաշկանդված չէ և անձամբ նա կհայտարարի իր դիրքորոշման վերաբերյալ։

«Ազատություն». - Բայց նա արդեն որոշում կայացրե՞լ է, մասնակցելո՞ւ է ընտրություններին, և հիմա ձևաչափի հա՞րցն է քննարկվում։

Էնֆիաջյան. - Ես չեմ կարող իր փոխարեն որևիցե հայտարարություն անել կամ վերլուծել, թե նա ինչ որոշում է կայացրել, բայց վստահ եմ, որ նա հրապարակավ հանդես կգա հայտարարությամբ։

«Ազատություն». - Դուք կոչով դիմել էիք Գագիկ Ծառուկյանին, նա արձագանքե՞լ է ձեր այդ կոչին, թե՞՝ ոչ՝ վերադառնալ քաղաքականություն։

Էնֆիաջյան. - Այո, նա մեր կոչին արձագանքել է, կոչը հանձնելուց հետո մենք մեր թիմի քաղաքական խորհրդի ներկայացուցիչներով հանդիպում ենք ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ և քննարկել ենք առհասարակ ստեղծված իրավիճակը երկրում, ներքաղաքական հնարավոր զարգացումները, տարածաշրջանի հետ կապված մի շարք հիմնախնդիրներ, և Գագիկ Ծառուկյանն անձամբ շատ լավ տեղյակ է երկրի թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ քաղաքական իրավիճակի հետ կապված, և նա, վստահ եմ, շատ իմաստուն որոշում է կայացնելու։

«Ազատություն». - Մոտավորապես ե՞րբ կլինի այդ որոշումը, Ձեր կարծիքով, ի վերջո, արդեն փետրվարին պետք է անհրաժեշտ ցուցակներն ու փաստաթղթերը ներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Էնֆիաջյան. - Ես կարող եմ մի բան վստահեցնել, որ՝ ո՛չ ուշ, ո՛չ շուտ՝ ճիշտ ժամանակին։

«Ազատություն». - Եվ Դուք կարծում եք, որ Ծառուկյանը կրկին կղեկավարի՞ ԲՀԿ-ն, պարոն Էնֆիաջյան։

Էնֆիաջյան. - Ժամանակն ամեն ինչ ցույց կտա։

XS
SM
MD
LG