Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազ․ Պողոսյանի իրավունքն է՝ հացադուլով ուշադրության արժանանալ


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ

Ներսես Պողոսյանի փաստաբանն անմարդկային է որակում դատախազության նման արձագանքը, նաև համարելով, որ դա արդեն համակարգային խնդիր է:

Ներսես Պողոսյանի իրավունքն է՝ հացադուլ անելով ուշադրության արժանանալ: Պողոսյանի բողոքի ծայրահեղ ակցիայի 28-րդ օրը վերջինիս այդ քայլին «Ազատության» հետ զրույցում այսպես արձագանքեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Երեկ մարտական դիրքեր այցելած Դավթյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ էության, ակնարկեց, որ դատախազությունը չի վերանայելու Պողոսյանի խափանման միջոցը:

«Դատախազությունը, բնականաբար, ցանկացած խափանման միջոցը կալանք ընտրված անձի հիմնավորումներին անդրադառնում է պարբերաբար: Այդ թվում՝ նաև Ներսես Պողոսյանի գործով: Եվ, բնականաբար, իր իրավունքն է՝ ուշադրության արժանանալ այս առումով: Բայց քրեական գործով ձեռք բերված հիմքերի բավարարությունը մշտապես դատախազության ուշադրության կենտրոնում է»,- ասաց գլխավոր դատախազը:

Ներսես Պողոսյանը հենց դատախազին ու քննչական մարմնին էր ներկայացրել իրեն ազատ արձակելու պահանջը, քանի որ արդեն մերժվել էր դատական երկու ատյաններում, իսկ վճռաբեկ դատարանը կընդունի դիմումը թե ոչ՝ այդ հարցը պարզելու համար ամիսներ կպահանջվեն: Փաստաբան Արայիկ Պապիկյանին չի զարմացրել Գլխավոր դատախազի այս պատասխանը:

«Եթե դատախազությունը պատշաճ ուսումնասիրեր Ներսես Պողոսյանի հատկապես վերջին խափանման միջոցի երկարացման՝ քննիչի կողմից ներկայացված նյութերը, միանշանակ կգար էն համոզմունքին, որ Ներսես Պողոսյանն ապօրինի կալանքի տակ է: Իսկ, ընդհանուր առմամբ, իրենց պատասխանից կարծում եմ դատախազությունը, ցավոք սրտի, որևէ կերպ չի արձագանքելու ոչ միայն իրավական առումով, այլ նաև մարդասիրական»,- «Ազատությանն» ասաց Արայիկ Պապիկյանը:

Ավելի քան յոթ ամիս անազատության մեջ գտնվող Ներսես Պողոսյանի խնամքին երեք անչափահաս զավակներն ու վատառողջ մայրն են: «Ես հավատում եմ, որ կայանալու է իրական արդարադատությունը»,- երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տարածած հայտարարությամբ ասել է նա՝ տեղեկացնելով, որ մտադիր չէ դադարեցնել հացադուլը:

Փաստաբանը մեկնաբանում է դատախազի այն խոսքերը, թե դա Ներսեսի իրավունքն է: «Շատ ցավալի է, որ նման վերաբերմունքի է արժանանում անձը: Դա կլինի Ներսես Պողոսյանը կամ այլ անձ: Ցավոք սրտի, էսօր համակարգն է այդպիսին, որևէ այլ բան դատախազությունից չէինք էլ կարող սպասել: Եթե դա նորմալ են համարում իրենք, որ մարդն իր իրավունքն իրականացնում է ծայրահեղ քայլի միջոցով, ապա իշխանությունները լրջագույն մտածելու տեղ ունեն»,- բխեցնում է փաստաբանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հավելում է՝ մինչ հացադուլ անելու իրավունքը վկայակոչելը, Գլխավոր դատախազը պետք է դրա պատճառների մասին խոսեր, քանի որ նրա ուղղակի պարտականությունն է՝ պարզել, թե ինչու է Ներսես Պողոսյանը դիմել բողոքի ծայրահեղ քայլին:

«Նա կարող էր նախաքննության մարմնից պահանջել գործը և նոր եզրակացություն տար: Դա ավելի շատ խոսում է այն մասին, որ ինքն ունի կանխակալ վերաբերմունք այն իմաստով, որ առանց խորանալու պատճառների մեջ, եզրակացություն է անում: Կամ գուցե խորացել է և լռության է մատնում: Որովհետև խոսքը վերաբերում է քաղաքական հարցին և անձին՝ Ժիրայր Սեֆիլյանին, որի նկատմամբ նույնպես ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում են իրականացնում»,- ասաց իրավապաշտպանը:

Ներսես Պողոսյանը կալանավորվել է Ժիրայր Սեֆիլյանի գործի շրջանակներում, կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու, պահելու մեղադրանքով: Սակայն, նա Սեֆիլյանի գլխավորած «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ չէ և պնդում է, որ անձամբ չի էլ ճանաչում ընդդիմադիր գործչին, ընդամենը մասնակցել է «Էլեկտրիկ Երևան»-ի ցույցերին:

«Պողոսյանի պահանջներն ամբողջությամբ հիմնավոր են, որովհետև քրեկան գործը կասկածելի է՝ իբր Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցել է, և գլխավոր դատախազը, որպես նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավար, պարտավոր է այդ հարցին առանձին ուշադրություն դարձնել»,- նշում է Սաքունցը:

Քրեական այս գործով նախաքննությունն ավարտված է, դատական նիստերն, ամենայն հավանականությամբ, կմեկնարկեն գարնանը: Մինչ այդ, Ներսես Պողոսյանը սպառնում է կոշտացնել պայքարը՝ անցնելով նաև ջրադուլի: Երեկ նրան տեսակցած փաստաբանի փոխանցմամբ, 37-ամյա Ներսեսը հյուծված է, թույլ, դժվարությամբ է տեղաշարժվում:

XS
SM
MD
LG