Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կրճատում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում


Ռուսական «Ծովակալ Կուզնեցով» ավիակիրը Միջերկրական ծովում՝ Սիրիայի առափնյա ջրերում, 4-ը հունվարի, 2017թ․

Ռուսական «Ծովակալ Կուզնեցով» ավիակիրը Միջերկրական ծովում՝ Սիրիայի առափնյա ջրերում, 4-ը հունվարի, 2017թ․

Ռուսաստանը սկսել է դուրս բերել ռազմական որոշ միավորներ Սիրիայից: «Կատարելով Զինված ուժերի գերագույն հրամանատարի հրամանը, պաշտպանության նախարարությունը սկսել է կրճատել Սիրիայում տեղակայված ստորաբաժանումները», - այսօր առավոտյան ռուսաստանյան լրատվամիջոցներին փոխանցել է Ռուսաստանի պաշտպանության առաջին փոխնախարար, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:

Նա ասել է, որ առաջինը Ռուսաստան կվերադառնան Միջերկրականում Սիրիայի առափնյա ջրերում դիրքավորված «Ծովակալ Կուզնեցով» ավիակիրը, «Պետրոս Մեծ» հածանավը և Հյուսիսային նավատորմի խմբավորման մնացած նավերը:

«Շնորհակալություն եմ հայտնում ավիակիր խմբավորմանը մարտական խնդիրները հաջողությամբ կատարելու համար և հրամայում եմ արշավի հրամանատար փոխծովակալ Վիկտոր Սոկոլովին՝ այսօրվանից սկսել խմբավորման կրճատումը և նախապես հաստատված ծրագրի համաձայն վերադառնալ տեղակայման հիմնական հենակետ Սևերոմորսկ», - ասել է Գերասիմովը:

«Ծովակալ Կուզնեցով» և «Պետրոս Մեծ» նավերն արդեն տասն օրից կհասնեն Ռուսաստան:

Ռուսների աջակցության մասին գովեստով է խոսել Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ալի Այուբը: «Սիրիայում մարտական գործողություններն ավարտվել են, հակամարտության քաղաքական կարգավորման համար պայմաններ են ստեղծվել մեր հաղթանակի շնորհիվ, որն անհնարին կլիներ առանց Ռուսաստանի օգնության», - Գերասիմովի հետ հեռուստակապի ընթացքում ասել է Այուբը:

Վլադիմիր Պուտինն անցյալ տարվա դեկտեմբերին ասել է, որ Ռուսաստանը կրճատելու է իր ռազմական ներկայությունը Սիրիայում, երբ կսկսի գործել Մոսկվայի և Անկարայի համաձայնությամբ ձեռք բերված հրադադարը:

Անցյալ տարվա մարտին էլ Ռուսաստանի նախագահն ասել էր, որ օդանավերի մի մասը դուրս է բերվելու: Սիրիայում մարտական գործողությունների մասնակցող օդանավերի մոտ կեսն այն ժամանակ վերադարձավ ռուսաստանյան ավիաբազաներ:

Ռուսաստանը 2015 թվականի սեպտեմբերից է մասնակցել Սիրիայի պատերազմին՝ նպատակ ունենալով օդային գրոհներով օժանդակել նախագահ Բաշար ալ-Ասադի բանակին, որի դեմ կատաղի պայքար են մղել տարատեսակ ընդդիմադիր զինված խմբավորումներ:

Սիրիայում 2011 թվականի գարնանը սկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 250 հազար մարդ, նախապատերազմական դրությամբ երկրում ապրող 23 միլիոն բնակիչների գրեթե կեսը՝ 11 միլիոնը, տարհանվել է, հարյուր հազարավոր մարդիկ ապաստան են գտել հարևան երկրներում, մոտ 20 հազար սիրիահայ տեղափոխվել է Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG