Մատչելիության հղումներ

Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել սիրիական խնդրի կարգավորման շուրջ


Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը Մոսկվայում, 20-ը դեկտեմբերի, 2016 թ․

Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը Մոսկվայում, 20-ը դեկտեմբերի, 2016 թ․

Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայի ողջ տարածքում զինադադարի հաստատման ճանապարհային քարտեզի շուրջ։ «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Հալեպ քաղաքի կենտրոնական հատվածի արևելյան մասում զինադադարի հաստատումից և բնակչության տարհանումից հետո կողմերը նպատակադրվել են զինադադարի ռեժիմը տարածել ողջ երկրում՝ ներառյալ կառավարական և ընդդիմադիր ուժերի բախման շրջանները։

Այս ճանապարհային քարտեզը ներկայացվելու է հակամարտող կողմերին։ Անկարան և Մոսկվան ջանքեր են գործադրելու, որպեսզի զինադադարն ուժի մեջ մտնի այսօր կեսգիշերին։ Նշվում է, որ համաձայնությունը չի վերաբերում ահաբեկչական խմբավորումներին։

Եթե հաջողվի պահպանել զինադադարը, ապա սիրիական կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները Թուրքիայի և Ռուսաստանի միջնորդությամբ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում բանակցային սեղանի շուրջ կնստեն։ Թուրքիան և Ռուսաստանը պատրաստակամություն են հայտնել՝ հանդես գալու որպես հակամարտության կարգավորման երաշխավորներ՝ Սիրիայի հարցով քաղաքական անցումային գործընթացի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի № 2254 բանաձևի շրջանականերում։

Պաշտոնական Անկարան և Մոսկվան արդեն մեկնաբանել են այս համաձայնության մասին թուրքական «Անադոլու» գործակալության տարածած տեղեկությունը։ «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Ռուսաստանի հետ համաձայնության են եկել Սիրիայում զինադադարի հաստատման և քաղաքական կարգավորման հասնելու հարցում, և որ ամենակարճ ժամանակում այդ համաձայնությունը կյանքի է կոչվելու։

Նա նշել է, որ նպատակը Սիրիայում տևական զինադադարի և անցումային փուլի ապահովումն է։ Թուրք նախարարը նաև հավելել է՝ Թուրքիան չի փոխել իր դիրքորոշումը Սիրիայի հարցում և համոզված է, որ քաղաքական լուծումը լավագույն տարբերակն է։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մինչդեռ, միայն նշել է, թե Աստանայում ծրագրվող հանդիպաման մանրամասները քննարկելու նպատակով թուրք գործընկերների հետ մշտական կապի մեջ է գտնվում։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ևս այսօր խոսել է Աստանայում նախատեսվող բանակցային գործընթացի մասին։ «Ցավոք, Ժնևյան բանակցություններն անարդյունք անցան և դրա արդյունքում՝ նախագահ Պուտինից Աստանայի գագաթնաժողովի առաջարկ ստացանք»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ հարցը քննարկվում է արտգործնախարարների մակարդակով։

Անցած շաբաթ Մոսկվայում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները Սիրիայի հարցով համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել՝ հայտնելով պաշտոնական Դամասկոսի և ընդդիմության միջև բանակցությունների երաշխավորի դերը ստանձնելու պատրաստակամության մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG