Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Ժիրայր Սեֆիլյանը


Երևան, Լեփսիուսի փողոց, 20-ը հունիսի, 2016թ․

Երևան, Լեփսիուսի փողոց, 20-ը հունիսի, 2016թ․

Քննչական և օպերատիվ-հետախուզական «մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է», որ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ «ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ»:

Մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու կասկածանքով այսօր ձերբակալվել է «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշված է՝ «2016 թ. մայիսի 20-ին Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղևորն ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու և փոխադրելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վարորդի, ուղևորի ինքնությունը, ինքնաձիգների շրջանառության հանգամանքները:

Մասնավորապես՝ քրեական գործի շրջանակներում համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ընդ որում, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում:

2016թ. մայիսի 20-ին տեղի ունեցած վերը նկարագրված ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում էլ հայտնաբերվել են Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը: Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար, ութ անձի առաջադրվել է մեղադրանք, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Առաջադրված մեղադրանքները հիմնավորվել են ինչպես գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցնելով, այնպես էլ՝ խմբի անդամների խոստովանական ցուցմունքներով: Մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով 2016թ. հունիսի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է»:

XS
SM
MD
LG