Մատչելիության հղումներ

Թրամփ. Ռուսական հաքերային հարձակման մասին հաղորդումները դժվար ապացուցելի են


ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանիա Թրամփի հետ, Փալմ Բիչ, Ֆլորիդա, 31-ը դեկտեմբերի, 2016թ.

Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է մնալ այն կարծիքին, որ ամերիկյան ընտրական գործընթացների վրա ազդելու նպատակով ռուսական հաքերային հարձակման մասին հաղորդումները դժվար ապացուցելի են։

Նոր տարվա նախօրեին Դոնալդ Թրամփը իր կնոջ՝ Մելանիա Թրամփի հետ Ֆլորիդայի Փալմ Բիչ հանգստավայրում մոտեցավ թղթակիցներին։ Լրագրողներից մեկը հարցրեց, թե արդյոք ընտրյալ նախագահը անտեսում է ամերիկյան հետախուզական ծառայությունների այն վերլուծությունը, որ հաքերային հարձակումը Ռուսաստանն է իրականացրել։

«Ես ուղղակի ուզում եմ վստահ լինել, քանի որ այս մեղադրանքները շատ լուրջ են, և ես ուզում եմ վստահ լինել։ Հիշո՞ւմ եք զանգվածային բնաջնջման զենքի մասին հաղորդումները՝ դրանք սխալ էին, ուստի ես ուզում եմ վստահ լինել», - պատասխանեց ԱՄՆ ընտրյալ նախագահը՝ նկատի ունենալով Իրաքի դեմ պատերազմից առաջ ամերիկյան հետախուզական ծառայությունների վերլուծության արդյունքներն այն մասին, որ Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը զանգվածային բնաջնջման զենքեր է պատրաստում, ինչը, հետո պարզվեց, չէր համապատասխանում իրականությանը։

«Հաքերային հարձակումը շատ դժվար է ապացուցել։ Հնարավոր է, որ դա ուրիշ մարդիկ են արել։ Ես գիտեմ բաներ, որ ուրիշները չգիտեն», - ասաց Թրամփը՝ խոստանալով այդ մասին հայտնել հանրությանը երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը։

«Ամեն ինչ շատ լավ կհանգուցալուծվի։ Հուսով եմ՝ մենք շատ լավ հարաբերություններ կունենանք շատ երկրների հետ, այդ թվում նաև՝ Ռուսաստանի և Չինաստանի», - հայտարարեց Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահը։

Երկուշաբթի օրը հրապարակվեցին ռուսական հաքերային հարձակման վերաբերյալ վարկածի նոր տեղեկություններ, որոնք ցույց են տվել, որ հարձակումը տեղի է ունեցել ռուսական կիրիլյան այբուբեն ունեցող համակարգիչներից։ Սակայն կան նաև մասնագետներ, որոնք համաձայն են ԱՄՆ ընտրյալ նախագահի հետ, որ շատ դժվար է միանշանակ պնդել, թե որ երկիրն է հաքերային հարձակման հեղինակը։

Ռուսաստանի կողմից հաքերային հարձակումները նորություն չեն։ Նորություն չէ նաև այն, որ Միացյալ Նահանգների դեմ հաքերային հարձակումներ է գործում Չինաստանը ևս։

Թրամփի կողմնակիցներն այժմ հարցնում են, թե ինչո՞ւ Բարաք Օբաման որոշեց հենց հիմա պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, երբ իր նախագահության ժամկետի ավարտին ընդամենը հաշվված օրեր են մնացել։ Այս ամենը արված է Թրամփի գործը դժվարացնելու համար, ասում են նրանք։

Նորընտիր նախագահի խոսնակ Շոն Սփայսերը քննադատում է Օբամայի վարչակազմի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված վերջին պատժամիջոցները՝ ասելով, թե դրանք ավելի շատ քաղաքական հաշվեհարդար էին, քան՝ դիվանագիտություն։

«Ինչո՞ւ Օբաման որևէ կերպ չարձագանքեց 2015 թվականին Չինաստանի կողմից ձեռնարկված զանգվածային հաքերային հարձակմանը, որի ընթացքում միլիոնավոր ամերիկացիների անձնական տվյալներ անցան չինացիների ձեռքը, այդ թվում նաև՝ ամերիկյան կառավարության աշխատողների տվյալները։ Նույնիսկ չհրապարակվեց հայտարարություն այդ հարձակման դեմ բողոքելու մասին», - ասում է Սփայսերը։

Դոնալդ Թրամփը շուտով կհանդիպի ամերիկյան հետախուզական ծառայությունների ղեկավարներին, որոնք կներկայացնեն նորընտիր նախագահին իրենց հետազոտությունների արդյունքները։

Թրամփի կողմնակիցները նկատում են, որ Օբաման իր այս պատժամիջոցներով փորձում է սեպ խրել ընտրյալ նախագահի և հանրապետական օրենսդիրների միջև։ Բանն այն է, որ ԱՄՆ Կոնգրեսում ոչ միայն դեմոկրատներն են խոսում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ուժեղացնելու մասին, այլ նաև՝ հանրապետականները։

Հանրապետական սենատոր Ջոն ՄըքՔեյնի կարծիքով՝ հաքերային հարձակումը Ռուսաստանի կողմից պատերազմական գործողություն է Միացյալ Նահանգների դեմ։ Սենատորներ ՄըքՔեյնը և Լինդսի Գրեհեմը պատրաստվում են Կոնգրեսում ներկայացնել նոր, ավելի խիստ պատժամիջոցներ։

«Ռուսաստանը մեր բարեկամը չէ», - ասում է Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ ՄըքՔոնելը, որը քննադատեց Օբամայի վարչակազմին հաքերային միջամտություններին ուշ արձագանքելու համար։

Թրամփի խորհրդական Քելյան Քոնուեյն ասում է, թե ընտրյալ նախագահը հաքերային հարձակման մասին հանրությանը տեղյակ կպահի կա՛մ Թվիթերով, կա՛մ Ֆեյսբուքով, կա՛մ մեկ այլ եղանակով։ Թրամփի խորհրդականը նկատում է, որ հետախուզությունը չպետք է միջամտի քաղաքականությանը, բայց «նաև մենք չենք կարծում, որ քաղաքականությունը պետք է միջամտի մեր հետախուզությանը», ընդգծում է նա։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ի՞նչ ցանկություն է մտապահել Դոնալդ Թրամփը 2017 թվականի համար, ԱՄՆ ընտրյալ նախագահը հայտարարեց. - «Ամերիկան կրկին դարձնել մեծ երկիր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG