Մատչելիության հղումներ

Մոսկվան այդ պատժամիջոցին չի պատասխանում:

Ամերիկայի Միացյալ Նահանգները երեկ ընդունել է ամերիկյան նախագահական ընտրություններին հաքերային գրոհներով միջամտելու համար Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշում:

Ռուսաստանցի 35 դիվանագետներ և նրանց ընտանիքների անդամները պարտավորված են 72 ժամում լքել Ամերիկայի տարածքը: Ռուսաստանցի դիվանագետներին պատկանող երկու հանգստյան համալիրներ՝ Մերիլենդում և Նյու Յորքում, Սպիտակ տան պահանջով փակվում են, քանի որ, ըստ ամերիկացիների, արտաքսվող 35 ռուսաստանցիներն այնտեղ ոչ այնքան իրենց հանգիստն են վայելել, որքան զբաղվել են լրտեսական գործունեությամբ:

Ռուսաստանի ռազմական հետախությությանն՝ ГРУ-ի, ինչպես նաև Անվտանգության դաշնային ծառայության՝ ФСБ-ի 9-ը բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ սահմանվում են ֆինանսական պատժամիջոցներ և վիզաների արգելք:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, հայտնել է, որ ГРУ-ի 4 պաշտոնյաներ անմիջական առնչություն ունեն ամերիկյան հաստատությունների՝ այդ թվում կուսակցությունների կայքեջէրի վրա կատարված հաքերային հարձակումների հետ:

Պատժամիջոցների են ենթարկվում երեք ընկերություններ, որոնք նյութապես աջակցել են հաքերային գրոհներ կազմակերպող ГРУ-ի մասնագետներին (ЦОР Security, «Профессиональное объединение конструкторов систем информатики», «Специальный технологический центр»):

Ամերիկայի Կենտրոնական հետախուզական վարչության, Հետաքննությունների դաշնային գործակալության և անվտանգության այլ կառույցների փորձագետները հանգել են այն եզրակացության, որ ռուսաստանցի ցանցահենները Ռուսատանի ամենաբարձր մակարդակի ղեկավարության արտոնությամբ և հրահանգով են կոտրել դեմոկրատական կուսակցության և քաղաքական գործիչների սերվերները:

Դեկտեմբերի 9-ին The Washington Post պարբերականը հաղորդել էր, որ ըստ Կենտրոնական հետախուզական վարչության մասնագետների, ռուսասանցի հաքերների հարձակումների նպատակը դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնին վարկաբեկելն էր և այդպիսով հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակին նպաստելը:

Անձամբ Թրամփը, ով նախընտրական արշավի ընթացքում գովեստով է խոսել Վլադիմիր Պուտինի մասին և ասել է, թե ցանկանում է բարելավել կապերը Ռուսաստանի հետ, մի քանի առիթներով պնդել է, որ չի վստահում ռուսական հաքերային գրոհների մասին տարածված տեղեկություններին:

«Կարծում եմ, պետք է առաջ գնանք, կենտրոնանք ավելի հիմնարար հարցերի վրա: Այո, համակարգիչներն ահագին բարդացրել են մեր կյանքը, ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում, այո, դրանք արագ են աշխատում, շատ բան են տալիս, բայց չգիտեմ՝ արդյո՞ք ունենք անվտանգության պատշաճ մակարդակ», - ասել է Թրամփը:

Սակայն երեկ Ֆլորիդայում նրա խոսքում նկատվել են նոր երանգներ. Թրամփը, թերևս, առաջին անգամ խոստովանել է, որ պետք է առավել ուշադիր լինի այս թեմայի վերաբերյալ՝ ասելով, որ հաջորդ շաբաթվա ընթացքում հանդիպելու է անվտանգության համակարգի պաշտոնյաների հետ և քննարկելու է կիբերգրոհների հարցերը:

Ռուսաստանը դեռ նախօրեին հայտնել է, որ անպատասխան չի թողնի ամերիկացիների գործողությունները: Այսօր արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատել է Սպիտակ տան դիրքորոշումը:

«Բարաք Օբամայի հեռացող վարչակարգը Ռուսաստանին է մեղադրում բոլոր մահացու մեղքերի մեջ, փորձում է նաև մեզ մեղադրել արտաքին ասպարեզում իր նախաձեռնությունների ձախողման համար: Առանց հիմնավորումներ ներկայացնելու՝ հիմա էլ մեզ մեղադրում է իրենց նախընտրական արշավին իբր միջամտելու և դեմոկրատական կուսակցության թեկնածուի պարտությանը նպաստելու մեջ» ,- ասել է Լավրովը:

Նա հավաստիացրել է, որ Մոսկվան անպայման կձեռնարկի պատասխան գործողություններ: Նա հաղորդել է, որ նախարարությունը նախագահին է ներկայացրել երեք տասնյակ ամերիկացի դիվանագետներին անցանկալի անձ հռչակելու, ինչպես նաև Մոսկվայի մարզում՝ Սերեբրյանի Բոր բնակավայրում ամերիկացիներին հատկացված հանգստի համալիրը և Մոսկվայում՝ Դորոժնայա փողոցում գտնվող պահեստը փակելու առաջարկ:

Սակայն այսօր նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Մոսկվան չի պատասխանի Սպիտակ տան որոշմանը և չի արտաքսի ամերիկացի դիվանագետներին:

«Մենք չենք իջնի «խոհանոցային» մակարդակի դիվանագիտության» և կշարունակենք աշխատել ռուս-ամերիկյան հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, ինչին նաև ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփն է ձգտում», - ասվում է Պուտինի հայտարարությունում:

Մոսկվայում նկատել են տալիս, որ Օբամայի որոշումերն ուղղված են ոչ այնքան Ռուսաստանի, որքան ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ: Այդօրինակ քայլերով, ըստ ռուսների, Օբաման արհեստական խոչընդոտներ է ստեղծում Վաշինգթոնի ապագա ղեկավարի համար: Նման տեսակետ են հայտնում նաև Թրամփի թիմի անդամները:

«Նույնիսկ նախագահ Օբամային բոլոր հարցերում սատարողները հիմա ընդունում են, որ նա փորձում է անկյուն մղել Թրամփին: Շատ ափսոս, եթե այդպիսի քաղաքականություն է այս ամենի հիմքում», - երեկ Ֆլորիդայում CNN-ին ասել է Թրամփի ավագ խորհրդական Կելիան Քոնվեյը և հավելել. - «Մեր երկրի պես մեծ դեմոկրատիայում այսպես չեն իշխանությունը խաղաղ եղանակով մեկ վարչակազմից փոխանցում մյուսին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG