Մատչելիության հղումներ

Սենատոր Մենենդեսը երկրորդ անգամ է արգելափակել Հոգլանդի թեկնածությունը


Միացյալ Նահանգների սենատոր, հայկական հարցերով կոնգրեսական խմբի անդամ Ռոբերտ Մենենդեսի գրասենյակի` հինգշաբթի օրը հրապարակած հաղորդագրության համաձայն, սենատորը կրկին արգելափակել է Հայաստանում ԱՄՆ-֊ի դեսպանի պաշտոնի համար նախագահ Ջորջ Բուշի կողմից երկրորդ անգամ առաջադրված Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը:

Սեպտեմբեր ամսից ի վեր Ռոբերտ Մենենդեսը երկրորդ անգամ է արգելափակում Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը: «Բոլոր առումներով, դեսպան Հոգլանդը դիվանագիտական ծառայության հարգված անդամ է, որը ծառայել է Միացյալ Նահանգներին ազնվորեն եւ նվիրումով՝ պետդեպարտամենտում իր ծառայության ժամանակ: Սակայն, նկատի ունենալով պարոն Հոգլանդի թեկնածության շուրջ ծագած հանգամանքները եւ հակասությունները, ես գտնում եմ, որ այս հարցը լուծելու լավագույն ուղին նախագահի համար այս դեսպանի պաշտոնում նոր թեկնածու առաջադրելն է»,֊ - հայտարարել է Ռոբերտ Մենենդեսը:

Նրա կարծիքով, պետդեպարտամենտը եւ Բուշի վարչակազմը շատ սխալվում են, երբ հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Իր հայտարարության մեջ սենատոր Մենենդեսը հորդորել է Բուշի վարչակազմին հրաժարվել այնպիսի արտաքին քաղաքականությունից, որը անտեսում է աշխարհի տարբեր մասերում կատարված սարսափելի ոճրագործությունները:

«Ամերիկյան դիվանագիտությունը պետք է բովանդակի միմիայն անսքող ազնվություն մեր բարեկամների ու նաեւ մեր թշնամիների նկատմամբ: Եվ մենք պետք է ցեղասպանությունը կոչենք իր անունով», - ֊նշված է Ռոբերտ Մենենդեսի հայտարարության մեջ, որը տարածել է սենատորի գրասենյակը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG