Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Մենք մեկ նպատակ ենք հետապնդում՝ ԼՂ վերջնական կարգավիճակի որոշումը ԼՂ բնակչության կողմից»


«Մինչև հիմա, որևէ մեկը հրապարակավ չի կարողացել ճշգրտորեն ներկայացնել [Ղարաբաղի հարցի լուծման] այն տարբերակը, որի մանրամասները մենք երկար տարիներ քննարկում ենք», - այսօր ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը:

«Տարեվերջին Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը ակնառու կերպով ի ցույց դրեց, թե որքան հեռու են իրականությունից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ադրբեջանական ճամարտակությունները: Այդ հայտարարությունը միաժամանակ հստակ ցույց է տալիս, թե որքան համահունչ են միջազգային հանրության մոտեցումները մեր տեսակետների հետ», - նշել է Սերժ Սարգսյանը՝ դիվանագետներին ուղղված իր շնորհավորական խոսքում անդրադառնալով անցնող տարում Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ձեռքբերումներին, խնդիրներին ու մարտահրավերներին և վստահություն հայտնելով, որ դա իրականություն է դարձել Հայաստանի դիվանագիտության հետևողական ջանքերի արդյունքում:

«Այստեղ տեղին է նշել, որ փորձագետների, քաղաքական գործիչների կամ իրենց այդպիսիք համարողների կողմից պարբերաբար հրապարակ են նետվում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ, այսպես կոչված, տարբերակներ, բայց իրականության մեջ դրանք տարբերակներ չեն, այլ՝ վարկածներ», - շարունակել է Սարգսյանը:

Ուշագրավ է, որ հենց այսօր ավելի վաղ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համագումարում ներկայացրել է ոչ թե Ղարաբաղի հարցի լուծման իր տեսակետը կամ հայեցակարգը, այլ խոսել է այս պահին բանակցությունների սեղանին դրված և Հայաստանի իշխանությունների կողմից սկզբունքորեն ընդունված կարգավորման մի կոնկրետ ծրագրի մասին, որով, մասնավորապես, նախատեսվում է, որ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց Ադրբեջանին են վերադարձվում Ղարաբաղը շրջապատող 7 շրջանները:

«Ես շատ հստակ հայտարարում եմ, որ մինչև հիմա, որևէ մեկը հրապարակավ չի կարողացել ճշգրտորեն ներկայացնել այն տարբերակը, որի մանրամասները մենք երկար տարիներ քննարկում ենք», - դիվանագետներին ուղղված իր ելույթում ասել է Սերժ Սարգսյանը՝ վստահեցնելով․ - «Եվ ուզում եմ մեկ անգամ ևս ձեր ներկայությամբ ընդգծել, որովհետև ձեզնից ստույգ որևէ մեկը չգիտի, որ սկսած 2007 թվականից որևէ այլ տարբերակ, քան Մադրիդյան սկզբունքներն են, որևէ տեղ չի քննարկվել»:

Նա հավելել է, որ բանակցությունների մանրամասների մասին հանրության տեղյակ չեն պահում առնվազն երկու պատճառով․ - «Դուք, լինելով փորձառու բանակցողներ, շատ լավ գիտեք, որ բանակցությունների գնալիս չես կարող քո ողջ, այսպես ասած, գործիքակազմն ու հնարամտությունները կամ քո տակտիկան, կամ ստրատեգիան բացահայտել, որովհետև ժամանակակից աշխարհում այդպես է՝ եթե մենք Երևանում երկու բառ ենք խոսում, այդ երկու բառը կայծակի արագությամբ արդեն և՛ Բաքվում, և՛ Վաշինգտոնում, և՛ Մոսկվայում, և՛ Փարիզում միանգամից դառնում է հանրային սեփականություն: Սա՝ մեկ: Եվ երկրորդ` բոլորին է հայտնի, որ սկզբունքային բանակցությունների ժամանակ գործում է հետևյալ սկզբունքը՝ ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ»:

Սերժ Սարգսյանը նաև ընդգծել է․ - «Էականը հետևյալն է. մենք 2007 թվականից սկսած, այսինքն՝ Մադրիդյան սկզբունքները ընդունելով որպես բանակցությունների հիմք, ընդամենը մեկ նպատակ ենք հետապնդում՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից և այս սկզբունքից մենք չենք հրաժարվելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG