Մատչելիության հղումներ

Արտակ Զաքարյան. Այս պահին տրամաբանական չէ տարածքների զիջման մասին խոսելը


Արտակ Զաքարյան, արխիվ
Արտակ Զաքարյան, արխիվ

Այս պահին տարածքների զիջման մասին խոսելը տրամաբանական չէ: «Ազատության» հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց իշխող Հանրապետականի անդամ, Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին:

«Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին: Այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը։ Սա է, ուրիշ բան չկա: Ոչ մի հեքիաթի չհավատաք», - հայտարարել էր Տեր-Պետրոսյանը՝ շարունակելով. - «Զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել: Ոչինչ չես զիջում, կորցնում ես ամեն ինչ»:

Ըստ Զաքարյանի, փոխզիջումը պետք է լինի հանուն խնդրի լուծման, մինչդեռ Ադրբեջանի կողմից առայժմ խնդրի լուծման ցանկության նշույլ անգամ չկա: Ավելին՝ Ալիևը խոսում է ոչ միայն Ղարաբաղի, այլև Զանգեզուրի և Երևանի մասին:

Զաքարյան. - Պատերազմ սանձազերծելու քաղաքականությունը, ուժի կիրառման քաղաքականությունը Ադրբեջանի կողմից մեզ որևէ բարոյական իրավունք անգամ չի տալիս խոսել ինչ-որ փոխզիջումների մասին՝ առանց խնդրի լուծման հեռանկարը տեսնելու և իրական ցանկություն Ադրբեջանի կողմից այդ ճանապարհով գնալու հնարավորությունների։

«Ազատություն». - Եթե նույնիսկ այդ տարածքները վերադարձվեն, ապա խնդիրը չի՞ լուծվելու։

Զաքարյան. - Իհարկե, մենք դրանով կթուլացնենք մեր դիրքերը, և, նորից եմ ասում, այսօր տարածքների վերադարձի մասին խոսելը ճիշտ չէ մեր կողմից։ Բանակցային գործընթացում շատ հստակ և շատ հասկանալի ձեռք բերված պայմանավորվածություններ են եղել նախկինում, և Կազանյան փաստաթուղթն, ըստ էության, որը պատրաստված էր, և որը վերջին պահին ձախողվեց Ադրբեջանի կողմից դրա մասին է վկայում։ Մեր պատրաստվածության, մեր պատրաստակամության մասին միջազգային հանրությունը և Մինսկի խումբը որևէ կասկածի տեղիք չունի, մեր կառուցողական մոտեցումները միշտ գնահատելի են եղել, այդ կառուցողական մոտեցումների մեջ էլ հենց նաև ինչ-որ առումով ներառված են Տեր-Պետրոսյանի ելույթում արված մոտեցումները, բայց այսօր Ալիևը խոսում է պատմական Երևանի մասին, Զանգեզուրի մասին և այլ նմանատիպ անհեթեթություններ։

«Ազատություն». - Դուք ասացիք, որ այս պահին ճիշտ չէ խոսել տարածքների վերադարձի մասին՝ հաշվի առնելով Ադրբեջանի՞ դիրքորոշումը։

Զաքարյան. - Հաշվի առնելով այն իրավիճակը, որը մենք ունենք ապրիլյան իրադարձություններից հետո։ Ըստ էության, մենք, նորից եմ ասում, բանակցային գործընթաց որպես այդպիսի չունենք ակտիվ քննարկվող, որ մենք այդ ամբողջ փաթեթի մեջ քննարկենք նաև մեր կողմից հնարավոր զիջում կամ փոխզիջում։ Բայց այսօր դեռևս պատերազմի վտանգի, դեռևս ապրիլյան իրադարձությունների ամբողջ հետևանքները չվերացրած լինելով, մենք խոսենք, որ գիտեք ինչ, մենք... իհարկե բոլորս էլ գիտենք դրա մասին, բայց դրա մասին խոսելու ժամանակը չէ և դրա մասին արդեն իսկ իրական, իրատեսական և կիրառական դրա հնարավորությունները կարծես թե տեսանելի չեն։

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը շեշտեց, որ տարածքների վերադարձը ինքնանպատակ չէ, եթե Իլհամ Ալիևը չի խոսում Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի և անկախության մասին, ի՞նչ իմաստ կա ընդհանրապես խոսել որևէ փոխզիջման մասին։ Զաքարյանը նաև հակադարձեց Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի նախագահը ռացիոնալ քաղաքական գործիչ է։ «Հակառակ իր ռազմաշունչ հռետորաբանությանը, Իլհամ Ալիևին ես համարում եմ ռացիոնալ մտածող պետական գործիչ, որն ընդունակ է համաչափ քայլ կատարել խաղաղության հաստատման նաև հենց իր սեփական ժողովրդին խիստ անհրաժեշտ ուղղությամբ», - հայտարարել էր Տեր-Պետրոսյանը։

Զաքարյան. - Ալիևի հրապարակային քաղաքականությունում ռացիոնալ նշույլներ չկան, ամբողջությամբ իռացիոնալ և ապակառուցողական գործողություն է և հայտարարություններ են, որը հայ հասարակության մոտ, հայ մարդու մոտ, չի կարող գնահատվել որպես խնդրի խաղաղ լուծման տանող գործունեություն և չճանապարհ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նույնպես համաձայն չէ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականի հետ, թե՝ Իլհամ Ալիևը ռացիոնալ գործիչ է:

«Ես Ալիևին տեսել եմ և՛ Բաքվում՝ Միլի Մեջլիսում, որտեղ մենք նստած ենք եղել և ինքը բացարձակ ցնդաբանություններ էր դուրս տալիս, և՛ Ստրասբուրգում: Առավել անադեկվատ գործիչ, քան Իլհամ Ալիևն է, ես քիչ եմ տեսել», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա:

ԲՀԿ ղեկավարը համաձայն չէ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի այն դիրքորոշման հետ, թե երկրի ծանր սոցիալական վիճակը պայմանավորված է Ղարաբաղի հարցով: - «Տնտեսական այս վատթար իրավիճակի հիմնական մեղավորը դա կոռուպցիան է, դա թալանն է, դա գողությունն է: Պետք չէ դեմագոգիայով զբաղվել, և ասել, որ՝ Արցախի հարցը լուծվեց, մեր տնտեսությունը բարգավաճելու է: Մինչև գողերը պատասխանատվության չենթարկվեն որևէ խնդիր չի լուծվելու», - նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Տեր-Պետրոսյանի առաջ քաշած սկզբունքին՝ զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել, ապա Զոհրաբյանի փոխանցմամբ, առաջին նախագահն ասել է այն, ինչ ասում էր նաև 97 թվականին և ինչի պատճառով էլ հրաժարական տվեց: Ամեն դեպքում, ԲՀԿ նախագահի համոզմամբ, այն, ինչ հայտարարել է Տեր-Պետրոսյանը, այն էլ՝ ընտրություններից մի քանի ամիս առաջ, պարզապես քաղաքական խիզախություն է:

«Շատ քիչ քաղաքական գործիչ կկարողանար այսօր՝ ընտրություններից առաջ, ունենալ այդքան քաղաքական խիզախություն բաց ասելու այն, ինչը ինքը գիտի, որ հանրության 99 տոկոսը դրա հետ համաձայն չէ: Եվ այս մեսիջներով, այս օրակարգով գնալ խորհրդարանական ընտրությունների նշանակում է ուղղակի վտանգի տակ դնել ՀԱԿ-ին, դա փաստ է», - մեկնաբանեց նա:

ԲՀԿ ղեկավարն ասում է, թե ինքը նույնպես դեմ է «ոչ մի թիզ հողականությանն» ու կեղծ ֆիդայականությանը, բայց միևնույն ժամանակ, դեմ է տարածքների զիջմանը:

«Ազատություն»․ - Քանի որ ասում եք՝ դեմ եք ոչ մի թիզ հողականությանն ու կեղծ ֆիդայականությանը, այսինքն՝ ԲՀԿ-ն նույնպես պատրաստ է տարածքների զիջմանը:

Զոհրաբյան․ - Իհարկե պատրաստ չէ, իհարկե «Բարգավաճ Հայաստանը» կատեգորիկ դեմ է տարածքների վերադարձին, որովհետև դա մեր անվտանգությունն է: Հասկանալի է, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջմամբ: Մեզ համար տարածքների վերադարձը փոխզիջում չէ:

«Ազատություն»․ - Ի՞նչն է այդ դեպքում:

Զոհրաբյան․ - Ես չեմ կարող ասել: Ես պատասխանեցի։ Երբ ես կիմանամ իրավիճակը, այդ ժամանակ կարող եմ ասել:

Նաիրա Զոհրաբյանն ընդգծում է՝ ժամանակն է, որպեսզի երկրի իշխանությունը բաց խոսի քաղաքական ուժերի և հանրության հետ՝ ներկայացնելով իրավիճակը և հարցի գինը: ԲՀԿ ղեկավարն ասում է, թե խորհրդարանի հիմնական քաղաքական ուժերը տեղյակ չեն բանակցային գործընթացից և տարբեր միջազգային աղբյուրներից են հասկանում, որ Ղարաբաղի հարցում օղակը սեղմվում է: Մինչդեռ, եթե իշխանությունն ուզում է քաղաքական ուժերի և հանրության աջակցությունը ստանալ Ղարաբաղի հարցում, ապա մեկ ճանապարհ կա՝ բաց, անկեղծ խոսակցություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG