Մատչելիության հղումներ

Ըստ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է անում գնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Զուրաբյանի խոսքով՝ սա այն ուղերձն է, որը կարող է նաև ապահովել Հայ ազգային կոնգրեսի հաղթանակը ընտրություններում։

«Առայժմ մենք այս իշխանությունից տեսել ենք միայն ստատուս քվոյի պահպանման փորձ, որը զուգորդվել է ազգային հարստության թալանով կոռուպցիայով, մեր անվտանգության խարխլմամբ։ Մենք ասում ենք ուրիշ բան, մենք ասում ենք՝ «եթե որևէ իշխանություն, ով ուզում է լինի, գնում է խաղաղ կարգավորմանը, այնպիսի պայմաններով, որ չեն ենթադրում պարտություն, ուրեմն պետք է զորավիգ լինել նման գործընթացի։ Տեր-Պետրոսյանը կոչ է անում գնալ խաղաղ կարգավորմանը։ Մեր ծրագիրը դա է։ Եթե մենք ընտրություններում հաղթենք, եթե իշխանությունը լինի մերը, մենք կանենք դա և մենք բաց ասում են, մենք այդ ծրագիրն առաջարկում ենք ժողովրդին», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Զուրաբյանը։

ՀԱԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ այս պահին այդ խնդրի կարգավորումը գտնվում է գործող իշխանության ձեռքում։

«Տեր-Պետրոսյանի սատարումը կամ զորավիգ լինելու կոչը, կամ ընդհանրապես կոչը վերաբերում է ոչ թե Սերժ Սարգսյանին, վերաբերվում է խաղաղության գործընթացին աջակցելուն, ով ուզի դա անի, եթե մենք վերցնենք իշխանությունը, մենք ենք դա անելու։ Եթե մեզնից դուրս որևէ իշխանություն Հայաստանում դա փորձի անել, մենք այդ պրոցեսին օժանդակելու ենք և, այո՛, մեր նպատակն է համախմբել մեր հասարակությանը և բոլոր քաղաքական ուժերին այս նպատակի իրականացման շուրջ», - ասաց Զուրաբյանը՝ նշելով, որ «ընտրական պայքարում ամենակարևոր գործիքը մոբիլիզացիոն կամ հաղթանակի տանող, դա ուղերձն է՝ թե ինչ ուղերձով է կուսակցությունը կամ քաղաքական ուժը գնում ընտրությունների»։

«Ես վստահ եմ, որ այս ուղերձը հաղթանակող ուղերձ է, սա մի ուղերձ է, որ հայ ժողովրդի առաջ բացում է նոր հեռանկար։ Այսօր, օրինակ, ինձ շատ հետաքրքիր բան ասացին մի քանի մարդիկ, ովքեր այդ ընթացքում մոտեցան ինձ, ասացին՝ «սա մի ուղերձ է, որը կարող է կանգնեցնել արտագաղթը Հայաստանում, որովհետև ժողովուրդը՝ մեր հասարակությունը, կտեսնի, որ կա քաղաքական ուժ, կա լուրջ մտադրություն՝ լուծելու այն խնդիրները, որոնցում այսօր Հայաստանը խեղդվում է»։ Դրա համար ես կարծում եմ, որ սա այն հստակ ուղերձն է, որն այսօր կարող է նաև ապահովել Հայ ազգային կոնգրեսին հաղթանակ ընտրություններում։

Հիշեցնենք, շաբաթ օրը կայացած ՀԱԿ համագումարում առաջին նախագահ, ընդդիմադիր ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ծավալուն ելույթ ունեցավ՝ այն հիմնականում նվիրելով ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։ Նա հայտարարեց, որ «ԼՂ հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինն է, գոյություն չունի»։

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի դեկտեմբերի 18-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG