Մատչելիության հղումներ

ՀՀ կառավարությունն անզոր է Լարսում արգելափակվածների խնդրի լուծման հարցում


Լարս, 14-ը դեկտեմբերի, 2016 թ․

Լարս, 14-ը դեկտեմբերի, 2016 թ․

Արդեն 13-րդ օրն է Լարսի անցակետը փակ է գրեթե բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Հարյուրավոր բեռնատարների վարորդներն ու նրանց ուղեկիցներն օրեր շարունակ քնում և արթնանում են ռուս-վրացական սահմանի երկու կողմերում։ Լարսի անցակետից վերադարձած՝ Հայաստանի Տրանսպորտի նախարար Վահան Մարտիոսյանի խոսքով՝ եղանակի բարելավման դեպքում միայն վրացական կողմը կկարողանա մաքրել ու բացել ճանապարհը:

«Սինօպտիկներն ասում են, որ վաղվանից եղանակը կարող է փոխվել, հուսանք, որ կփոխվի»,- ընդամենն ասում է նախարարը: Նրա խոսքով՝ մոտավոր հաշվարկներով, սահմանի ռուսական և վրացական կողմերում մոտ 700 հայկական մեքենա է արգելափակված, հիմնականում՝ Հայաստան մթերք և այլ ապրանքներ ներկրողներ։ Մարտիրոսյանը զրուցել է որոշ վարորդների հետ։

«Իրենք և՛ դժգոհություն ունեն, և՛ գոհունակություն: Ասում են, որ իրենց օգնում են պետական կառույցների ներկայացուցիչները, նաև բնակիչներ, իրենց տրանսպորտային կազմակերպությունները: Կան նաև մարդիկ, որ իսկապես բողոքում են այլ հարցերով: Կարծիքները տարբեր են»,- պատմեց նախարարը:

Մինդեռ, «Ազատության» հետ զրույցում խստաշունչ եղանակի պայմաններում օրեր շարունակ բեռնատար մեքենաներում ապրող վարորդները պնդում են՝ վառելիքի, սննդի և անգամ խմելու ջրի հետ կապված խնդիրներ ունեն, սննունդ ձեռք բերելու վայրերն էլ հեռու են, գները՝ չափազանց թանկ: Նախարար Մարտիրոսյանը հաստատեց, որ կան նման խնդիրներ, որոնք առավել ընդգծված են ռուսական կողմում:

Մովսես Չոբանյանն, օրինակ, սահմանի ռուսական կողմում է սպասում Լարսի անցակետի բացմանը: Նրա բեռնատարում ալյուր է, մտահոգված է, որ խոնավությունից բեռն ի վերջո շարքից դուրս կգա։ Նկարագրելով այն ծանր պայմանները, որում հայտնվել են, վարորդը հավելում է՝ Լարսի անցակետում արգելափակված գործարարների շրջանում կարծիք կա, որ վրացական կողմը բավարար ջանքեր չի գործադրում և սրտացավ չէ ճանապարհը շուտափույթ բացելու հարցում։

Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը չի բացառում, որ վարորդներն իրավացի են, բայց նշում է՝ Հայաստանի քաղաքացիների կողքին առաջին հերթին պետք է կանգնի Հայաստանի իշխանությունը և քաղաքական կամք դրսևորի՝ Հայաստանը Վրաստանի միջոցով Ռուսաստանին կապող ճանապարհի հարցն ի վերջո լուծելու համար։ «Մեր հայկական պատկան մարմինները չեն անում այն, ինչոր պետք է անեն․․․ չի կարելի էսպես անել, մեր քաղաքացու հանդեպ էսքան անտարբեր լինել չի կարելի»,- ասում է գործարարը:

Նրա խոսքով՝ ամռանը փլուզվող, իսկ ձմռանը տեղումներից փակվող Լարսի անցակետի պատաճռով Հայաստանի արտահանողները երբեմն կորցնում են ռուսական ընկերությունների հետ կնքած միլիոնավոր դրամների պայմանագրեր: Բայց հատկապես հիմա՝ տոներին ընդառաջ, ըստ նրա, Հայաստանի կառավարության սեղանին ավելի հրատապ խնդիր չի կարող լինել, քան գերության մեջ հայտնված վարորդներին օգնելը:

«Այս նոր տարվա, դեկտեմբերյան ակնկալիքներով, որ մեր արտադրողները մտածում են իրենց ապրանքներն արտահանեն ու գոնե մի փոքր սփոփանք լինի այս ճգնաժամի ժամանակ․․․ կարծում եմ՝ պետք է արտակարգ իրավիճակ հայտարարվի, հանձնաժողով ստեղծվի․․․ես չգիտեմ՝ եթե մենք դիվանագիտորեն չենք կարողանում էս հարցը լուծել, քաղաքականապես չենք կարողանում էս հարցը լուծել, ուրեմն ախպերավարի լուծենք էս հարցը վերջիվերջո»,- վրդովված ասում է Հայաստանի արտահանողների միության նախագահը:

Բացի եղանակի բարելավմանը սպասելուց ուրիշ ի՞նչ է արել կամ պատրաստվում անել Հայաստանի կառավարությունը՝ փոխադրող գործարարներին աջակցելու համար: Այս հարցի հստակ պատասխանը նախարար Վահան Մարտիրոսյանը չի տալիս: Վրաստանի վարչապետի և այլ պաշտոնայների հետ հանդիպումներից հետո միայն ասում է՝ գրեթե ամեն ձմեռ կրկնվող այս խնդրի լուծման ուղիներ են քննարկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG