Մատչելիության հղումներ

Լարսում արգելափակված վարորդներն «անմարդկային» պայմաններում են


Նկարն «Ազատությանն» է տրամադրել Լարսի անցակետում արգելափակված վարորոդներից Մովսես Չոբանյանը, 14-ը դեկտեմբերի, 2016 թ․

Հայաստանին Եվրասիական տնտեսական միության շուկային կապող միակ ցամաքային ճանապարհի հաճախակի անանցանելի դառնալը, ըստ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի, միանշանակորեն բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսության վրա։

Լարսի անցակետն այսօր դարձյալ փակ է տրանսպորտային բոլոր տեսակի միջոցների համար։ Վրաստանի Ճանապարհային գլխավոր վարչությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ երկրի Ազգային բնապահպանական գործակալությունը թույլ չի տալիս ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնել։

«Մենք հույս ունենք, որ վաղը կկարողանանք բացել այդ ճանապարհը։ Սակայն, Ազգային բնապահպանական գործակալությունն այժմ մեզ թույլ չի տալիս սկսել այդ աշխատանքները։ Նրանք ամեն րոպե հետևում են իրավիճակին»,- ասաց Վրաստանի ճանապարհային երթևեկության կարգավորման ստորաբաժանման ղեկավար Դավիթ Պաշալիշվիլին:

Ոչ Հայաստանի, ոչ էլ Վրաստանի իրավասու կառույցները հստակ տեղեկություներ չեն տրամադում այն մասին, թե որքան մեքենա է այժմ կուտակվել անցակետում: Մինչդեռ, Լարսում արդեն գրեթե երկու շաբաթ կայանած բեռնատարների վարորդների մոտավոր հաշվարկներով, երկու կողմում արդեն 1000-ից ավելի արգելափակված մեքենա կա:

«Արարատ Տրանս» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Ռաֆայել Մանուկյանն «Ազատությանը» փոխանցեց, որ միայն իրենք 10 մեքենա ունեն Լարսի անցակետում՝ բեռնված հիմանկանում տարբեր մթերքներով, և արդեն 12 օր է չեն կարողանում շարժվել։ Խնդիրներ են առաջացել վառելիքի, սննդի, ջրի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների հետ կապված։ «Դեռևս կոնտկրետ քայլեր չենք տեսել որևէ կողմից»,- ասում է նա:

Գործարար Վահրամ Միրաքյանը, ով որոշել էր բանան ներկրել, արդեն 12 օր է սպասում է իր բեռին։ Ասում է՝ մինչ առատ ձյան տեղումները՝ բեռնատար մեքենաների համար անցակետն անհասկանալի պատճառներով էին փակել։ Առավել ծանր վիճակում են հայտնվել վարորդները։ Նրանք պարզապես չգիտեն, թե ինչպես են դիմանալու առաջիկա օրերին կանխատեսվող ցրտին:

Հայաստանին Եվրասիական տնտեսական միության շուկային կապող միակ ցամաքային ճանապարհի հաճախակի անանցանելի դառնալը, ըստ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի, միանշանակորեն բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսության վրա։ «Մենք փաստորեն այդ ազատ մաքսային շուկայից չենք կարողանում օգտվել»,- ասում է նա: Ըստ տնտեսագետի՝ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում, որպեսզի այդ միակ ճանապարհն անխափան աշխատի։

Վահագն Խաչատրյանն իբրև այլընտրանքային ուղի է նշում Փոթիի նավահանգիստը, որի միջոցով Հայաստանը կարող էր սեփական լաստանավերի միջոցով փոխադրումներ իրականացնել։ Սակայն, այդ ծրագիրն այդպես էլ ընթացք չստացավ: Մեկ այլ տարբերակ էլ, տնտեսագետի խոսքով, կարող էր լինել աբխազական երկաթուղին կամ օսեթական ճանապարհը, սակայն, դրանք էլ ռուս-վրացական խնդիրների պատճառով են փակ:

Հայաստանի Տրանսպորտի նախարարության մամլո խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, որ նախարար Վահան Մարտիրոսյանը երեկ այցելել է Լարս ու տեղի պաշտոնյաների հետ համաձայնություն է ձեռք բերել, որ ճանապարհը բացվելուն պես մեքենաները կկարողանան Հայաստան ուղևորվել առանց մաքսային խոչընդոտների:

XS
SM
MD
LG