Մատչելիության հղումներ

ՌԴ Պետդուման վավերացրեց Հայաստանի հետ ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը


Ըստ Պետդումա ներկայացված տեղեկանքի, Ռուսաստանի և Հայաստանի ՀՕՊ համակարգի համատեղ գործողությունները կհամակարգի ՌԴ ռազմաօդային և տիեզերական ուժերի հրամանատարը, իսկ համատեղ գործողությունների ընդհանուր հրամանատարությունը կիրականացնի Ռուսաստանի Հարավային օկրուգի զորքերի հրամանատարը:

Ռուսաստանի Պետական Դուման այսօր վավերացրեց հայ-ռուսական համատեղ հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին պայմանագիրը: Ռուսաստանի խորհրդարանին ներկայացված բացատրական տեղեկանքում նշված է, որ համաձայնագրով նախատեսվում է ստեղծել համատեղ համակարգ, որը դիտարկվում է որպես ԱՊՀ տարածաշրջանային համակարգի մի մասը:

Պայմանագիրը, հիշեցնենք, ստորագրվել էր Մոսկվայում՝ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից։ Պետդումային ներկայացված տեղեկանքի մեջ նաև նշված է՝ նախատեսված է, որ Ռուսաստանի և Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգի համատեղ գործողությունները կհամակարգի Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային և տիեզերական ուժերի հրամանատարը, իսկ համատեղ գործողությունների ընդհանուր հրամանատարությունը կիրականացնի Ռուսաստանի Հարավային օկրուգի զորքերի հրամանատարը:

Այս պայմանագիրը Հայաստանի խորհրդարանը վավերացրել էր անցած ամռանը՝ հունիսի 30-ին, բավական թեժ բանավեճերից հետո։ Մինչ Ազգային ժողով հասնելը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գարնանն այն ներկայացվել էր Սահմանադրական դատարան: ՍԴ-ն վճռել էր, որ պայմանագրի դրույթները Հայաստանի Սահմանադրությանը չեն հակասում։

Վերոհիշյալ տեղեկանքում նաև նշված է, որ համատեղ համակարգը ֆինանսավորում են երկու կողմերը: Ռուսական կողմի ֆինանսավորումն ապահովելու է պաշտպանության նախարարությունը: Այս համակարգի համար հավելյալ ֆինանսավորում, սակայն, Ռուսաստանի բյուջեով չի նախատեսվում։ Համաձայնագիրը կնքվել է հինգ տարով և ամեն հնգամյա ժամկետի լրանալուց հետո կարող է երկարաձգվել։

Նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրվել էր նաև «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը, որը նույնպես միանշանակ չէր ընդունվել Հայաստանում։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կարծիքով, երկու համաձայնագրերում էլ որևէ նոր բան չկա: «Ուղղակի օրինականացրել են էն, ինչ-որ կա»,- ասաց Բաբայանը: Նրա կարծիքով, այս համաձայնագրերում չկան վտանգավոր տարրեր, ավելին՝ դրանք կարող են օգտակար լինել հայկական կողմի համար: Իսկ թե կկարողանա հայկական կողմն օգտվել դրանցից, կախված է Երևանից:

«Ցանկացած պահի, եթե խնդիր լինի, կարող ենք էդ միավորումից դուրս գալ: Դա մեզ ոչնչով չի պարտավորեցնում: Հակառակը՝ Ռուսաստանը կարող է Հայաստանի տարածքում ՀՕՊ համակարգն ուժեղացնել նոր տեխնիկայով: Ես համարում եմ, որ էդ պայմանագիրն, ի վերջո, դրան պիտի բերի: Բայց որքանո՞վ մեր ղեկավարությունը կկարողանա դրան հասնել, դա արդեն այլ խնդիր է»,- ասաց Սամվել Բաբայանը:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի պնդմամբ, մինչդեռ, հայկական կողմի համար որևէ օգտակար տարր այս համաձայնագրերում չկա։

«Ակնհայտ երևում է Ռուսաստանի շահը, քանի որ Ռուսաստանն ուզում է ուժեղանալ Հարավային Կովկասում ու առաջին հերթին՝ ռազմական կոնտեքստում ուժեղանալ: Հայաստանի շահը չեմ տեսնում: Հիմա զարմանալի բան եմ ասում՝ մի քանի օր առաջ այդ մասին ասաց Սերժ Սարգսյանը: Նա ասաց՝ մեզ ծանր օրեր են սպասում, մենք ռեսուրսներ քիչ ունենք և այլն: Ես հարց եմ տալիս՝ չէ՞ որ Ռուսաստանի հետ պայմանագիր եք ստորագրել ու մեզ ասել եք՝ այդ համատեղ ուժերը հենց նրա համար են, որ Հայաստանն իր անվտանգությունն ապահովի: Դա նշանակում է, որ նա ասաց, որ այդ պայմանագրերը ոչ մի կապ չունեն Հայաստանի անվտանգության հետ»,- բխեցրեց Ստեփան Գրիգորյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG