Մատչելիության հղումներ

Ստորագրվեց հայ-ռուսական միացյալ զորամիավորման մասին պայմանագիրը


Լուսանկարը՝ ՌԴ ՊՆ կայքէջի

Լուսանկարը՝ ՌԴ ՊՆ կայքէջի

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ էլ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, թե «Ադրբեջանը Կասպյան տարածաշրջանի անվտանգության ֆորպոստն է»՝ հույս հայտնելով, որ 2017 թվականին կստեղծվի երկու երկրների ռազմածովային ուժերի հրամանատարական կառույց՝ Կասպիական տարածաշրջանի անվտանգության հարցերը կարգավորելու նպատակով:

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Սերգեյ Շոյգուն այսօր Մոսկվայում ստորագրել են հայ-ռուսական միացյալ զորամիավորման մասին պայմանագիրը։

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ միացյալ զորամիավորման կազմում կընդգրկվեն Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազան և հայաստանյան ռազմական ստորաբաժանումներ։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 14-ին փաստաթուղթը հավանության էր արժանացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն այսօր ստորագրել են նաև երկու նախարարությունների միջև 2017 թվականի համագործակցության ծրագիրը։

Ռուսաստան կատարելիք այցի նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարարը հարցազրույց էր տվել ռուսական «Իզվեստիա» թերթին, որում ընդգծել էր՝ իրականում հայ-ռուսական միացյալ զորամիավորումը գործում է 2000 թվականից և նոր պայմանագիրը միայն ամրապնդում է այդ զորամիավորման իրավական հիմքը։ Վիգեն Սարգսյանը կարևորել էր հանգամանքը, որ միացյալ միավորումը գործում է Հայաստանի տարածքում։

Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր ընթանում է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների հավաքը, որի շրջանակներում Սերգեյ Շոյգուն հանդիպումներ է ունեցել նախ իր ադրբեջանցի, այնուհետև նաև՝ հայաստանցի գործընկերոջ հետ։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը Շոյգուն, մասնավորապես, ասել է, թե Ադրբեջանը Կասպյան տարածաշրջանի անվտանգության ֆորպոստն է և հույս է հայտնել, որ 2017 թվականին կստեղծվի երկու երկրների ռազմածովային ուժերի հրամանատարական կառույց՝ Կասպիական տարածաշրջանի անվտանգության հարցերը կարգավորելու նպատակով:

Զաքիր Հասանովն իր հերթին հայտարարել է, թե երկու երկրների միջև զարգանում է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը: Նա նշել է, թե Ռուսաստանի զինվորական բարձրագույն ուսումնական հաստատություններում ավելի քան 80 ադրբեջանցի կուրսանտ է սովորում: Ադրեբջանի և Ռուսաստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև 2017-ի համագործակցության պլանը:

Երեկ «Ազատությանը» հետ զրույցում ռուսաստանցի փորձագետ, «Ռեգնում» գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովը ասել էր, որ այդ պայմանագիրը քաղաքական առումով կարևոր է երկու կողմերի համար էլ, սակայն, կոնկրետ Հայաստանի համար, ռուսաստանցի փորձագետի կարծիքով, այն կենսական նշանակություն ունի: «Հայաստանի գոյատևման համար անհրաժեշտ պայմաններից մեկն է»,- ասել էր Կոլերովը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը համամիտ չէ այս կարծիքի հետ: Ըստ նրա, այստեղ ակնհայտ է միայն ռուսական կողմի օգուտը: «Ռուսաստանի համար դա դրական է, քանի որ դրանով Ռուսաստանը ինչ-որ չափով իր ազդեցությունն ուժեղացնում է հայոց բանակում: Մի բան է, որ Ռուսաստանն այստեղ ուներ և ունի ռազմաբազա, մեկ այլ բան, երբ իրենք ստեղծում են համատեղ զորամիավորում՝ որում ներգրավված կլինեն նաև հայկական ստորաբաժանումներ:

Ուրեմն՝ իրենց ազդեցությունը մեր բանակի վրա ուժեղանում է, այստեղ Ռուսաստանի շահն ակնհայտ է: Երկրորդ՝ որտե՞ղ են օգտագործվելու այդ միավորված ուժերը, ասենք՝ կօգտագործվե՞ն Մերձավոր արևելքում, թե ոչ: Ու՞մ դեմ է դա ուղղված, կպաշտպանե՞ն այդ զորքերը մեզ Ադրբեջանի հերթական հարձակումից, թե ոչ: Էդ հարցերի պատասխանը մենք չենք ստանում: Ես, ճիշտն ասած, Հայաստանի շահն այստեղ դեռ չեմ տեսնում»,- ասաց Գրիգորյանը:

Նա չի բացառում, որ միացյալ զորամիավորման մասին պայմանագիր կնքելու գաղափարը Մոսկվայում հասունացել է անցած տարեվերջին, երբ կտրուկ վատացան ռուս-թուրքական հարբերությունները՝ սիրիական սահմանի մոտ ռուսական ռազմական օդանավի խոցման պատճառով: «Այստեղ միայն հարց է առաջանում, թե ինչ է այդ ամենի դիմաց ստանալու Հայաստանը»,- նշում է քաղաքագետը:

XS
SM
MD
LG