Մատչելիության հղումներ

Բադասյանը «քաղաքական» է համարում Քննչական կոմիտեի որոշումը


Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը, արխիվ:
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը, արխիվ:

Քննչական կոմիտեն մերժել է քրեական գործ հարուցել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ղարաբաղյան պատերազմի մասնակից Վահան Բադասյանի հայտարարությունների հիման վրա:

Բադասյանը, հիշեցնենք, հայտարարել էր, թե Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, խախտել է «Գնումների մասին» օրենքը և շուկայականից զգալիորեն բարձր գներով իր ձեռնարկության և Պաշտպանության նախարարության միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր: Արդյունքում յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ:

Քննչական կոմիտեն ուսումնասիրել է նյութերը և հանցագործության փաստ չի հայտնաբերել:

«Քանի որ քրեական գործը հարուցվել էր: Զարմանալիորեն: Իմ մոտ մի քիչ հույս ծագեց, որ ոչ թե օբյեկտիվ գնահատական են տալու, այլ գոնե ճշմարտությունը ջրի երես կհանեն և բանակում ինչ-որ բան կփորձեն փոխել: Սա իմ համար անակնկալ չէր: Գրեթե 90-95 տոկոսով ես սպասում էի, որ այսպիսի ընթացք կստանա: Զարմանալի ոչինչ չկա, որովհետև նույն մարդիկ են, նույն ոճը, նույն ձևը: Ինչպես ժողովուրդն է ասում՝ կարմիր կովը կաշին չի փոխում: Ես սուր է դրել շատ հարցը, որ կա՛մ պիտի ես զրպարտություն անեմ, կա՛մ պիտի գողություն լինի էդտեղ: Ուրեմն՝ ո՛չ զրպարտություն կա էդտեղ, ո՛չ էլ գողությո՞ւն: Ես գողություն չկա, ուրեմն պետք է զրպարտություն լինի, չէ՞․․․ Սա ծիծաղելի է ուղղակի», - ասաց Բադասյանը:

Քննչական կոմիտեն իր հայտարարության մեջ նշում է, թե պարզել է, որ 2016 թվականին Պաշտպանության նախարարության կողմից ալյուրի ձեռք բերման գործընթացը կազմակերպվել է օրենքով սահմանված կարգով, գործընթացում որևէ պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահում թույլ չի տրվել, պետական միջոցների յուրացում տեղի չի ունեցել, և պետությանը վնաս չի պատճառվել:

Վահան Բադասյանը քաղաքական է համարում այս որոշումը․ - «Քաղաքական որոշում պետք է լիներ, որպեսզի պատժեին մեղավորներին: Բայց քաղաքական որոշումը եղավ՝ որ քաջալերեն գողացողներին: Իրենք չպետք է անդրադառնային հարցին, եթե պետք է այսպես կոծկեին: Եթե այսպես քննարկենք, կտեսնենք, որ իրենք՝ վերնախավը, ուղղակիորեն ուզում է քաղաքալերի գողությունը: Իրենք ներսում ավելի են միավորվել, և իրար հետ խոսելիս իրար դուխ են տալիս, ոգի են ներշնչում իրար, որ արխային շարունակենք տենց: Եթե ընդդիմությունը, մանավանդ Վահանն է ասել, ի հեճուկս Վահանի եկեք ավելի շատ թալանենք: Դա մեսիջ են ուղարկել, որ՝ արխային եղեք․․․ միայն թե մեր ի գիտությամբ պիտի անեք»:

«Բանակում արդարության չվերականգնումը շատ մեծ հարված է «ազգ-բանակ» գաղափարին: Եվ ավելի լավ էր նախարար Վիգեն Սարգսյանը «ազգ-բանակ» գաղափարը չդներ մեջտեղ, քանի դեռ բանակում գողությունները և անարդարությունները առկա են: Միայն բանակում չէ: Լկտիությունը, ծայրաստիճան լկտիությունը տիրում է յուրաքանչյուր կառույցում», - հայտարարեց Վահան Բադասյանը՝ հավելելով․ - «Միանշանակ շարունակում եմ պնդել, որ չարաշահումները առկա են: Ես դեռ նշել եմ մեկ անվանում, Գնումների վարչության մեկ անվանում՝ ցորեն, ալյուր»:

Նա ասաց, որ չի բողոքարկելու Քննչական կոմիտեի որոշումը․ - «Անիմաստ է: Եթե դիմացը պատ է․․․ Պայքարի հաջորդ քայլը լինելու է լրիվ անակնկալ իրենց համար: Ես պետք է իրենց պատին այնքան սեղմեմ, որ բանակից գողություն չկատարեն, որ բանակը հզորացնեն: Իմ նպատակի միայն դա է»:

XS
SM
MD
LG