Մատչելիության հղումներ

Զինվորական քննչական վարչությունը ստուգում է Վահան Բադասյանի հայտարարությունները


Վահան Բադասյան արխիվ

Վահան Բադասյան արխիվ

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն այսօր «Ազատության»-ը փոխանցեց, որ Զինվորական քննչական գլխավոր վարչությունը հինգշաբթի օրը Զինվորական դատախազությունից ստացել է գնումների գործընթացի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հայտարարությունների մասին մամուլի հրապարակումները։

Տռուզյանի փոխանցմամբ՝ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ դրանցում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ: Այս պահին նյութեր են նախապատրաստվում:

Նշենք, որ Վահան Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում անցած ամիս վարչապետ Կարեն Կարապետյանին հարց էր ուղղել. - «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, նախկինում լինելով Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ` փոխնախարար, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և Պաշտպանության նախարարության միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ։ Կարո՞ղ եք պատասխանատվության ենթարկել ԳՇ պետին։ Կամ, եթե ես զրպարտում եմ գլխավոր շտաբի պետին, ինձ պատասխանատվության կենթարկե՞ք»։

Ավելի ուշ Բադասյանն այս մասին խոսել էր «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում՝ ընդգծելով. - «Ղարաբաղում ո՞վ չգիտի, որ Մովսես Հակոբյանն իրականացնում է հացաթխման գործողություն և ապահովում մի քանի զորամասեր: Դա նորմալ երևո՞ւյթ եք համարում: Ինքը գեներա՞լ է, թե՞՝ հացթուխ»։

Բադասյանն, ապա մանրամասնել էր. - «Մովսես Հակոբյանի ձեռնարկությունը բանակից ստանում է շուկայականից բարձր գնով հաշված գումար, հարկեր չի տալիս, անորակ ալյուր է մատակարարում և այդ ալյուրը ընդունում ու հաց է թխում»:

Ուշագրավ է, որ այս հայտարարություններից մեկ ամիս անց միայն Զինվորական քննչական գլխավոր վարչությունը սկսեց նյութեր նախապատրաստել՝ Բադասյանի կողմից մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ:

Նկատենք, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր չցանկացավ որևէ կերպ արձագանքել տեղի ունեցող գործընթացին՝ ասելով, թե տվյալ գերատեսչության օրինական գործողություններին գնահատական տալու իմաստ չկա:

Հիշեցնենք, ավելի վաղ նախարարի խոսնակը պնդել էր, թե Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը այդ ամենի հետ կապ չունի։

Օրերս էլ Մովսես Հակոբյանն «Ազատության» հետ զրույցում հրաժարվել էր արձագանքել բանակում կատարվող չարաշահումների մասին հայտարարություններին: «Ես այդ հարցերով չեմ զբաղվում, ուրիշ հարցերով եմ զբաղված», - ասել էր Հակոբյանը։

Մինչդեռ այսօր, Ղարաբաղի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե շատ ուրախ է, որ Զինվորական դատախազությունը վերջապես որոշեց իր հայտարարություններին անդրադառնալ՝ հույս հայտնելով, որ արդյունքում կկանխվեն բանակում տեղի ունեցող վատ երևույթները։

Բադասյան. - Բայց թե ի՞նչ ընթացք կստանա, կտեսնենք առաջիկայում։ Ես համոզված եմ, որ ամեն ինչ տեղը կընկնի։

«Ազատություն». - Պարոն Բադասյան, իսկ հնարավոր համարում եք, որ իրավապահ մարմիններն, ի վերջո, այդ ստուգումներից հետո հայտարարեն, որ որևէ խախտում տեղի չի ունեցել Մովսես Հակոբյանի կողմից, ավելին՝ այդ իրավական գործընթացն արդեն սկսի Ձեր դեմ աշխատել, այսինքն՝ Ձեր դեմ քրեական գործ հարուցվի։

Բադասյան. - Ես համոզված եմ, որ նման բան, եթե ցանկանան, չեն էլ կարող անել, որովհետև հենց այնպես չի, որ ես հանցագործությունը մատնացույց անեմ, իսկ ինձ կանչեն պատասխանատվության։ Եթե այդպիսին է, ուրեմն պետք է մենք բոլորս իմանանք, որ նրանք բոլորն էլ միասին հանցակիցներ են։ Դա ես բացառում եմ, որովհետև հույս ունեմ, որ կկանխվի բանակում տեղի ունեցող վատ երևույթները և մենք կունենանք այն, ինչ-որ ցանկանում ենք ունենալ։ Այսինքն՝ բանակում պետք է ամեն ինչ իր տեղը ընկնի, այդ ֆեոդալ գեներալներից պետք է բանակն ազատվի, բանակում պետք է մարտական իսկական գեներալներ ծառայեն, ամեն ինչ պետք է ուղղվի մարտական պատրաստակամությանը և ամեն ինչ պետք է ուղղվի մեր պաշտպանության բարձրացման վրա, այլապես անհնարին է, որ մենք կարողանանք այս տարածաշրջանում ապահով ապրել։ Հույս ունեմ և համոզված եմ, որ քննչականը կպարզի ամեն ինչ։

XS
SM
MD
LG