Մատչելիության հղումներ

logo-print

Մամեդյարովի խոսքով, հայկական կողմը «թաղում է խաղաղ գործընթացը»


Էլմար Մամեդյարով, արխիվ

Էլմար Մամեդյարով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախար Էլմար Մամեդյարովը, որն օրերս պատրաստակամություն էր հայտնել՝ Համբուրգում հանդիպել Հայաստանի իր պաշտոնակցի հետ՝ շարունակելու համար ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունները, այսօր ասել է, թե հայկական կողմից դեռևս չեն պատասխանել հանդիպման առաջարկին:

«Նրանք խուսափում են հանդիպումից և այդպիսով չեն աջակցում խաղաղ գործընթացին»,- դեկտեմբերի 1-ին ասել է Մամեդյարովը Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ և հավելել՝ «Ամեն անգամ մենք հայտարարում ենք, որ բանակցությունները չպետք է լինեն բանակցային գործընթացի իմիտացիա: Մենք պետք է աշխատենք խաղաղության հասնելու համար»:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մինչդեռ, այսօր, պատասխանելով «Ազատության» հարցին, ասել է թե չի բացառվում, որ նման հանդիպում կայանա, «բայց դեռևս դա հաստատված չէ»,- նշել է ՀՀ արտգործնախարարը:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ից 9-ը ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի է ունենալու ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների տարեկան համաժողովը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները՝ Մինսկի Խմբի համանախագահները ջանքեր են գործադրում, որ այդ համաժողովի շրջանակում տեղի ունենա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում:

Ադրբեջանի արտգործնախարարն այսօր ասուլիս է տվել Բոսնիա և Հերցեգովինայի արտգործնախարարի հետ Բաքվում կայացած հանդիպումից հետո: Համատեղ ասուլիսում, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին, Մամեդյարովը քննադատել է հայկական կողմի մոտեցումները: Նրա խոսքով, նախնական փուլում բարձրացնելով Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ նշանակում է «թաղել խաղաղ գործընթացը»:

«Վերջին շրջանում Հայաստանի կողմից հնչում են տհաճ հայտարարություններ: Այդ հայտարարությունները բացասական դեր են խաղում խաղաղ կարգավորման գործընթացում: Բանակցություններն այդպես չեն վարում: Ուղղությունը, որով ընթանում են բանակցությունները, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Քննարկվող փաստաղթում նաև նշված է, որ հայկական զորքերը փուլ առ փուլ պետք է դուրս բերվեն օկուպացված տարածքներից: Կարգավիճակի հարցը նույնպես քննարկվում է: Սակայն, նախնական փուլում բարձրացնելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, նշանակում է թաղել խաղաղ գործընթացը, քանի որ ադրբեջանական համայնքը պետք է վերադառնա Ղարաբաղ: Նրանք նույնպես այդ շրջանի բնակիչներ են»,- ասել է Մամեդյարովը:

ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, համատեղ ասուլիսում Բոսնիա և Հերցեգովինայի արտգործնախարար Իգոր Չրնադակն ասել է, թե ցանկանում են, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG