Մատչելիության հղումներ

Նալբանդյանը չի բացառում Համբուրգում հանդիպում Մամեդյարովի հետ


Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում, որ դեկտեմբերի սկզբին Գերմանիայի Համբուրգ քաղաքում հանդիպում ունենա Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

«Չեմ բացառում, բայց դեռևս այդ հանդիպումը հաստատված չէ», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Ավելի վաղ, հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս էին հայտնել, որ երկու երկրների արտգործնախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա Համբուրգում՝ դեկտեմբերի 8-ին և 9-ին կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների հերթական հավաքի շրջանակում։

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Սերգեյ Շոյգուն երեկ Մոսկվայում ստորագրեցին հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին պայմանագիրը։ Այդ փաստաթուղթը մեկնաբանելու «Ազատության» խնդրանքին արտգործնախարարը արձագանքեց. - «Դրա վերաբերյալ պաշտպանության նախարարը համապատասխան հայտարարություն արել է, այդ ոլորտն է, հարցազրույց է տվել: Կարծեմ այդ պատասխանի մեջ մանրամասն անդրադարձել էր այդ հարցին»:

Նշենք, որ երեկ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրվել է Հայաստանի զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի մեկնաբանությունը համաձայնագրի վերաբերյալ։

Մակարյանը մասնավորապես նշել է, որ ստորագրված փաստաթղթով Հայաստանը և Ռուսաստանը պարտավորվում են համատեղ վերլուծել ռազմաքաղաքական իրավիճակը, սահմանել զորքերի միավորված խմբավորման կազմը, կազմակերպել խմբավորման ղեկավարումն ու կիրառումը, համատեղ լուծել միացյալ հրամանատարության ստեղծման հետ կապված հարցերը, ապահովել զորքերի, հետախուզության, զենքի կառավարման, նյութատեխնիկական բազայի միասնականության, կառավարման միացյալ համակարգի ստեղծման, ինչպես նաև օպերատիվ-մարտավարական խնդիրների համատեղ իրականացումը:

Անդրանիկ Մակարյանն ընդգծել է նաև, որ Միացյալ զորախումբը սահմանված պատասխանատվության շրջանակում նախատեսված է հակազդելու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված ագրեսիային, երկու պետությունների բնակչության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG