Մատչելիության հղումներ

ԲՀԿ պատգամավոր. Մեղադրանքները որպես պարգև կախվեցին Ծառուկյանի պարանոցից


ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյան

ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյան

Եթե Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն և կրկին ղեկավարի «Բարգավաճ Հայաստան»-ը (ԲՀԿ), ապա ինչպես նախկինում, ապաշնորհ իշխանությունների մասին իր կարծիքը բարձրաձայնելու է։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Նշենք, որ շաբաթ օրը կայանալու է ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստը, որտեղ ԲՀԿ-ականները կոչով դիմելու են Գագիկ Ծառուկյանին՝ կրկին վերադառնալ քաղաքականություն:

Հիշեցնենք, Ծառուկյանը հեռացավ մեծ քաղաքականությունից անցած տարվա փետրվարին՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած սուր հակասություններից և փոխադարձ վիրավորանքներից հետո։ Ավելին՝ Ծառուկյանի կողմից իշխանափոխության կոչեր հնչեցնելուց հետո Սերժ Սարգսյանը հիշեցրեց օդում կախված լուրերի մասին, մասնավորապես՝ չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, քրեական հանցագործությունները պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմներ հիմնելու մասին։

«Ազատություն». - Հաշվի առնելով, որ Ծառուկյանը հեռացավ Սերժ Սարգսյանի հետ բավական սուր տարաձայնություններից հետո, ի՞նչ եք կարծում, եթե վերադառնա, նա կվերադառնա որպեսզ ընդդիմադի՞ր, թե՞՝ արդեն որպես կառուցողական ընդդիմություն։

Խաչատրյան. - Հարցն ընդդիմադիր-դիմադիր... ես միշտ ասում եմ՝ նման հասկացողություն ինձ համար գոյություն չունի։

«Ազատություն». - Այսպես հարցը ձևակերպեմ՝ կդնի՞ իշխանափոխության հարց, եթե վերադառնա։

Խաչատրյան. - Այն իշխանությունը, որը չի կարողանում երկիրը կառավարի, որը չի կարողանում արտագաղթը կանգնեցնի, որը չի կարողանում մոնոպոլիաների դեմ պայքարի, այդ իշխանությունը պետք է գնա։ Հակառակ դեպքում իմաստը ո՞րն է քաղաքական պայքարի։

«Ազատություն». - Այսինքն, կարծում եք, որ եթե Ծառուկյանը վերադառնա, ապա նման սուր ձևով դնելու է այս հարցերը։

Խաչատրյան. - Եթե Ծառուկյանը վերադառնա, ինչպես և նախկինում, ապաշնորհ իշխանությունների մասին իր կարծիքը բարձրաձայնելու է և իր տեսակետն արտահայտելու է, ինչպես և մեզանից յուրաքանչյուրը։

«Ազատություն». - Երբ Ծառուկյանը սկսեց կոշտ խոսել իշխանության հասցեին, սկսեց իշխանափոխություն պահանջել, միանգամից Սերժ Սարգսյանը նշեց, որ օդում կախված տարբեր մեղադրանքներ կան և Ծառուկյանին մեղադրեց, այդ օդում կախված լուրերի համաձայն, տարբեր հանցագործությունների մեջ, կարելի է ասել։ Հիմա նույնը չի՞ կրկնվի, եթե նա նորից փորձի իշխանությանը քննադատել և նման հայտարարություններ անել։

Խաչատրյան. - Օդում կախված այդ Ձեր նշած ամեն ինչը ես այս երկու տարվա ընթացքում տեսնում եմ միայն Գագիկ Ծառուկյանի պարանոցից կախված՝ պետական պարգև, օլիմպիական ամենաբարձր պարգև... մի՞գուցե սա էլ նկատի ունեին։

Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին պարգևատրում է Պատվո շքանշանով

Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին պարգևատրում է Պատվո շքանշանով

Կվերադառնա արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը, թե՞՝ ոչ, ԲՀԿ-ում փորձում են միանշանակ պատասխան չտալ: Ամեն դեպքում Լյովա Խաչատրյանը շեշտում է, որ հանրության ձայնը պետք է լսել, իսկ հանրությունը ցանկանում է Ծառուկյանի վերադարձը:

Խաչատրյան. - Մենք բոլորս ենք պարտավոր ժողովրդի ձայնին ականջալուր լինելու։ Դա մեր սրբազան պարտականությունն է։

«Ազատություն». - Նկատի ունեք, որ նրան առաջիկայում կտեսնենք որպեսզ ԲՀԿ կուսակցության ղեկավա՞ր։

Խաչատրյան. - Ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է ականջալուր լինենք, եթե ժողովրդի կողմից կա որևէ խնդիր բարձրացված, մենք պետք է ականջալուր լինենք՝ բոլորս, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանը։

«Ազատություն». - Լռություն էր երկու տարի շարունակ, ոչ ոք չէր պահանջում Ծառուկյանի վերադարձը և հանկարծ, երբ ընտրություններին մի քանի ամիս է մնացել, ժողովուրդը սկսեց նրա վերադարձը պահանջել։

Խաչատրյան. - Մեր բոլոր հանդիպումների ժամանակ այդ խնդիրն արծարծվել է, այդ պահանջը դրվել է, դա միշտ եղել է։

Նշենք, որ ընդդիմադիր որոշ ուժեր ընդգծում են, թե Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն համաձայնեցված է իշխանությունների հետ, և նպատակն էլ խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր ձայները փոշիացնելն է: ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը, սակայն, համաձայն չէ այս գնահատականի հետ, թեև չի բացառում, որ Ծառուկյանն իր վերադարձի հարցը գուցե քննարկել է Սերժ Սարգսյանի հետ։

«Ազատություն». - Դուք բացառո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին նորից քաղաքականություն վերադարձնի։

Խաչատրյան. - Ես չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանին վերադարձնել-չվերադարձնելու խնդիր կարող է լինել, քննարկել ինչ-որ մարդկանց հետ, քաղաքական իշխանությունների հետ ինչ-որ հարցեր քննարկել։ Դա ես նորմալ եմ համարում, եթե նման բաներ կլինի և մի՞գուցե կլինի։ Այո, քննարկել կարելի է և՛ նախագահի հետ, և՛ Ազգային ժողովի նախագահի հետ, և՛ իր քաղաքական թիմի հետ, և՛ այլ քաղաքական թիմի հետ, և՛ հակառակորդ քաղաքական թիմերի հետ, ի՞նչ է, մենք Ադրբեջանի, Թուրքիայի հետ չե՞նք քննարկում հարցեր, մեր նախագահն, ի՞նչ է, Ալիևի հետ քննարկումներ չի՞ անում։

Հավելենք, որ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից փորձեցինք պարզել, թե ի վերջո, կլսի՞ Ծառուկյանը հանրությանն ու նաև իր կուսակիցների ձայնը, և կվերադառնա՞ քաղաքականություն, Տոնոյանն ասաց, թե դեռևս այս հարցը Ծառուկյանի հետ քննարկելու հնարավորություն չի ունեցել, քանի որ նա բացակայում է Հայաստանից։ Ամեն դեպքում սա այն թեման է, որի մասին, ըստ Տոնոյանի, վերջնական դիրքորոշում կարող է հայտնել միայն Գագիկ Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյան

«Գիտեք, իհարկե, մշտապես Գագիկ Ծառուկյանն ինքն էլ է անձամբ նշել՝ և՛ մասնավոր խոսակցություններում, և՛ հրապարակային, որ իհարկե շատ հարգանքով է վերաբերում բոլոր այն մարդկանց կոչերին, հորդորներին, խնդրանքներին, որոնք հնչում են իր քաղաքականություն վերադառնալու հավանականության թեմայի հետ կապված, սակայն, թե ինչպիսի՞ն կլինեն դեկտեմբերի 3-ին կայանալիք կուսակցության քաղխորհրդի նիստին տեղի ունեցող իրադարձությունները, դրան հաջորդող իրադարձությունները, այս պահի դրությամբ ես որևէ տեղեկատվություն չունեմ, քանի որ առիթ չի եղել այդ մասին պարոն Ծառուկյանի հետ խոսելու, նա մասնավոր այցով բացակայում է երկրից և վերադառնալուց հետո նոր միայն հնարավոր կլինի իրենից հստակեցնել «ապա»-ի, «եթե»-ի և «հնարավոր»-ի համադրությունը, թե ինչպիսին կլինի, այս պահին ես որևէ ինֆորմացիա չունեմ դետ այդ մասին», - ասաց Տոնոյանը։

XS
SM
MD
LG