Մատչելիության հղումներ

Պարզվել է Վանաձորում 32-ամյա ծննդկանի մահվան պատճառը՝ արտաքին սուր արյունահոսություն


Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է «Վանաձոր բժշկական կենտրոնում» 32-ամյա ծննդկանի մահվան պատճառը, այն է՝ հեմոռագիկ շոկ՝ պայմանավորված ներքին օրգանների և անոթների սուր արյունապակասությամբ։ Այդ մասին հայտնում է Քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«32-ամյա կինը առաջնածին ախտորոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 2016 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գտնվելով բժիշկների հսկողության ներքո՝ 21 օր անց` 2016 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 18:40-ին, կինը ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հաջորդ օրը` հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:40-ին, նույն բաժանմունքում նա մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, և ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ կնոջ մահվան պատճառները պարզելու ուղղությամբ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն: Նոյեմբերի 29-ին վարույթն իրականացնող մարմինն ստացել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։ Ըստ այդմ՝ փորձագետները կնոջ մոտ ախտորոշել են ծննդաբերական պատռվածք, արտաքին սուր արյունահոսություն, ներքին օրգանների և անոթների սուր արյունապակասություն», - ասված է հաղորդագրությունում:

Քննիչը նույն օրը՝ նոյեմբերի 29-ին, որոշում է կայացրել նշանակել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն՝ բժշկի սխալի առկայությունը պարզելու համար: Նախաքննությունը շարունակվում է, քննության արդյունքների մասին Քննչական կոմիտեն տեղեկություն կտրամադրի լրացուցիչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG