Մատչելիության հղումներ

logo-print

Ազատամարտիկին ծեծի ենթարկածները վերջապես ներկայացան դատարան


Ազատամարտիկ Վարդան Թումանյան, արխիվ

Ազատամարտիկ Վարդան Թումանյան, արխիվ

2014 թ․ իր տան բակում ծեծի ենթարկված, ավելի ուշ՝ հիվանդանոցում մահացած 54-ամյա ազատամարտիկ Վարդան Թումանյանի գործով մեղադրվողները պնդում են, թե մահը վրա է հասել ոչ թե ծեծի, այլ կաթվածի հետևանքով: Տուժողի իրավահաջորդները համաձայն չեն:

Գործով գլխավոր մեղադրյալ՝ 31-ամյա Գևորգ Սարգսյանն ու մյուս ամբաստանյալ Սարգիս Ղուկասյանն այսօր վերջապես դատարան ներկայացան։ Նախորդ նիստին դատավորը որոշել էր բերման ենթարկել նրանց՝ դատական նիստերից անհարգելի պատճառով բացակայելու համար։

Մահացածի հարազատներն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում պնդում էին, որ ազատության մեջ գտնվող ամբաստանյալները խոչընդոտում են արդար դատաքննությանը:

Ամբաստանյալներն այսօր հայտարարեցին, թե նախորդ նիստին չեն ներկայացել, քանի որ վթարի էին ենթարկվել: Դատական նիստից հետո Գևորգ Սարգսյանը «Ազատությանը» ասաց, թե չի ընդունում մեղքը՝ ինքը ազատամարտիկին չի ծեծել: Ապա նրան միացան դատարան եկած նրա ընկերները, հայտարարելով, թեՎարդան Թումանյանը մահացել է ոչ թե ծեծի, այլ կաթվածի հետևանքով։

Համաձայն քրեական գործի նյութերի, Գևորգ Սարգսյանը և նրա զարմիկներ Սարգիս Ղուկասյանն ու Վիկտոր Հովսեփյանը մեղադրվում են 54-ամյա ազատամարտիկին ծեծելու մեջ։ Մինչ Սարգսյանը հայտարարում է, թե Թումանյանին մատով չի կպել, դիակի դատաբժշկական երկու փորձաքննությունների եզրակացություններում էլ հստակ նշված է՝ Վարդան Թումանյանի մարմնի վրա առկա են եղել վնասվածքներ։

Առաջին փորձաքննությունը ապացուցված էր համարել, որ Թումանյանը մահացել է ծեծի հետևանքով։ Մինչդեռ երկրորդ փորձաքննության եզրակացության մեջ նշված է՝ չնայած վնասվածքներին, մահը վրա է հասել կաթվածի հետևանքով։

Այդ փաստաղթի ի հայտ գալուց հետո առաջադրված հոդվածները մեղմացվեցին․ այժմ Թումանյանի նկատմամբ բռնություն գործադրածները մեղադրվում են ոչ թե առողջությանը ծանր, այլ միջին ծանրության վնաս հասցնելու մեջ։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանն այսօր դատարանին միջնորդեց երրորդ փորձաքննությունը նշանակել, հստակեցնելու՝ ինչ ազդեցություն են թողել ծեծի հետևանքով առաջացած վնասվածքները ազատամարտիկի վրա։ Ասաց, թե նախաքննական մարմինը խոչընդոտել է, որ իրենք էլ մասնակցեն երկրորդ փորձաքննությանը և ապացույցներ ներկայացնեն, որ դրա անցկացումը անհիմն ու կասկածելի է։

Ամբաստանյալների պաշտպան Կարեն Մկրտչյանը, մինչդեռ, պնդում է՝ հենց երկրորդ փորձաքննությունն է արտացոլում իրականությունը: Նա դատարանին խնդրեց մերժել հիշալ միջնորդությունը։ Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 22-ին։

XS
SM
MD
LG