Մատչելիության հղումներ

Զուրաբյան. Սերժ Սարգսյանը նոր է նկատել, որ Հայաստանում գործում է շուրջօրյա էլեկտրամատակարարում


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վստահ է, որ Սերժ Սարգսյանն օգտագործում է Կարեն Կարապետյանին՝ 2017 թվականի ընտրություններում Հանրապետականի հաղթանակն ապահովելու և 2018 թվականից հետո երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար:

Զուրաբյանի համոզմամբ, «Ալ-Ջազիրա»-ին տված հարցազրույցում, Սերժ Սարգսյանը հենց սա նկատի ուներ՝ ասելով, թե «վարչապետ դառնալու իր որոշումը կախված է Հանրապետականի հաղթանակից»:

«Կարեն Կարապետյանի ֆիգուրն օգտագործվում է 2017 թվականի ապրիլի ընտրություններում արդյունք գրանցելու համար, բայց համաձայն հենց Սերժ Սարգսյանի ասածի, ինքը դառնալու է վարչապետ 2018 թվականից, որովհետև ինքն ասում է՝ «իմ վարչապետ լինելու հարցը կախված է այդ արդյունքից»։

Նշենք, որ հանրապետականների պնդմամբ, Կարեն Կարապետյանի անդամագրումը ոգևորել է ոչ միայն կուսակիցներին, այլև անկուսակցականներին, և դրա ապացույցը մեկ օրում մի քանի հազար քաղաքացիների անդամագրումն է իշխող ուժին: Մինչդեռ ՀԱԿ խմբակցության ղեկավարը պնդում է՝ մարդկանց ստիպողաբար են հանրապետական դարձրել:

Զուրաբյան. - Դա ամենախայտառակ բանն է։ Իրականում, գիտեք, որ մասսայաբար ստիպել են ջրի, լույսի, էլեկտրականության, գազի աշխատողներին ընդգրկվել կուսակցության մեջ։ Նրանք այնքան են կտրվել իրականությունից, որ չեն հասկանում, որ նման քայլը, հատկապես ընտրություններից առաջ, հենց այն մարդկանց մոտ, ում իրենք պարտադրել են մտնել այդ կուսակցություն, առաջացնելու է զզվանքի, ատելության, օտարման զգացում։

«Ազատություն». - Գուցե հաճույքո՞վ են մտել, պարոն Զուրաբյան, ինչո՞ւ եք այդպես ասում։

Զուրաբյան. - Գիտեք, մարդիկ կան, որոնք, սենց ասեմ, բռնությունից հաճույք են ստանում, հետո՞։

«Ազատություն». - Պարոն Զուրաբյան, իսկ ինչպե՞ս եք գնահատում այն հայտարարությունը, որ Հայաստանում արդեն բարեկեցիկ են ապրում մարդիկ, և շուրջօրյա ջրամատակարարում կա, շուրջօրյա հոսանք կա, իսկ մնացած լավ բաները կարծես թե սկսում են չզգալ։

Զուրաբյան. - Ես արդեն նկատում եմ, որ Հանրապետական կուսակցությունը ձեռք է բերում ծերունական զառամյալի բոլոր սիմպտոմները, որոնք բնորոշ էին КПСС-ին [ԽՄԿԿ՝ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն] արդեն 70-ական, 80-ական թվականներին։ Շուրջօրյա էլեկտրական մատակարարումը Հայաստանում գործում է 1995 թվականից։

«Ազատություն». - Ասում է՝ այդ լավ բաներն այլևս դուք չեք նկատում, պարոն Զուրաբյան։

Զուրաբյան. - Հա, 1995 թվականից հետո նոր Սերժ Սարգսյանը նկատել է, որ այլևս Հայաստանում գործում է շուրջօրյա էլեկտրական մատակարարո՞ւմ։

«Ազատություն». - Ինչո՞ւ է նա այդ մասին խոսում։

Զուրաբյան. - Եթե ուրիշ դրական բան չկա, ինչի՞ մասին խոսի։

Հակադարձելով Սերժ Սարգսյանի այն պնդմանը, թե վերջին տարիների ընթացքում շատ է հղկվել Հանրապետականների հանրային խոսքը, նրանք այլևս չեն վիրավորում կամ ծաղրում ըննդիմախոսներին` Լևոն Զուրաբյանը խորհուրդ տվեց մի փոքր պարզապես սպասել և Հանրապետականն իր իրական դեմքը կրկին ցույց կտա:

Ի դեպ նկատենք, չնայած Սերժ Սարգսյանը պնդում է, թե այլևս չեն վիրավորում կամ ծաղրում իրենց ընդդիմախոսներին, սակայն անցած տարի փետրվարին Սարգսյանն, ինչպես նաև Հանրապետականի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ բազմաթիվ վիրավորական հայտարարություններ հնչեցրեցին Գագիկ Ծառուկյանի հասցեին, ով ստիպված հեռացավ քաղաքականությունից:

«Մենք հետևողականորեն փոխել ենք կուսակցական գործիչների կողմից նախկինում շատ տարածված խոսելաձևը, քամահրական կամ վիրավորական պատասխանելը ընդդիմախոսներին, ուժի դիրքերից հանդես գալը, ծաղրելը և այլն։ Բոլոր այս տիպի երևույթներն էապես նվազել են։ Չտեսնել դա, առնվազն արդար չէ», - հայտարարել էր Սերժ Սարգսյանը։

«Մի քիչ ընտրությունների գործընթացը թեժանա, բառապաշարն էլ հետ կվերադառնա, նրանց էդ բոլոր դեմքերը, որ սովորաբար ապահովվում են Հանրապետականի հաջողությունը, դրանք բոլորը կվերադառնան։ Ես կարծում եմ, որ Դուք դեռ իրական դեմքը Հանրապետական կուսակցության բազմաթիվ առիթներ կունենաք տեսնելու։ Շատ չկարոտեք», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Զուրաբյանը։

Ի դեպ, արձագանքելով ընդդիմախոսների հիշեցմանը, թե շուրջօրյա էլեկտրամատակարարում Սերժ Սարգսյանից առաջ էլ եղել է, իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չժխտեց՝ «եղել է, բայց այն մակարդակի վրա չէ եղել, ինչ այսօր»:

«Հա, կարող է, ի՞նչ է պատահել։ Կարող է ունեցել ենք մի երկու-երեք տարի առաջ էլ, բայց այն մակարդակի վրա դրված չի եղել, որը որ հիմա։ Եթե հիշում եք, այն ժամանակ տատանումներ էին լինում բավականին, բավականին սարքավորումներ, դատական պրոցեսներ, որն էլ դեռ օրենսդրորեն կարգավորված չէր և բավականին լուրջ դժգոհություն կար քաղաքացիների մոտ, բավականին լուրջ տատանումներ, լուրջ վնասներ էր հասցնում, բայց կարծես թե այդ բոլոր խնդիրները լուծվել են։ Չէր էլ կարող չլուծվել, որովհետև, եթե տարիները գնում են, ժամանակը գնում է, գիտությունը զարգանում է, և այդ ամենի հիմքում մենք էլ հետ չենք մնացել և կարողացել ենք կարգավորել նաև դա», - ասաց Բաղդասարյանը։

XS
SM
MD
LG