Մատչելիության հղումներ

Նախագահ․ Էականորեն աճել է բնակչության բարեկեցությունը


Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի 16-րդ համագումարում, Երևան, 26-ը նոյեմբերի, 2016 թ․

Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի 16-րդ համագումարում, Երևան, 26-ը նոյեմբերի, 2016 թ․

Իշխող Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարում ունեցած իր ծրագրային ելույթում Սերժ Սարգսյանը նաև հայտարարեց, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել որպես վարչապետ:

Եթե Հանրապետական կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում ստանա քվեների մեծամասնությունը, կառավարությունը կշարունակի գլխավորել Կարեն Կարապետյանը: Այս մասին այսօր հայտարարեց կուսակցության առաջնորդ, նախագահ Սերժ Սարգսյանը՝ մարզահամերգային համալիրում հրավիրված՝ ՀՀԿ 16-րդ համագումարում: Ծավալուն ելույթ ունենալով կուսակիցների ու հյուրերի առջև, Սարգսյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն փորձելու է ավելացնել իր դերակատարումը՝

«Հանրապետականը գալիք խորհրդարանական ընտրություններին ներկայանալու է հասարակության մեջ լայն հեղինակություն վայելող ու վստահություն ներշնչող անհատների և բաց քաղաքական դաշտում բոլորի հետ հավասար պայմաններում մրցել ու գաղափարներով հաղթել կարողացող գործիչների կուռ թիմով, գրագետ համադրությամբ։ Ասեմ նաև, որ գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կրկին կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը»:

Այլ չակերտներ Սարգսյանը չբացեց․ ինչո՞վ կզբաղվի ինքը 2018-ին՝ թողնելով նախագահի պաշտոնը, կամ կգլխավորի՞ արդյոք նաև Հանրապետականի նախընտրական ցուցակը երեկ կուսակցությանն անդամագրված վարչապետը: Նախագահն իր անվերապահ աջակցությունը հայտնեց Կարեն Կարապետյանին՝

«Բոլորիս անունից ողջունում եմ Հանրապետականի շարքերը համալրելու՝ վարչապետ Կարեն Կարապետյանի և կառավարության մեր մյուս գործընկերների որոշումը: Վստահ եմ, որ պարոն Կարապետյանի խանդավառ ոճն ու կառավարչի տաղանդը լիովին կբացահայտվեն այս պաշտոնում և նոր ոգևորություն կբերեն մեր թիմի անդամներին»:

Մի շարք քաղաքներում ու գյուղերում անցկացված վերջին ընտրությունները վկայակոչելով՝ Սերժ Սարգսյանը խոսուն ցուցանիշ համարեց, որ համայքների 70 տոկոսում Հանրապետականն է հաղթել, միաժամանակ, սակայն, կուսակցության առաջնորդը չանդրադարձավ ո՛չ Վանաձորում ու Գյումրիում ստեղծված հետընտրական վիճակին, ո՛չ էլ կեղծիքների և ընտրակաշաքռի մասին ընդդիմադիրների ահազանգերին:

«․․․Ամեն ինչ անում ենք ու անելու ենք, որ այդ քվեին արժանանանք արդար և ազնիվ ընտրական գործընթացի պայմաններում։ ․․․Մենք արդեն շատ լուրջ ջանքեր ենք ներդրել, որպեսզի պատմական համաձայնության գանք ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ ընտրական գործընթացի կազմակերպման առանցքային խնդիրների շուրջ: Այժմ մեր առաջնահերթ խնդիրն է՝ 2017 թվականի գարնանը կազմակերպել և անցկացնել անբիծ ընտրություններ»,- նաև ասաց Սարգսյանը:

Իր ելույթի առյուծի բաժինը նա նվիրեց տնտեսությանը՝ հայտարարելով, թե վերջին 9 տարիներին Հայաստանն արձանագրել է ավելի քան 29 տոկոսի աճ, այն դեպքում, երբ Եվրոպայում տնտեսական աճը չի հասել անգամ 9 տոկոսի: Իր պաշտոնավարման տարիներն ամփոփելով՝ նախագահն ընդգծեց՝ նվազագույն աշխատավարձը 20 հազարից հասել է 55 հազար դրամի, թոշակը 2007 թվականի 12 հազար դրամի փոխարեն այժմ 42 հազար է: Այս թվերի կողքին Սարգսյանն այդպես էլ չհիշատակեց գնաճը, կոռուպցիան ու մենաշնորհները:

«․․․էականորեն մեծացել է բնակչության բարեկեցությունը։ Բայց ինչպես ասում են, եթե նախկինում քչով բավարարվում էինք, այսօր ավելի մեծ կարիքներ ունենք։ Մարդու էությունն է այդպիսին. շատ բաներ, որոնք արդեն կան, ասենք շուրջօրյա էլեկտրամատակարարում կամ ջրամատակարարում, լուսավորված ու ծաղկազարդ փողոցներ և այլն, մարդիկ սկսում են չնկատել, բայց որևէ բանի բացակայությունը նկատում են միանգամից»:

Խիստ քննադատության արժանացած արտաքին պարտքին անդրադառնալով՝ Սերժ Սարգսյանը վստահեցրեց, թե այն կատարել է իր հիմնական նպատակը՝ տնտեսությունը դիմագրավել է ֆինանսական անբարենպաստ վիճակին, գումարի հիմնական մասը ներդրվել է հեռանկարային ծրագրերում, օրինակ՝ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհը, անվտանգությունը՝

«Այն, բնականաբար, չի վատնվել ընթացիկ ծախսերի վրա։ Գալիք տարիների փոփոխությունները լինելու են բեկումնային, քանի որ հասել ենք այն կետին, որտեղ, թեկուզ ինչ-որ չափով ձգելով մեր գոտիները, սահմանափակելով ու ընդունելով պահպանողական բյուջե, կարողացել ենք արդյունավետ դիմագրավել մարտահրավերներին, ապահովել տնտեսական աճ, բարձրացնել տնտեսության մրցունակությունը, մեծացնել արտահանումը։ Այլևս անցյալ է պարզապես դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը։»

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն ժողովրդի ազատ ինքնորոշմամբ, համագումարի ամբիոնից պաշտոնական Երևանի դիրքորշումը ներկայացրեց Սերժ Սարգսյանը՝ պնդելով, թե քանի դեռ անորոշության է մատնված Ղարաբաղի կարգավիճակը, որևէ այլ հարց լուծում չի կարող գտնել:

«Մենք հստակ գնահատում ենք տարածաշրջանում եղած ուժերի հավասարակշռությունը: Մենք Բաքուն գրավելու և կապիտուլյացիա պարտադրելու ռազմաքաղաքական խնդիր չենք հետապնդում: Սակայն, նաև շատ լավ գնահատում ենք, թե ինչ տեսակի անդառնալի կորուստ կարող ենք հասցնել հակառակորդին: Կարծում եմ՝ ավելի մանրամասնելու կարիքը չկա»,- ասաց Սարգսյանը:

Նա «Ուժեղ Հայաստան»-ը հռչակեց, որպես հայաստանցիներին միավորող գաղափար: «Հավատանք, որ փոխենք», խորհրդարանական նախորդ ընտրություններին ընդառաջ հրավիրված համագումարում էլ դա էր ասել նախագահը․ հետագայում այն դարձավ կուսակցության նախընտրական կարգախոսը:

XS
SM
MD
LG