Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի վերընտրված առաջնորդն այսօր 7 պատգամ հղեց իր կուսակիցներին


ՀՀԿ համագումարում, 26-ը նոյեմբերի, 2016 թ․
ՀՀԿ համագումարում, 26-ը նոյեմբերի, 2016 թ․

Իշխող ուժի համագումարում բազմաթիվ էին ելույթները, որոնցում հռետորները շնորհակալություն էին հայտնում երկրի նախագահին՝ «Հայաստանն, ապահով, բարեկեցիկ ու ժողովրդավար դարձնելու համար»:

Նախագահ Սերժ Սարգսյանը կշարունակի գլխավորել Հանրապետական կուսակցությունը։ Իշխող ուժն այսօր տեղի ունեցած համագումարում միակ թեկնածու Սերժ Սարգսյանին միաձայն կուսակցության նախագահ վերընտրեց։ «Շնորհակալ եմ, աշխատել եմ ու աշխատելու եմ նույն եռանդով»,- խոստացավ Սարգսյանը:

Արդյո՞ք ՀՀԿ նախագահ վերընտրվելը 2018 թվականին քաղաքականությունից չհեռանալու հայտ է, համագումարի ընթացքում Սերժ Սարգսյանն այդպես էլ չանդրադարձավ այս հարցին: Իր երկրորդ ելութում հանրապետականի ղեկավարը 7 պատգամ հղեց կուսակիցներին:

«Ձեր առաջին հոգսը թող լինի մեր երկրի անվտանգությունը», «Ձեր ջանքերն ուղղեք մեր ազատ ու ինքնիշխան երկրում օրինականության և արդարության ամրապնդմանը», «Խաղաղությունը սահմանին անխախտ է, երբ խաղաղ է սահմանից ներս», «Միայն մարտահրավերներին հետևող հայացքը բաց է թողնում հնարավորությունը հնարավորության հետևից, ձեր ջանքն ուղղեք մեր ստեղծագործ ժողովրդի համար նոր հնարավորություններ փնտրելուն», «Հինգերորդ ջանքը թող լինի հայաստանցու բարեկեցության, աշխատանքի ու ապահովության, ձեռներեցության ու նորարարության առաջընթացի ապահովումը», «Վեցերորդ ջանքն ուղղեք մեր փառապանծ ժողովրդի անցյալն ու ապագան կամրջելուն։ Սա փոքրաթիվ ժողովրդի հարատևության մեկ այլ խորհուրդն է», «Եվ վերջապես՝ ձեր յոթերորդ ջանքն ուղղեք վերաիմաստավորելու ձեզ բաժին հասած ժամանակն ու դրա առաջադրած խնդիրները»։

Խոսելով անգամ ջրամատակարարման որակի բարձրացումից, Սերժ Սարգսյանը տարեկան հաշվետվության մեջ այդպես էլ չանդրադարձավ հուլիսյան դեպքերին, կապված՝ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման հետ: Կուսակիցներին պատգամներ հղելու ընթցքում միայն ակնարկեց՝ «Երկրում զենքով հարցեր չեն լուծվում»:

ՀՀԿ պատվիրակներն այսօր միաձայն քվեարկեցին նաև կուսակցության գործադիր մարմնի նոր կազմի հաստատման օգտին: Նախկին 19-ի փոխարեն, իշխող ուժն այսուհետ կունենա գործադիրի 21 անդամ, որոնցից 4-ը նորեկներ՝ Վարչապետ Կարեն Կարաեպտյան, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան և ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյան: Կուսակցության ղեկավար կազմում ընտրված Կարեն Կարապետյանն այսօր ելույթ չունեցավ, իսկ համագումարի սկզբում, պատասխանելով լրագրողների հարցերին, միայն նշեց՝ ավելացնելու ոչինչ չունի:

ՀՀԿ գործադիր մարմնի նոր կազմում իրենց տեղը պահպանեցին պաշտոնից հեռացած՝ նախկին Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը: Համագումարում նաև կուսակցության նախագահի առաջին տեղակալի հաստիք սահմանվեց: Թե ով կզբաղեցնի այդ պաշտոնը, կորոշվի արդեն խորհրդի նիստում: Կուսակցության խոսնակ էդուարդ Շարմազանովը, սակայն, ակնկարկեց, որ այդ մարդը կարող է լինել Կարեն Կարապետյանը:

ՀՀԿ-ին երեկ անդամակցելուց և այսօր արդեն գործադիրի կազմում ընդգրկված Պաշտպանության նախարար Վիգեն Սարգյսանն էլ, պատասխանելով «Ազատության» հարցին, հայտարարեց․ իր կողմից ներկայացված՝ զինծառայողների սոցիալական աջակցությանն առնչվող նախագծում քաղաքացիներից պարտադիր 1000-ական դրամ գանձելու դրույթը չի հանվելու:

ՀՀԿ-ի այսօրվա համագումարին ողջույնի ուղերձներ են հղել ՌԴ վարչապետը, Չինաստանի ժողովրդական կուսակցությունը և ԵԺԿ նախագահը: Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, ԵԺԿ նախագահն իր ուղերձում անդրադարձել է «Սասնա ծռեր»-ի գործողությանը՝ մասնավորապես նշելով․ «Այս ամռանը Հայաստանին մեծ վիշտ պատճառած բռնություններից հետո ձեր երկիրը կարիք ունի ուշքի գալու և լարվածությունը թուլացնելու»:

Համագումարի ամենածավալուն՝ մոտ 2 ժամ տևած հատվածներից մեկը նվիրված էր Հանրապետական կուսակցության մարզային ներկայացուցիչների, այլ անդամների հայտարարություններին: Այդ ընթացքում մի շարք դպրոցների տնօրեններ, տարբեր բուհերի ամբիոնների վարիչներ, իրար հաջորդելով գովերգում էին իշխող ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, նրանցից մեկի բնորոշմամբ՝ «Հայաստանը, ապահով, բարեկեցիկ ու ժողովրդավար դարձնելու համար»:

Համագումարի ավարտին ՀՀԿ համագումարի պատվիրակները միաձայն ամփոփիչ բանաձև ընդունեցին, որը դառնալու է իշխող կուսակցության քաղաքական փաստաթուղթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG