Մատչելիության հղումներ

ՀՀԿ համագումարը ողջունել են ՌԴ վարչապետը, ԵԺԿ նախագահը, Չինաստանի Ժողովրդական կուսակցությունը


ՀՀԿ 16-րդ համագումար, 26-ը նոյեմբերի, 2016 թ․

ՀՀԿ 16-րդ համագումար, 26-ը նոյեմբերի, 2016 թ․

Մեդվեդևն իր խոսքում կարևորել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը: ԵԺԿ նախագահն, ի շարս այլ հարցերի, անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, նոր Սահմանադրության կենսագործմանը, նաև ընդգծել՝ կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը:

Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարն իր ուղերձով ողջունել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: ՀՀԿ պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Ռուսաստանի վարչապետը, մասնավորապես, նշել է՝

«Ողջունում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարի պատվիրակներին և հյուրերին: Մեր երկրները կապված են միմյանց հետ ընկերական և բարիդրացիական դարավոր կապերով: Մեր կապերն առավել ամրապնդվեցին Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցմամբ, ստեղծվեցին նոր հնարավորություններ խոշոր փոխշահավետ նախագծերի իրականացման համար:

Այսօր երկու պետությունների կառավարությունները մեծ ուշադրություն են դարձնում եվրասիական տարածքում ինտեգրման գործընթացների խորացմանը, Անդրկովկասում անվտանգության ու կայունության ապահովմանը: Ռուս-հայկական հարաբերություններն ընդգրկում են բազում ոլորտներ՝ առևտրատնտեսական, էներգետիկ, ներդրումային, մշակութային և հումանիտար: Այս բազմապլանային գործընկերության կարևոր մաս է կազմում «Միասնական Ռուսաստան» կուսակցության և Հայաստանի Հանրապետական կուսակցության կառուցողական համագործակցությունը»:

Ըստ ՀՀԿ կայքջի, համագումարին ողջույնի խոսք է հղել նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության Նախագահ Ժոզեֆ Դոլը: «Դժբախտաբար ես չեմ կարողացել միանալ ձեզ այսօր, բայց այնուամենայնիվ ցանկանում էի ձեզ հասցեագրել այս բարեկամական ուղերձը ձեր համագումարի կապակցությամբ, որը տեղի է ունենում ձեր կուսակցության և ձեր երկրի համար շատ կարևոր պահի: Այս ամռանը Հայաստանին մեծ վիշտ պատճառած բռնություններից հետո ձեր երկիրը կարիք ունի ուշքի գալու, լարվածությունը թուլացնելու, նոր թափ հաղորդելու իր որդեգրած բարեփոխումների ճանապարհին՝ ճանապարհին դեպի Եվրոպա:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այս գործընթացի հաջողության հիմնական դերակատարն է: Որպես իշխող քաղաքական կուսակցություն՝ դուք կրում եք քաղաքական կայունությունը վերականգնելու, կոռուպցիայի դեմ պայքարելու, իրավական պետության սկզբունքներն ամրապնդելու, դատական համակարգի անկախությունն ապահովելու պատասխանատվություն: Այս ամենը կարևոր է հայ ժողովրդի համար, որն արժանի է ապրելու ժամանակակից, բարգավաճ և կայուն երկրում:

Այս ամենը կարևոր է՝ ապահովելու համար կայունություն տարածաշրջանում, որը կարող է միայն օգուտ քաղել այդպիսի երկրի գոյությունից: Այս ամենը կարևոր է նաև Հայաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների խորացման համար, ինչը միշտ առաջ է քաշվել և աջակցության արժանացել ԵԺԿ-ի կողմից: Եվ մենք կշարունակենք ձեզ աջակցել և աշխատել ձեզ հետ, որպեսզի պաշտպանենք և առաջ քաշենք մեր ընդհանուր եվրոպական արժեքները և հասնենք գործընկերության և խորացված ու փոխշահավետ համագործակցության նոր համաձայնագրի:

Ես միշտ բարձր եմ գնահատել համագործակցությունը ձեր կուսակցության և հատկապես նախագահ Սարգսյանի հետ, որի հետ ես միշտ հետաքրքիր շփումներ եմ ունեցել ԵԺԿ-ի ընդլայնված գագաթաժողովների շրջանակներում: Հարգելի ընկերներ, նախորդ տարվա դեկտեմբերին կայացած հանրաքվեի միջոցով վավերացվել է սահմանադրական բարեփոխումների ձեր ծրագիրը: Բոլոր այն քաղաքացիները, որոնք կողմ են քվեարկել Սահմանադրության փոփոխություններին, անկասկած դա արել են այն հույսով, որ նոր Սահմանադրությունը՝ նոր ընտրական օրենքի հետ մեկտեղ, կկարողանա նպաստել ավելի կայուն, ավելի զարգացած և ավելի ժողովրդավարական պետության կառուցմանը:

Այժմ դուք պետք է նրանց ապացուցեք, որ այդ հույսը հիմնավոր էր: Բոլոր քաղաքական ուժերը պետք է համատեղ աշխատեն, որպեսզի ապահովեն, որ 2017 թվականի պառլամենտական ընտրությունները լինեն ազատ, արդար, թափանցիկ, խաղաղ, միջազգային ստանդարտներին համապատասխան: Հենց դուք եք ամենից առաջ կրում դրա պատասխանատվությունը, քանզի որքան մեծ է իշխանության չափաբաժինը, այնքան մեծ է ստանձնած պատասխանատվությունը:

Այսօր դուք քվեարկելու եք, որպեսզի վերահաստատեք ձեր վստահությունը նախագահ Սարգսյանի հանդեպ, որպեսզի ընտրեք նոր գործադիր մարմին և նոր խորհուրդ, որպեսզի հավանություն տաք մի ծրագրի, որն առաջիկա տարիներին ձեզ կծառայի որպես ուղեցույց»,- նշված է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահի ուղերձում:

Ըստ նույն աղբյուրի, Չինաստանի Ժողովրդական Կուսակցություն կենտրոնական կոմիտեն ՀՀԿ 16-րդ համագումարին հղած իր ուղերձում, մասնավորապես, նշել է՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Հայաստանի քաղաքական ասպարեզի ամենածանրակշիռ ուժն է իրենից ներկայացնում: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, իր ակտիվ ղեկավարի առաջնորդությամբ, որպես իշխող կուսակցություն ունեցել է կարևոր դերակատարություն և հասել է ակնառու հաջողությունների տնտեսական զարգացման աջակցության և երկրի բնակչության սոցիալական աճի և բարեկեցության բարելավման ուղղություններով:

Վերջին տարիների ընթացքում Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը միմյանց միջև պահպանում են սերտ կապեր՝ շարունակաբար խորացնելով համագործակցությունը և փոխվստահությունը միմյանց միջև: Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը պատրաստ է փոխադարձ անկախության, ինքնուրույնության, հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու հիման վրա հետագայում զարգացնել բարեկամական համագործակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ՝ ի նպաստ երկու ժողովուրդների միջև ձևավորված ավանդական բարեկամության՝ այդ կերպ նոր ներդրում ունենալով հայ-չինական միջպետական բազմակողմանի հարաբերությունների զարգացմանը:

Ցանկանում ենք, որ Ձեր կուսակցությունը հասնի նոր հաջողությունների՝ ի նպաստ Հայաստանի բարգավաճման և իր ժողովրդի երջանկության: Մաղթում ենք Չինաստանի և Հայատանի ժողովուրդների միջև հարատև բարեկամություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG