Մատչելիության հղումներ

Թաթոյանը ՄԱԿ-ի հանձնակատարին է փոխանցել ԼՂ օմբուդսմենի զեկույցն ու Ղարաբաղ այցելելու հրավերը


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնին:

Օմբուդսմենի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, Թաթոյանը գերագույն հանձնակատարին է ներկայացրել այս տարվա ապրիլի սկզբին ադրբեջանական ռազմական ագրեսիայի ընթացքում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կատարած՝ մարդու իրավունքների հիմնարար խախտումները՝ դաժանությունների կոնկրետ օրինակներով:

Պաշտպանը գերագույն հանձնակատարին է փոխանցել Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրապարակած՝ այդ դեպքերը վերլուծող զեկույցները, ինչպես նաև արգելված զինատեսակների և քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ թիրախավորված հարձակումների վերաբերյալ տվյալները՝ կոնկրետ փաստերով:

Մարդու իրավունքների խորհրդի 33-րդ նիստի ընթացքում գերագույն հանձնակատարն իր բացման խոսքում նշել էր, որ Լեռնային Ղարաբաղ այցելելու հնարավորություն չունի և այդ իսկ պատճառով չի տիրապետում այնտեղ մարդու իրավունքների վիճակին:

Այս կապակցությամբ Պաշտպանը հանձնակատարին է փոխանցել ԼՂ մարդու իրավունքների պաշտպանի՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու հրավերը:

Արման Թաթոյանն առանձնապես ընդգծել է միջազգային մակարդակի հանդիպումներին Ղարաբաղի օմբուդսմենի մասնակցության կարևորությունը, քանի որ դա կապ չունի որևէ քաղաքական հարցի հետ և ունի բացառապես իրավապաշտպան և կանխարգելիչ նպատակներ:

Հանդիպման ավարտին գերագույն հանձնակատարն առաջարկել է լինել մշտական կապի մեջ և կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի դերը միջազգային կազմակերպությունների և Հայաստանի իշխանությունների հետ կապի հարցերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG