Մատչելիության հղումներ

logo-print

ԿԳ նախարար․ Հայաստանում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու հարց չի կարող գոյություն ունենալ


«Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է: Մեր անկախության հիմնարար արժեքներից մեկն է «Լեզվի մասին» օրենքը և փոփոխության ենթակա չի», - այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Նախարարի պնդմամբ, սակայն, գիտակրթական տարածք համարվելու համար կա ռուսերենի իմացությունը զարգացնելու անհրաժեշտություն․ - «Ռուսաց լեզուն, իհարկե, առավել տարածված օտար լեզու է Հայաստանում, և մենք շահագրգռված ենք, որ այդ լեզուն ամրապնդվի, ուժեղանա: Նաև մյուս մեծ մայր լեզու կա օտար՝ անգլերենը, բայց ես, իբրև Կրթության նախարար, նաև շատ անհանգիստ եմ, որ մենք աստիճանաբար սկսում ենք կորցնել գերմաներեն լեզվի մշակույթը, ֆրանսերեն լեզուն՝ ընդամենը մի քանի դպրոց է մնացել: Ռուսաց լեզվի պարագային ունենք ևս մի կարևոր դաշտ, որովհետև մենք գտնվում ենք Եվրասիական տնտեսական գործակցության դաշտում, և ռուսերենը եվրասիական տարածաշրջանում միջպետական հաղորդակցման լեզու է: Ռուսերենը անհրաժեշտ է: Սա մեծացնում է ռուսերեն իմանալու անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետությունում»:

ՅՈւՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան նախորդ շաբաթ հայտարարել էր, որ նախկին խորհրդային երկրներում ռուսերենին պետք է տրվի հատուկ կարգավիճակ:

Արձագանքելով այդ հայտարարությունը՝ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, թե Միտրոֆանովայի ասածը Հայաստանին չի վերաբերում, քանի որ, Քոչարյանի խոսքով, Հայաստանում ռուսաց լեզուն արդեն իսկ հատուկ կարգավիճակ ունի՝ դպրոցներում պարտադիր առարկա է, և դա լիովին բավարար է․ - «Այնպես որ, դրանից ավել էլ ի՞նչ․․․ Նույն կարգավիճակը ունի, ինչ ֆիզիկան, մատեմատիկան, ներողություն, հայոց լեզուն: Եթե մենք խոսում ենք ազգային փոքրամասնությունների մասին, ապա մեզանում ամենամեծ ազգային փոքրամասնությունը եզդիներն են»:

Կրթության և գիտության նախարարն այսօր նաև ասաց, որ մշակվում են օտար լեզուների, այդ թվում՝ ռուսերենի զարգացման հայեցակարգեր, և նախատեսվում է, որ, բացի հանրակրթական դպրոցներում ռուսերենի դասավանդման որակը բարձրացնելուց, մասնագիտացած դպրոցներում ոչ միայն ռուսաց լեզուն, այլ նաև որոշ այլ առարկաներ կդասավանդվեն ռուսերենով․ - «Դպրոցներում մենք բոլոր մայր առարկայախմբերը՝ բնագիտություն և հումանիտար, անցնում ենք մայրենի լեզվով: Մյուս առարկայախումբը, որ պիտի գա՝ լեզվական, գալիս է ավելցնելու և չի ընդգրկում մայր առարկայախմբերին: Սա արդեն երաշխիք է: Ես հանդիպել եմ Ռուսաստանի դեսպանատան, «Ռոսսոտրուդնիչիստվո»-ի հետ․ որևէ այդպիսի հիմնախնդիր իրենք չունեն: Իրենք պարզապես որպես միջհաղորդակցային լեզու․․․ Շահագրգռված ենք, որ, այո, ռուսաց լեզուն զարգանա, խորանա, մեր ժողովուրդը տիրապետի այդ լեզվին, մեր ժողովուրդը արդեն ապրում է Ռուսաստանի Դաշնությունում»:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի կարծիքով, մինչդեռ, վերջին տարիներին բազմաթիվ հայեցակարգեր են մշակվել, սակայն դրանք միայն ժամանակի անիմաստ վատնում են, օտար լեզուների զարգացման համար անհրաժեշտ է կրթական համակարգն արդիականացնել, իսկ ռուսերենին արտոնյալ կարգավիճակ տալու անհրաժեշտություն չկա․ - «Ռուսաց լեզվի մասին մենք կարող ենք խոսել միայն որպես օտար լեզվի մասին: Դրա ուսուցման արդյունավետության, չափերի․․․ էս տեսակ բաներ: Որպես գործիք կարող ենք դիտել․․․ Մնացած խոսակցությունը դա մեր օրակարգը չէ․ դա ռուսական օրակարգ է՝ պարտադրված: Դա, եթե կուզեք, մեր ինքնիշխանության արդեն բանն ա»:

Օրեր առաջ ռուսաստանյան հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Հայաստանում ռուսաց լեզվի պահպանմանն ու տարածմանն ուղղված ջանքերի մասին էր խոսել նախագահ Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ արդեն հաջորդ տարի այդ հարցում մեծ աճ կլինի:

XS
SM
MD
LG