Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր գործիչը պահանջում է կոշտ արձագանքել ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալու առաջարկին


ՅՈւՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի հայտարարությունը, թե՝ «նախկին խորհրդային երկրներում ռուսաց լեզվին պետք է հատուկ՝ օրենսդրական կարգավիճակ տալ», հունից հանել է Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Անահիտ Բախշյանին:

«Տիկին Միտրոֆանովա, ախորժակիդ քացախ։ Սա շղթայի մի օղակն է, որով ուզում են Հայաստանին դարձնեն Ռուսաստանի նահանգ», - ասում է Բախշյանը։

Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, թե իրենց դիրքորոշումը չի տարբերվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումից: Հարցին, թե ե՞րբ է այս թեմայով դիրքորոշում հայտնել նախագահը, արտգործնախարարի խոսնակ Տիգրան Բալայանն ասաց՝ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցի ընթացքում: Հավելենք, սակայն, որ Կիսելյովն այս հարցին չի անդրադարձել, այլ զբոսաշրջության վերաբերյալ է հարցրել նախագահի կարծիքը, այն է, թե ներքին անձնագրով ռուսաստանցիների Հայաստան այցելելու արտոնությունը կնպաստի՞ արդյոք զբոսաշրջության զարգացմանը, նախագահն էլ պատասխանել էր․ - «Մենք անընդհատ ասում ենք, թե ինչպիսի լրացուցիչ ջանքեր է պետք գործադրել, որպեսզի Հայաստանում պահպանվի և տարածվի ռուսերենը։ Հասկանալի է, որ մեթոդներից մեկն այն է, որ ռեստորանում կամ հյուրանոցում, որտեղ ռուս զբոսաշրջիկներ են մնալու, անձնակազմը լավ իմանա ռուսերեն»: «Ազատության» ճշտող հարցին, թե նշյալ հարցազրույցում խոսք չի եղել Միտրոֆանովայի հայտարարության վերաբերյալ, արտգործնախարարի մամուլի խոսնակն ընդգծեց․ - «Հանրապետության նախագահը մանրամասն անդրադարձել է այս հարցին։ Ինչ վերաբերում է կոնկրետ Ձեր կողմից հիշատակված ռուսաստանցի գործչի տեսակետին, ապա ՀՀ տարածքում նման հարցերը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ»:

Ավագանու ընդդիմադիր անդամ, Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Բախշյանըարտգործնախարարությունից դեռ կոշտ պատասխանի է սպասում․ - «Արտգործնախարարությունը բողոքի նոտա պիտի հղեր, բայց գուցե Միտրոֆանովային բանի տեղ չեն դնում, բայց այդ հայտարարությանը չարձագանքել՝ նշանակում է համաձայն լինել։ Եթե համաձայն են, նշանակում է դավաճանում են մեր պետականությանը, մեր ինքնիշխանությանը»։

«Այս հայտարարությամբ Միտրոֆանովան տրամադրություններ է փորձել շոշափել», - վստահ է լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը։ - «Վստահ իմացեք, որ շատ-շատերը պիտի ուրախանան, որ այսպիսի առաջարկ է եղել Ռուսաստանից և ներսից պիտի ընդառաջ գնան դրան։ Դա այն ժամանակների կարոտախտն է, երբ իրենք, հայերեն չիմանալով, Հայաստանում բարձր պաշտոններ էին զբաղեցնում, հարկադրում էին դիմացինին իրենց հետ ռուսերեն խոսելու և իրենց լավ էին զգում։ Հայախոսը և հայկական կրթություն ստացած մարդն էր նեղվում աշխատանք գտնելիս։ Մեղքը մերն է։ Հիմա ռուս այս պաշտոնյան կարող է նման բան ասել, բայց նա գիտի, որ ամեն հանրապետությունում իրենք ունեն մարդիկ՝ ռուսասերներ, ռուսամոլներ, որոնք ընդառաջ կգնան»

XS
SM
MD
LG