Մատչելիության հղումներ

Վեհափառը Մոսկվայում ներկա է գտնվել Ռուսիո պատրիարքի 70-ամյակին նվիրված համերգին


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ, արխիվ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ, արխիվ

Երեկ երեկոյան Մոսկվայում՝ Քրիստոս Ամենափրկիչ տաճարի եկեղեցական ժողովների դահլիճում, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը ներկա է գտնվել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ առաջինի ծննդյան 70-րդ հոբելյանական տարեդարձի առիթով կազմակերպված պաշտոնական համերգին։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տարբեր քրիստոնեական եկեղեցիների հովվապետեր ու պատվիրակություններ, այլ կրոնների ներկայացուցիչներ, Ռուս եկեղեցու Սինոդի անդամներ և բարձրաստիճան եկեղեցականներ, դիվանագետներ, պետական կառույցների, հասարակական և բարեգործական կազմակերպությունների ղեկավարներ, գիտության և մշակույթի գործիչներ։

Համերգի ավարտին տեղի է ունեցել ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսն իր շնորհավորական ուղերձն է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքին՝ Հայ Առաքելական եկեղեցու անունից շնորհավորելով նրան հոբելյանի առթիվ:

«Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, ուրախությամբ ենք հիշում Ձեր այցելությունը Հայաստան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Մեր հանդիպումները, փոխայցերը հատկանշվել են բարեկամությամբ ու բարյացակամությամբ, որոնցով պսակված են մեր ժողովուրդների դարավոր եղբայրությունն ու փոխհարաբերությունները: Գոհունակություն է հաստատել, որ Ձեր հայրապետության տարիներին առավել ամրապնդվել են մեր Եկեղեցիների և հավատակից մեր ժողովուրդների եղբայրական կապերն ու գործակցությունը, որի համար այսօր գոհաբանական աղոթք ենք վերառաքում առ Բարձրյալը: Վստահ ենք, որ բարեկամության այդ նույն ոգին պիտի շարունակի թագավորել մեր Եկեղեցիների հարաբերություններում՝ փոխըմբռնումով, սիրով ու փոխադարձ հարգանքով նոր արդյունքներ արձանագրելու Քրիստոսապատվեր առաքելության մեջ», - ասել է, մասնավորապես, Վեհափառը:

Ամենայն Հայոց կաթողիկոսը նաև շնորհակալություն է հայտնել Կիրիլ պատրիարքին՝ Ռուսաստանում Հայ եկեղեցու թեմերի նկատմամբ դրսևորվող հայրական վերաբերմունքի, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Ռուս ուղղափառ եկեղեցու միջնորդական առաքելությունը շարունակելու և Ադրբեջանի հոգևոր առաջնորդի ու Հայոց հովվապետի հետ միասին եռակողմ հանդիպումներ կազմակերպելու համար։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Մոսկվայում կայացել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG