Մատչելիության հղումներ

Անգելա Մերկելը կառաջադրվի չորրորդ անգամ


Գերմանիա - Կանցլեր Անգելա Մերկելը Քրիստոնեա-դեմոկրատական միության կենտրոնակայանում ասուլիսի ժամանակ, Բեռլին, 20-ը նոյեմբերի, 2016թ.
Գերմանիա - Կանցլեր Անգելա Մերկելը Քրիստոնեա-դեմոկրատական միության կենտրոնակայանում ասուլիսի ժամանակ, Բեռլին, 20-ը նոյեմբերի, 2016թ.

Այս տարեսկզբից մեծ թվով փորձագետներ կարծիք են հայտնում, որ արևմտյան ամբողջ աշխարհը քաղաքական խոշոր փոփոխությունների շեմին է:

Միգրանտների ցավոտ թեման, Ռուսաստանի հետ հարաբերությունները, տնտեսությունը և բազում այլ հարցեր Արևմուտքում խթանել են ազգայնական տրամադրությունները:

Մեծ Բրիտանիան հունիսի 23-ին հանրաքվեով որոշել է դուրս գալ Եվրոպական միության կազմից, Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում հաղթել է Դոնալդ Թրամփը, եվրոպական մի շարք երկրներում ակտիվացել են ներքին խնդիրների վրա կենտրոնանալու և մնացյալ աշխարհից մեկուսանալու կոչերով հանդես եկող քաղաքական գործիչները:

Այս միտումներն ակամա դիտվում են ընդհանուր համատեքստում: Հաջորդ տարի նախատեսված են ընտրություններ Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Հունգարիայում, Սերբիայում, Սլովենիայում: Գաղտնիք չէ, որ Հին աշխարհամասի քաղաքական և տնտեսական շոգեքարշը Գերմանիան է, որի դիրքորոշումից շատ բան է կախված:

Փորձագետների համոզմամբ, եթե Գերմանիայում պարտվեն միջազգային ինտեգրման կողմնակիցները, ապա այդ միտումն անպայման կշարունակվի Եվրամիության շատ այլ երկրներում:

Մինչդեռ, կանցլեր Անգելա Մերկելի դիրքերը թվում է թե թուլացել են, ինչի հիմնական պատճառներից է Հյուսիսային Աֆրիկայից և մնացած դժբախտ շրջաններից հարյուր հազարավոր փախստականների ընդունելու ծանր բեռը:

Թրամփի ընտրությունից հետո միջազգային քաղաքական շրջանակներում ոմանք նույնիսկ պնդում են, թե այլևս Մերկելն Արևմուտքում միակն է, ով պաշտպանում է դեմոկրատական արժեքները և համոզված է, որ Ռուսաստանի հանդեպ կոշտ դիրքորոշումը չի կարելի վերանայել:

Արդյոք կհամարձակվի՞ Մերկելը պայքարել կանցլերի պաշտոնի համար: Պատասխանն արդեն հայտնի է՝ Մերկելը 2017 թվականի ֆեդերալ ընտրություններում կառաջադրվի չորրորդ անգամ:

«Ինձ համար Քրիստոնեա-դեմոկրատական միությունն առաջնորդելը միշտ նշանակել է պատրաստ լինել կանցլերի աշխատանքին: Ես այդ մասին շատ երկար եմ մտածել, ես որոշել եմ առաջադրվել չորրորդ անգամ: 11 տարի աշխատելուց հետո նորից առաջադրվելու որոշումը բնավ սովորական բան չէ», - ասել է Մերկելը:

Նրա փոխանցմամբ, որոշումն ընդունվել է երկիրը միավորելու, ազատության, ժողովրդավարության, օրենքի գերակայության, հանուն մարդու արժանապատվության պայքարելու համար՝ առանց հաշվի առնելու նրա մաշկի գույնը, կրոնը, սեռը, սեռական կողմնորոշումը կամ քաղաքական դիրքորոշումը:

«Դա է ինձ առաջնորդում, դրա համար եմ պայքարել և էլի կպայքարեմ, բայց հաղթել կարող ենք միայն միասին», - հայտարարել է Գերմանիայի կանցլերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG