Մատչելիության հղումներ

Վահան Բադասյանը հրավիրվել է հարցաքննության


Վահան Բադասյան, արխիվ
Վահան Բադասյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախկին պատգամավոր Վահան Բադասյանն այսօր կանչվել է Զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ հարցաքննության։

Ինչպես «Ազատության»-ը փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, Բադասյանը հրավիրվել է հարցաքննության իր իսկ հայտարարությունների հետ կապված:

Նշենք, որ անցած շաբաթվանից Զինվորական քննչական վարչությունը սկսել է ստուգել բանակում գնումների գործընթացում կատարված չարաշահումների մասին Ղարաբաղի նախկին պատգամավորի հայտարարությունները: Այս պահին էլ այդ ուղղությամբ նյութեր են նախապատրաստվում: Տռուզյանի փոխանցմամբ, քրեական գործ հարուցված չէ:

Ի դեպ, Բադասյանն այսօր «Ազատության»-ն ասաց, որ հարցաքննության է գնալու առանց փաստաբանի, քանի որ ինքը պաշտպանվելու խնդիր չունի:

Հիշեցնենք, Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում, ապա նաև մամուլում հայտարարել էր, որ «Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և Պաշտպանության նախարարության միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ»:

Ուշագրավ է, որ այսօր իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, թե իր ունեցած տեղեկություններով՝ Մովսես Հակոբյանն ինքն է պնդել, որպեսզի իրավապահ մարմիններն իր հասցեին հնչեցված Բադասյանի մեղադրանքների առնչությամբ քննություն սկսեն:

«Իմ ստացած լուրերի համաձայն՝ գլխավոր շտաբի պետն է պնդել, որպեսզի գործ հարուցվի և մանրամասն քննվի այդ գործը։ Ես լրիվ համոզված եմ, որ դատախազության պարզելուց հետո մենք կիմանանք, որ Մովսես Հակոբյանը նմանատիպ գործարքների չի գնա երբեք։ Դա ինչ-որ թյուրիմացության, սխալ ինֆորմացիայի արդյունք է։ Այդպիսի բան կապել Մովսես Հակոբյանի հետ, կարծում եմ, որ ազգային շահերի տեսակետից սխալ է, և այսօր անգամ դատախազությունը չնայած իր պահանջով է դա արել, համենայն դեպս մեծ հարված է մեր բանակին»»,- ասաց Հարությունյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, մինչդեռ, նշում է՝ «լավ է, որ վերջապես Վահան Բադասյանին կանչել են հարցաքննության, ի վերջո նա կոնկրետ մեղադրանք է հնչեցրել և կոնկրետ մարդու անուն տվել»։

Ի դեպ, անցած շաբաթ խորհրդարանում, երբ քննարկվում էր «1000 դրամների մասին օրինագիծը», Զոհրաբյանը նաև հարց էր բարձրացրել, թե ինչո՞ւ իրավապահ մարմինները չեն քննում բանակում չարաշահումների մասին Բադասյանի հայտարարությունները:

Զոհրաբյան. - Չնայած, երբ որ ես այդ հայտարարությունն արեցի, ինչ-որ մարդիկ ինձ զանգահարեցին և ասացին՝ «այդքան վստահ մի պնդեք Վահան Բադասյանի հայտարարությունների անկեղծության մեջ, որովհետև Բադասյանն ինքը այս հարցում շահագրգիռ անձ է՝ Հադրութում հացի գործարան ունի և այլն, և ինքն է ցանկանում լինել բանակի մատակարարը»։ Գիտեք, դա ինձ բացարձակ չի հետաքրքրում, կա փաստ, մարդը հնչեցրել է անուններ, հնչեցրել է կոնկրետ մեղադրանքներ, կանչեք քննությունը թող պարզի՝ հայտարարություններն ազնի՞վ են, անկե՞ղծ են, թե՞՝ ոչ։

«Ազատություն». - Տիկին Զոհրաբյան, հնարավոր համարո՞ւմ եք, որ իսկապես այս քննության ընթացքում ինչ-որ չարաշահումներ Զինվորական դատախազությունը կամ Քննչական կոմիտեն բացահայտի, ի վերջո, մենք խոսում ենք Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի մասին։

Զոհրաբյան. - Ես, անկեղծ ասած, ինձ համարելով իրատես գործիչ, իհարկե, չեմ համարում, որովհետև ես չեմ տեսնում կամք իսկապես գողի ձեռքը բռնելու։ Այն դալանի տակ որ ինչ-որ դատավոր են բռնում, այո, պետք է բռնեն, բայց մի հատ դալաններից գլուխները վերև բարձրացնեն, տեսնեն՝ դալաններից վերև ինչ է կատարվում` պետական ողջ համակարգի այս ատկատների խայտառակ մեխանիզմը։ Ես իրատեսական չեմ համարում, բայց թող ես սխալվեմ, թող քննությունը պարզի, որ Նաիրա Զոհրաբյանը հոռետես քաղաքական գործիչ է, ես պատրաստ եմ անգամ ներողություն խնդրել, եթե պարզվի, որ կա քաղաքական կամք մեծ գողերի, ոչ թե պրիմիտիվ գողերի, ինչպես ասվեց, էլիտար գողերի ձեռքը բռնելու, և Նաիրա Զոհրաբյանն այն միակ քաղաքական գործիչն էր, որ չէր հավատում, որ հնարավոր է ունենալ քաղաքական կամք էլիտար գողերի ձեռքը բռնելու համար։ Դե չեմ հավատում, ինչ անեմ։

«Ազատություն». - Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ այս ամենի արդյունքում ի վերջո Բադասյանի՛ն պատասխանատվության ենթարկեն։

Զոհրաբյան. - Չեմ բացառում, որովհետև կա կեղծ մատնության հոդվածը, իսկ Բադասյանի ներկայացրած մեղադրանքը բավականին լուրջ է, բավականին լուրջ պաշտոնյայի և պաշտոնյաներին է... և իրադարձությունների նման զարգացում ես ևս չեմ բացառում, եկեք չմոռանանք, որ ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG