Մատչելիության հղումներ

Գնդապետ Արթուր Վանոյանի սպանության մեղադրանք է առաջադրվել Սմբատ Բարսեղյանին


Սմբատ Բարսեղյանը ՊՊԾ գնդի տարածքում: 23-ը հուլիսի, 2016 թ․

Սմբատ Բարսեղյանը ՊՊԾ գնդի տարածքում: 23-ը հուլիսի, 2016 թ․

Զենքով իշխանափոխության փորձ կատարած «Սանսա Ծռերից» Սմբատ Բարսեղյանին մեղադրանք առաջադրվեց նաև գնդապետ Արթուր Վանոյանի սպանության համար։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց նրա պաշտպան Հայկ Ալումյանը։ Փաստաբանն այլ մանրամասներ չհայտնեց։

Նշենք, որ երեքշաբթի օրը Բարսեղյանին ներկայացվել էր նաև գնդի գրավման օրերին ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության մեղադրանք։

Սմբատ Բարսեղյանը, ըստ Ալումյանի, երկու մեղադրանքն էլ չի ընդունում։

Հատուկ քննչական ծառայությունը խստացրել է զինված խմբի անդամներից 12-ի մեղադրանքները: Ինչպես դատարանում այսօր մանրամասնեց Պավել եւ Արամ Մանուկյանների, Արմեն Լամբարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, նրանց մեղսագրվել է նաև զենքի հափշտակություն և գնդի տարածքում գտնվող գույքի ոչնչացում։

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այս պահին քննում է Պավել Մանուկյանի և Արմեն Լամբարյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսվ երկարացնելու դիմումները։ Ինեսսա Պետրոսյանը փոխանցեց, որ Պավել Մանուկյանը հրաժարվել է մասնակցել դատական նիստին:

Փաստաբանն ասաց, որ նախաքննական մարմինը այս գործով որևէ հիմնավորում չի ներկայացնում, թե ինչու զինված խմբի անդամները պետք է մնան անազատության մեջ։ «Ազատության» դիտարկմանը, թե նրանք մեղադրվում են ծանր հոդվածներով, ու հարցին, թե արդյոք դա բավարար չէ նրանց կալանքի տակ պահելու համար, Պետրոսյանը պատասխանեց․ - «Հոդվածի ծանրությունով պայմանավորված չի անձին կալանքի տակ պահելը: Կալանքի տակ պահելու համար պետք է լինեն համապատասխան հիմքեր և հիմնավորումներ, առաջին հերթին՝ հիմնավոր կասկած: Կոնկերտ այս դեպքում մենք գործ ունենք այնպիսի անձանց հետ, որոնց մասին մտածել, որ նրանք երբևէ կարող են խոչընդոտել կամ խուսափել նախաքննությունից, կամ թաքնվել, դա ուղղակի աբսուրդ է»:

Դատարանը երեկվանից մեկը մյուսի հետևից բավարարելով քննչական մարմնի դիմումները՝ կալանքի տակ թողնելով զինված խմբի անդամներին։

Այսօր կեսօրին դատարանը որոշեց ևս երկու ամսով կալանքի տակ պահել Սեդրակ Նազարյանին։

Տարիներ շարունակ Իսպանիայում բնակված եւ միայն վերջերս Հայաստան վերադարձած Սեդրակ Նազարյանի մորաքույրը՝ Անահիտ Ազատյանը նշում է, որ հրազենային ծանր վիրավորում ստացած քրոջ որդին լուրջ մասնագիտական բուժօգնության կարիք ունի։

«Թոքի մեկ երրորդ մասը հեռացված է, իսկ մյուս թոքն էլ այրվածքներ ունի», - «Ազատությանն» ասաց Անահիտ Ազատյանը:

Սեդրակ Նազարյանը մեղադրվում է պատանդ վերցնելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու, շենք, շինություններ զավթելու հոդվածներով։ Օրերս էլ Հատուկ քննչական ծառայությունը նրան մեղադրանք է առաջադրել զենք հափշտակելու և ՊՊԾ գնդի տարածքում գտնվող գույքը ոչնչացնելու համար։ Փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ նա իր մեղքը չի ընդունում։

Իր մեղքը չի ընդունում նաև օդամղիչ ատրճանակով օդ կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի եղբայրը՝ Արեգ Կյուրեղյանը։ Նա մեղադրվում է պատանդ վերցնելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք կրելու մեջ։ Նախաքննարական մարմինը նրա մեղադրանքը ևս խսատցրել է՝ մեղսագրելով նաև զենքի հափշտակություն։

Պաշտպան Մուշեղ Շուշանյանի պնդմամբ՝ մինչև օրս Հատուկ քննչական ծառայությունը որևէ հիմնավորում չի ներկայացրել, որ Կյուրեղյանը ազատության մեջ գտնվելով կարևող է խոչընդոտել իրավապահներին կամ թաքնվել նախաքննական մարմնից։ Դատարանն այսօր որոշեց նրան ևս երկու ամսով պահել կալանքի տակ։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշման համաձայն, ամենածանր հանցանքների կատարման մեջ մեղադրվող անձանց համար ակնկալվող պատժի խստությունը դեռ բավարար չէ եզրահանգելու համար, որ նրանք կարող են ոչ-իրավաչափ վարքագիծ դրսևորել: Այսինքն՝ խոչընդոտել, թաքնվել և այլն: Անհրաժեշտ են կոնկրետ փաստական տվյալներ, ապացույցներ, որոնք անկողմնակալ դիտորդին կհամոզեն, որ առկա է իրական վտանգ, որ նրանք կարող են այդ վարքագիծը դրսևորել: Որևէ ապացույց այդ կապակցությամբ չի ներկայացվել և չի կարող ներկայացվել, քանի որ գոյություն չունի նման ապացույց», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շուշանյանը:

«Սասնա Ծռեր» խմբի անդամների պաշտպանները պնդում են, որ անցած 4 ամիսներին Հատուկ քննչական ծառայությունը չի հստակեցնում մեղադրանքը՝ թե կոնկրետ ով ինչ գործողությամբ է հանցանք կատարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG