Մատչելիության հղումներ

Պեսկով. Պուտինի և Թրամփի մոտեցումներն արտաքին քաղաքականությանը անչափ նման են


Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ըստ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նոր ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումներն արտաքին քաղաքականությանը անչափ նման են։

Պեսկովի խոսքով՝ Թրամփը նախագահ ընտրվելուց հետո ասել է, որ իր համար կարևորը Ամերիկան և Ամերիկայի շահերն են, սակայն իր թիմը պատրաստ է զարգացնել հարաբերությունները ցանկացած պետության հետ այնքան, որքան այս կամ այն պետությունը դա կցանկանա։

Կրեմլի խոսնակը նշել է, որ ավելի վաղ «Վալդայ» ակումբում Պուտինը գրեթե նույնն է ասել, միայն Ամերիկայի փոխարեն, բնականաբար, խոսել է Ռուսաստանի շահերի մասին։

«Սա որոշ դեռ զգուշավոր լավատեսություն է ներշնչում գոնե այն առումով, որ կարող է սկսվել երկխոսություն երկու երկրների միջև։ Իհարկե, Մոսկվայում հասկանում են, որ միանգամից վերականգնել հարաբերությունները և հասցնել դրանք բարձր մակարդակի դժվար թե հաջողվի։ Մենք հասկանում ենք, որ շատ բարդ է լինելու», - ասել է Պեսկովը։

Ինչ վերաբերում է Պուտին-Թրամփ հանդիպմանը, Կրեմլի խոսնակի փոխանցմամբ, դա հնարավոր կլինի միայն Թրամփի երդմնակալության արարողությունից հետո։

Reuters լրատվական գործակալությունը փոխանցում է, որ Եվրամիությունը մտադիր է դեկտեմբերին երկարաձգել տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ։

«Պատժամիջոցների երկարաձգումն անխուսափելի է, Ուկրաինայում չկան դրական փոփոխություններ և, ըստ այդմ, այդ երկարաձգումից խուսափելու պատճառներ չկան», - ասել է Reuters-ի դիվանագիտական աղբյուրը՝ հավելելով. - «Թրամփի երդման արարողությունից հետո ամեն ինչ կարող է փոխվել, ամեն ինչ կարող է բարդանալ»։

Ավելի վաղ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի փոխխոսնակ Մարկ Թոները հայտարարել էր, որ ԱՄՆ գործող ղեկավարությունը մտադիր չէ չեղարկել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ Թրամփի ընտրվելու կապակցությամբ։

Ռուսաստանցի վերլուծաբանները, սակայն, լիահույս են, որ Թրամփի հաղթանակի արդյունքում ռուս-ամերիկյան հարաբերությունները կվերականգնվեն։ Նման սցենար ռուս- ամերիկյան հարաբերություններում իրագործվել է 2008 թվականին, երբ Միացյալ Նահանգներում ընտրվել էր Բարաք Օբաման, իսկ Ռուսաստանում՝ Դմիտրի Մեդվեդևը։ Այն ժամանակ սկսվել էր ռուս-ամերիկյան «վերաբեռնավորումը», որը, սակայն, ավարտվեց Կրեմլ Պուտինի վերադառնալուն պես։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG