Մատչելիության հղումներ

Պուտին. «Ռուսաստանը չի միջամտում ԱՄՆ-ի ընտրություններին»


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում Վալդայի բանավեճի ակումբում, Սոչի, 27 հոկտեմբերի, 2016թ.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում Վալդայի բանավեճի ակումբում, Սոչի, 27 հոկտեմբերի, 2016թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում՝ Վալդայի բանավեճի ակումբի հավաքում խոսել է Արևմուտքի, մասնավորապես, Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ Ռուսաստանը որևէ կերպ չի միջամտում և, ըստ էության, չի էլ կարող միջամտել ամերիկյան նախագահական ընտրություններին:

«Ակնհայտ է, որ ամերիկյան վերնախավը հանրության մտավախությունները փարատելու համար ասելիք չունի: Երևի շատ ավելի հարմար է շեղել մարդկանց ուշադրությունը ռուս հաքերների, լրտեսների, ազդեցությունն առաջ տանող գործակալների և նմանատիպ այլ թեմաներով», - ասել է Պուտինը:

Նրա խոսքով, ամերիկյան շրջանակներում տեղ գտած որոշ մեկնաբանություններ հնարավոր է որակել միայն մեկ բառով՝ «հիստերիա»:

Ռուսաստանի ղեկավարի ձևակերպմամբ՝ Միացյալ Նահանգներում չեն փորձում հանգստացնել հանրությանը, ռուսական ռազմական սպառնալիքի թեման բորբոքելը հավանաբար շահավետ է, քանի որ Արևմուտքին ընձեռում է ռազմական բյուջեներն ավելացնելու, մեկ գերտերության շուրջ միավորվելու, ՆԱՏՕ-ն ընդարձակելու և Ռուսաստանի սահմաններին մոտեցնելու հնարավորություն:

«Թերևս հաճելի է և շահավետ ձևացնել, թե ուզում են քաղաքակրթությունը պաշտպանել նոր բարբարոսներից, բայց բանն այն է, որ Ռուսաստանը մտադիր չէ որևէ մեկի վրա հարձակվել: Ծիծաղելի է պարզապես», - ասել է Պուտինը:

Վալդայի ակումբում նա մի քանի անգամ է անդրադարձել նոյեմբերի 8-ի ընտրություններին՝ պնդելով, որ իրականությանը չեն համապատասխանում մեկնաբանություններն այն մասին, որ Մոսկվան Դոնալդ Թրամփին է սատարում:

Դա, ըստ Պուտինի, Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի պարսավելի կեցվածքի ազդեցությունն է: Պուտինի խոսքերով, Թրամփը «ներկայացնում է շարքային ամերիկացիների տեսակետը»․ նրանք հոգնել են տասնամյակներով իշխող վերնախավից և չեն ընդունում իշխանությունը ժառանգելու գաղափարը:

«Ինքը Թրամփը, թերևս, մշակել է ընտրողների սրտին խոսքը հասցնելու իր ուրույն եղանակը: Նա, իհարկե, նաև արտառոց քայլերի է դիմում: Մենք դա տեսնում ենք, բայց չէի ասի, թե այդ ամենն իմաստազուրկ է», - նկատել է Պուտինը և նորից ընդգծել, որ Մոսկվան այդ հարցերին չի միջամտում․ - «Մի հարց տամ՝ արդյո՞ք որևէ մեկն իսկապես կմտածի, թե Ռուսաստանը կարող է ազդել Ամերիկայի ժողովրդի կայացնելիք որոշման վրա: Ինչ է, Ամերիկան բանանային երկի՞ր է: Ամերիկան գերտերություն է: Խնդրում եմ, ուղղեք ինձ, եթե սխալվում եմ», - ասել է Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG