Մատչելիության հղումներ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հայտարարում է, որ սեփական նախաձեռնությամբ սկսում է սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց:

ՀԾԿՀ-ի հաղորդագրությունում ասված է. - «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հաշվի առնելով 2017 թվականի փետրվարի 1-ից մինչև 2018 թվականի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ներկրման և արտահանման հաշվեկշիռը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած հայտի արդյունքում՝ ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վրա ազդող այլ գործոնների փոփոխությունները և, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, իր նախաձեռնությամբ սկսում է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց»:

Հիշեցնենք, վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ հանձնարարել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, էներգետիկայի և բնական պաշարների, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին՝ առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման մասին:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը նոյեմբերի 1-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների նվազեցման հայտով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG