Մատչելիության հղումներ

logo-print

Վարչապետը հանձնարարեց վերանայել էլեկտրաէներգիայի ու գազի սակագները սոցիալապես անապահովների համար


Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում իր առաջին նիստը սկսեց անդրադառնալով հակակոռուպցիոն պայքարին՝ պահանջելով Պետեկամուտների կոմիտեից (ՊԵԿ) ուշադրության կենտրոնում պահել խոշոր գործարարների կողմից հարկային պարտավորությունների կատարումը և առաջարկելով սոցիալապես անապահով խավերի համար վերանայել էլեկտրաէներգիայի ու գազի սակագները:

«Շատ է խոսվում և հանրությանը բավականին հետաքրքրող թեմա է կոռուպցիայի դեմ պայքարը, մենք աշխատում ենք, ստեղծում ենք համապատասխան նոր հանձնաժողովներ, որպեսզի կոորդինացնենք դա։ Բայց այս պահին ես ուզում եմ Պետական եկամուտների կոմիտեին հանձնարարական ձևակերպել հետևյալ կերպ՝ առաջին հերթին մեր գերատեսչությունները պետք է կատարեն իրենց նախատեսվող ֆունկցիաները: Ելնելով դրանից՝ ապահովել ոչ կարգապահ և արտոնյալ ընկալվող խոշոր արտադրողների և ներմուծողների կողմից հարկային կարգապահության անվերապահ կատարումը», - հայտարարեց վարչապետը։

Կարապետյանը հանձնարարեց հարկային ստուգումներն իրականացնել բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, ընդ որում, ինչպես ձևակերպեց վարչապետը՝ փոքր ու մանր ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում․ - «Բայց, այս գործողությունները, պարոն Հովսեփյան, [Պետեկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյան] Դուք պետք է կատարեք, առանց բիզնեսի համար խոչընդոտ լինելու: Որևիցե ձևակերպում, որևիցե ստուգում, չպետք է խանգարի իրենց ամենօրյա գործունեությանը»։

«Գազպրոմբանկ»-ի առաջին փոխնախագահի պաշտոնը Հայաստանի վարչապետի աթոռով փոխարինած Կարեն Կարապետյանը, ում՝ «Գազպրոմ»-ում աշխատելու տարիներին, ռուսաստանյան մոնոպոլիստը կարողացավ դառնալ Հայաստանի գազաբաշխիչ ցանցի տերը, այսօր հանձնարարեց նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Էներգետիկայի և բնական պաշարների, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման մասին․ - «Մաքսիմալ նվազեցնել սակագինը սոցիալապես անապահով խավերի համար՝ ի հաշիվ այլ սպառողների: Ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի համար, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար։ Հանձնարարականը նույնպես կձևակերպվի, ժամկետները կարվի։ Այս ամենը պետք է անել ոչ ի հաշիվ բյուջեի, պետք է անել ի հաշիվ տնտեսվարող սուբյեկտների, որոնք որ այդ ծառայությունները մատուցում են»:

Եթե նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին անձամբ էր ներկայացրել իր նշանակած նախորդ երկու վարչապետներին՝ Տիգրան Սարգսյանին և Հովիկ Աբրահամյանին, ապա Կարեն Կարապետյանի դեպքում այդ ավանդույթը խախտվեց, և իր առաջին նիստը Կարապետյանը սկսեց առանց նախագահի ներկայացման:

Գործադիրի այսօրվա նիստին միայն Երևանի քաղաքապետը շնորհավորեց Կարապետյանին վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գրեթե նույն պատկերն էր երեկ Ազգային ժողովում, երբ կառավարություն հարցուպատասխանի մեկնարկին որևէ մեկը, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահը, չշնորհավորեց նորանշանակ վարչապետին։

Այս հանգամանքը, սակայն, չխանգարեց Կարեն Կարապետյանին, այսպես ասած, քննադատական կեցվածք ընդունել նախարարների ներկայացրած հարցերի նկատմամբ:

Դիմելով էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին՝ վարչապետը հարցրեց․ - «Ինչքա՞ն ժամանակ է ծախսել նախորդ ընկերությունը մինչև այս արտոնությունը ստացել է»:

«Մոտավորապես մեկ շաբաթ», - պատասխանեց Մինասյանը:

«Չեմ հավատում», - արձագանքեց Կարապետյանը:

Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը կառավարության նիստից հետո լրագրողներին փոխանցեց, որ գործարար հանրությունը նոր վարչապետից սպասում է նոր մոտեցումներ․ - «Այս գաղջ մտնոլորտից դուրս գալու խոսք ասեր, որովհետև մենք մի մարմնի մեջ ենք: Մենք բոլորս գոնե հասկացանք, որ առանց տնտեսական ցուցանիշների հասարակության զարգացում չի լինում»:

Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հիշեցրեց, որ նախորդ վարչապետները նույնպես խոսել են կոռուպցիայի դեմ պայքարից, փոքր ու միջին բիզնեսին աջակցելուց, սակայն արդյունքում այսօր ունենք չափազանց ծանր վիճակում գտնվող տնտեսություն․ - «Կոռուպցիան մեր մոտ միշտ մնացել է նույն մակարդակին, կամ ավելի վատացել է վիճակը: Տնտեսական կյանքում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել, մենաշնորհները շարունակել են ամրապնդել իրենց դիրքերը, հովանավորյալները շարունակել են մնալ որպես այդպիսին տարիներ շարունակ և կշարունակեն: Այսինքն էս ամեն ինչը արդեն դեժավյու ա: Եթե այդ մարդու դեմքը չտեսնենք, ուղղակի չենք էլ տարբերի նախորդ՝ ութերորդից կամ չգիտեմ որերորդ վարչապետից սկսած վարչապետներից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG