Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն Ծառուկյանի վերադարձին չի խոչընդոտի. Գագիկ Մելիքյան


Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի խոսքով՝ Հանրապետական կուսակցությունը որևէ մեկին խոչընդոտելու նպատակ չունի, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին։

Անցած տարվա փետրվարին, հիշեցնենք, Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում իշխող կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք»։ Նախագահը նաև նշել էր, թե «ողբերգություն և զավեշտ է այն, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի»:

Այս հայտարարություններից շաբաթներ անց Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին։ «Ես որոշում եմ կայացրել՝ այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, վայր դնել կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի լիազորությունները։ Իմ խնդրանքն է ձեզ՝ ինձ այլևս քաղաքական հարցերով չդիմել, ես չեմ խառնվելու ձեր որևէ որոշմանը: Ես որևէ կապ այլևս չունեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ», - ասաց նա։

Սակայն վերջին շրջանում հաճախ է խոսվում քաղաքականություն Ծառուկյանի հավանական վերադարձի մասին։ Երեկ էլ նա լրագրողների հետ ճեպազրույցում ասաց. - «Պետք է խնդրեն, որ Ծառուկյանն այդ ծանրության տակ մտնի»:

«Ազատություն». - Պարոն Մելիքյան, Ձեր կարծիքով, Ծառուկյանի վերադարձի առիթ կա՞, նման պահանջ կա՞ ժողովրդի մոտ։

Մելիքյան. - Ասեմ, որ վերադարձի կամ քաղաքականությունից դուրս գալու, որոշումն ինչպես ինքը կայացրեց՝ քաղաքականությունից դուրս գալու, այնպես էլ Ծառուկյանը պետք է իր որոշումը կայացնի քաղաքականություն վերադառնալու մասին։ Ժողովրդի պահանջ կա, թե չկա՝ դա արդեն կերևա ընտրությունների ընթացքում, այն քվեների թվից, որոնք կտրվեն ժողովրդի կողմից իր քաղաքական ուժին, եթե վերադառնա։

«Ազատություն». - Շատերի մոտ, ժողովրդի մոտ տպավորություն է, որ Հանրապետական կուսակցության հայտնի խորհրդի նիստից հետո Ծառուկյանը հեռացավ, և ասում են, որ հանրապետականներն ու Սերժ Սարգսյանը ստիպեցին, որ նա հեռանա քաղաքականությունից։

Մելիքյան. - Դե հիմա ասելը մի բան է... իրականում ցանկացած որոշում քաղաքականության մեջ քաղաքական գործիչը ինքն է կայացնում, դրա համար ասում եմ, որ ինչպես ինքը կայացրեց իր որոշումը քաղաքականությունից հեռանալու մասին, այնպես էլ ինքը կարող է կայացնել որոշում քաղաքականություն վերադարձի մասին:

«Ազատություն». - Խոչընդոտներ չե՞ն լինի այստեղ։

Մելիքյան. - Չեմ կարծում, որ խոչընդոտներ լինեն, ոչ այն ժամանակ են եղել, ոչ էլ հիմա։ Ցանկացած քաղաքացի կարող է մասնակցել քաղաքական գործընթացներին՝ քաղաքական ուժ ստեղծելով կամ ինչ-որ քաղաքական ուժի միանալով։

«Ազատություն». - Որպես փորձառու քաղաքական գործիչ, պարոն Մելիքյան, ի վերջո, հիմա իրավիճակն ինչպիսի՞ն է քաղաքական դաշտում, նրա կարիքը կա՞ ընդդիմադիր դաշտում, ընդդիմությունն ուժե՞ղ է, թե՞ նա պետք է գա, որ ընդդիմությունն ուժեղ դառնա։

Մելիքյան. - Ես կարծում եմ, որ իշխանություններին ձեռնտու է ուժեղ ընդդիմադիր դաշտ, ընդդիմադիր ուժեղ քաղաքական ուժեր, որոնք կարող են ստիպել նաև իշխանությանը համակերպվել իրենց կարծիքի հետ, քննարկումների ընթացքում որոշումներ կայացնել, որոնք, կարծում եմ, ավելի արդյունավետ կլինեն՝ վերջնական արդյունքը։

«Ազատություն». - Իսկ այդ դաշտում նրա կարիքը կա՞, որ նա ավելի ուժեղացնի դաշտը։

Մելիքյան. - Կարծում եմ, որ կարիքը կա, թե չկա՝ կորոշի ժողովուրդն իր քվեով։

«Ազատություն». - Բայց պետք է գա, չէ՞, որ ժողովուրդը որոշի։

Մելիքյան. - Դե հիմա եթե ինքը կորոշի, որ գա քաղաքական դաշտ, քաղաքական պրոցեսներին, գործընթացներին մասնակցի, ժողովուրդն իր քվեով կորոշի՝ դրա կարիքը կա՞ր, թե՞ չկար։

«Ազատություն». - Հանրապետականները չե՞ն խոչընդոտի Ծառուկյանի վերադարձին։

Մելիքյան. - Հանրապետականը որևէ մեկին խոչընդոտելու նպատակ չունի, այդ թվում՝ Ծառուկյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG