Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Ադրբեջանցիների դիվերսիոն ներթափանցման փորձեր են կասեցվել


ԼՂ ՊԲ զորավարժություններ, արխիվ
ԼՂ ՊԲ զորավարժություններ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում երեկ երեկոյան ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձեր է ձեռնարկել, հաղորդում է Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, հավելելով, որ Պաշտպանության բանակի ուժերը կորուստներ պատճառելով հետ են մղել ադրբեջանցի հատուկ ջոկատայիններին: Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը վերջին շրջանում Ադրբեջանի ցուցաբերած ակտիվության և առաջիկա օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի միջև հնարավոր կապի վերաբերյալ «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Երբ որ պետք է ինչ-որ խմբեր այցելեն, կարևոր, էսպես, դիվանագետներ այցելեն տարածաշրջան, ինչքանո՞վ է արդարացված, որ խախտումներ իրականացնի ինչ-որ պետություն: Տրամաբանական չի չէ՞ շատ: Բայց մենք չենք կարող նորմալ պետության քաղաքականության միջոցով դիտարկել Ադրբեջանի քաղաքականությունը, որովհետև Ադրբեջանը նորմալ պետություն չէ՝ նա ահաբեկչական է, նա նացիստական է, ֆաշիստական է, իսկ նման պետությունների քայլերը տրամաբանորեն անհնարին է գրեթե վերլուծել: Այսպիսի քաղաքականությունը նա իրականացնում է՝ ելնելով իր էությունից»:

Բաբայանը Ադրբեջանի կողմից ձեռագրի որևէ փոփոխություն, ինչպես նաև տեխնիկապես վերազինում չի նկատում: «Նաև նման դիվերսիոն գործողություններին դիմելը փորձ է՝ տեսնեն՝ ինչքանով է ամուր, և այն, որ հետ են շպրտվել, ցույց է տալիս, որ ամուր է: Ընդհանրապես, եթե ամուր չլիներ, Ադրբեջանը անպայման դրանից կօգտվեր՝ սա փաստ է: Ամեն ինչ արվում է: Իհարկե, դա չի նշանակում, որ մենք պետք է ասենք, որ իդեալական է ամեն ինչ, չէ, բայց կան խնդիրներ, և արվում է հնարավորը՝ այդ խնդիրները լուծելու համար, է՛լ ավելի ուժեղացնելու մեր պաշտպանունակությունը», - ընդգծեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի խոսքով՝ Ադրբեջանի ակտիվացումը կարող է կապ ունենալ համանախագահների այցի հետ, բայց խնդիրն ավելի խորքային է: «Կարծում եմ, որ, այո, կարող են կոնկրետ այդ միջադեպերը կապված լինել համանախագահների սպասվող այս այցի հետ, բայց ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք, որ վերջին օրերի կամ շաբաթների ընթացքում ադրբեջանական կողմը ավելացնում է ակտիվությունը շփման գծում։ Դա, կարծում եմ, նույնպես տրամաբանական և սպասվող էր, և դրա հիմքերը կոնկրետ ինչ-որ մի այցի հետ կապված չեն, այլ դրա հիմքերը ավելի շատ այն մոտեցումներն են, որոնք որ կան Ադրբեջանի և' հասարակության, և' քաղաքական վերնախավի մոտ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մինասյանը։

«Ադրբեջանը փորձում է վերադառնալ նույն այն իր վարվելակերպին, որ կար մինչև ապրիլյան իրադարձությունները՝ այն է, որ Ադրբեջանը դժգոհ է այսպես կոչված այս ստատուս քվոյի իրավիճակից, բայց, մյուս կողմից, նաև գնալ լուրջ, լայնամասշտաբ ռազմական գործողությունների չի կարող կամ չի ցանկանում», - նշեց քաղաքագետը:

Մինասյանի կարծիքով՝ իրավիճակի նման սրումը դեռ կշարունակվի, և արդեն նոր զոհերն անխուսափելի կլինեն։ «Մինչև ապրիլյան իրադարձությունները բավականին մեծ քանակով նման իրադարձություններ նույնպես առանց զոհերի են ավարտվել հայկական կողմի համար, բայց եթե ադրբեջանական կողմը շարունակի այդ միջադեպերի քանակը, ապա անխուսափելիորեն կլինեն նաև զոհեր», - ասաց նա:

«Եթե Ադրբեջանը, համենայն դեպս, վերադառնում է այդ ռազմական բախումների և շփման գծում ռազմական այդ լարվածության պահպանման առումով, մենք պիտի նաև մտածենք, թե այլ ռազմական պատասխանները ինչ ձևով են լինելու, այդ պատժիչ գործողությունները ոչ միայն հակառակորդի կենդանի ուժի ավելի մեծ կորուստներ պատճառելով, այլ միգուցե նաև այլ մեխանիզմներ՝ ոչ սիմետրիկ, որոնք որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը զսպեն նաև ցածր մակարդակի էսկալացիայի և գործողությունների», - ընդգծեց Սերգեյ Մինասյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG