Մատչելիության հղումներ

Նախարարներն արձագանքում են Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկներին


Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան, արխիվ
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան, արխիվ

Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի հակակոռուպցիոն կոնվենցիան և 20-րդ հոդվածը, այսօր հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ արձագանքելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկներին:

Տեր-Պետրոսյանը երեկ «Իլուր» կայքի միջոցով նոր կառավարությանն առաջարկել է երկու կետ ընդգրկել իր ծրագրում: Շեշտելով, որ Հայաստանի բոլոր չարիքների արմատը կոռուպցիան է, և կառավարության թիվ մեկ խնդիրը պետք է լինի ոչ թե ձևական, այլ իրական պայքարը կոռուպցիայի դեմ, առաջին նախագահը անհրաժեշտ է համարել վերացնել նախարարությունների, պետական այլևայլ գերատեսչությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջետային հաշիվներն ու հիմնադրամները, բացի այդ՝ անմիջապես վավերացնել ՄԱԿ-ի Հակակոռուպցիոն կոնվենցիայի` պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացմանը վերաբերող 20-րդ հոդվածը՝ օժտված նաև հետադարձ ուժով:

«Այդ կոնվենցիայի վավերացման ժամանակ Հայաստանի Հանրապետությունը որևէ վերապահում չի արել: Այո, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է քրեականացնել ապօրինի հարստացումը, ընդ որում քրեականացնել այն տեսքով, բառապաշարով և ձևակերպմամբ, ինչպիսին տրված է այդ կոնվենցիայիով», - ասաց արդարադատության նախարարը:

Ինչ վերաբերում է հետադարձ ուժին՝ Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ օրենսդրական խստացումները հետադարձ ուժ չեն ունենում:

«Սա ոչ թե այս կամ կառավարության, ուժի կամ նախարարի ցանկությունն է, բարի կամքը, քաղաքական կամքը, ամենևին ոչ: Էստեղ պատասխանը շատ պարզ է ցանկացած արարք որը քրեականացվելու է ուղղակիորեն պետք է համապատասխանի Հայաստանի Սահմանադրությանը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթին, իսկ դա նշանակում է, որ եթե ինքը իր բնույթով խստացնող է, ապա հետադարձ ուժ չի կարող տրվել», - ընդգծեց Արփինե Հովհաննիսյանը:

Կնվազի՞ արդյոք կոռուպցիան, երբ ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծը առաջիկա երեք ամիսների ընթացքում կբերվի խորհրդարան, արդարադատության նախարարը կանխատեսումներ չի անում, փոխարենը վստահ է․ - «Համենայն դեպս, էդպիսի ռիսկը և գայթակղությունը շեշտակի կնվազի, եթե չասեմ կվերանա»:

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի մյուս առաջարկին՝ վերացնել արտաբյուջետային հաշիվներն ու հիմնադրամները՝ Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց՝ առավել կարևոր է ծախսերը թափանցիկ դարձնելը:

«Այսինքն, արտաբյուջեում նախատեսված գումարի ծախսումը չպիտի լինի հայեցողական, կամայական, Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար ոչ տեսանելի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը շրջանցելով: Իսկ ես կարծում եմ, որ այս պահին մենք ունենք բավարար չափով կարգավորումներ արտաբյուջեներին վերաբերող, սակայն սա առաջարկ է, որ ենթակա է քննարկման, որի արդյունքում որոշակի որոշում կամ վերաբերմունք կլինի»:

Կհրաժարվե՞ն արդյոք արտաբյուջեներից․ նախարարների մի մասը տեղյակ չէր առաջարկից:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ նախարարությունն արտաբյուջետային ֆոնդեր չունի: Տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանն էլ նշեց․ - «Մերը ԾՒԳ-երն են, որոնք կառավարում են միջազգային ֆինանսական հոսքերը: Անունը չդնենք կոռուպցիա, բայց մեծ կրճատումներ և տարբեր կառույցների միավորումներ կլինեն»:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ևս տեղյակ չէր առաջարկներին, սակայն ասաց՝ արտաբյուջեները անհրաժեշտ են՝ գիտությունը զարգացնելու համար․ - «Մտածում եմ, որ պետք է արտաբյուջեն լինի, որ հնարավոր լինի որոշ ծրագրեր զարգացնել»:

Արտաբյուջետային հաշիվներն ու հիմնադրամները անհրաժեշտ է համարում նաև ֆինանսների նախարար Վարդան Արամյանը․ - «Ես կարծում եմ, մեր կողմից շատ հարգված առաջին նախագահի առաջարկը ու հիմնական թեզը եղել է նա, որ այդտեղ ռիսկեր կան, կոռուպցիոն ռիսկեր, որը ես չեմ կիսում, որովհետև արտաբյուջետները նախագծվում և կատարվում են այնպես, ինչպես մնացած բյուջեի ծախսերը»:

Հանրապետականի մամլո խոսնակ էդուարդ Շարմազանովն էլ ընդգծում է՝ իշխանությունն ընդունում է առողջ քննադատությունը:

«Այնպես չէ, որ մենք ասենք մեր երկրում կոռուպցիա չկա և չեմ կարծում, որ հարգելի առաջին նախագահը պետք է ասեր կոռուպցիա կա, որ նոր իմանայինք: Դժբախտաբար կոռուպցիա եղել է առաջին նախագահի կառավարման շրջանում, երկրորդ նախագահի, այսօր: Աստված տա, ապագայում մենք գնալով քչացնենք այդ կոռուպցիոն երևույթները», - ասաց ՀՀԿ խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG