Մատչելիության հղումներ

Սեֆիլյանի փաստաբան․ Քննիչը ծանոթ չէ իր իսկ ներկայացրած հիմնավորումներին


Ժիրայր Սեֆիլյանը Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ, արխիվ
Ժիրայր Սեֆիլյանը Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ, արխիվ

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կալանքը երկարացնելու հարցը կորոշվի այսօր երեկոյան․ դատական նիստն ընդմիջվեց քննիչի կողմից լրացուցիչ նյութեր ներկայացնելու պատճառով:

Արդեն չորս ամիս անազատության մեջ գտնվող Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանն «Ազատությանը» պատմեց, որ երրորդ անգամ ևս երկու ամսով կալանքը երկարացնելու միջնորդություն ներկայացրած քննիչն ինքն էլ տեղյակ չի եղել դատարանին իր իսկ ներկայացրած հիմնավորումներից․ - «Տեսնելով, որ հայտնվել է խայտառակ վիճակում, ժամանակ խնդրեց, որպեսզի իր իսկ կողմից ներկայացրած նյութերին ծանոթանա, որպեսզի կարողանա պաշտպանի հարցերին պատասխանել: Սակայն ծանոթանալու փոխարեն հեռացավ, բերեց նոր, լրացուցիչ նյութեր: Հույսով եմ, որ այս ժամանակը քննիչը կօգտագործի նաև ինքը այդ նյութերին ծանոթանալու, որպեսզի կարողանա պաշտպանական կողմի և դատարանի հարցերին պատասխանել»:

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդը ճաղերի հետևում հայտնվեց հունիսի 20-ին` զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեղադրանքով: Շուրջ երկու ամիս առաջ էլ քննչական մարմինը Սեֆիլյանի այս գործը միավորեց Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի, ինչպես նաև 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին զանգվածային անկարգություններ կազմակերպելու քրեական գործի հետ, որի շրջանակում Ժիրայր Սեֆիլյանը «Հիմնադիր խորհրդարանի» այլ անդամների հետ մի քանի ամսով կալանավորվել էր, ապա՝ ստորագրությամբ ազատ արձակվել։

«Ապրիլի 24-ի հետ կապված 2015 թվականի գործը, ինչպես նաև զենքի հետ կապված գործը, որը որ հարուցվել են, դրանք հստակ քաղաքական կոնտեքստ ունեն, այդ գործերի հարուցման միակ նպատակը եղել է նա, որպեսզի Ժիրայր Սեֆիլյանին և իր համախոհներին ազատությունից զրկելու, նրանց նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառելու միջոցով զերծ պահեն նրանց քաղաքական գործունեություն իրականացնելու հնարավորությունից», - ասաց Արա Զաքարյանը:

Փաստաբանը պնդում է՝ չկա որևէ ապացույց, որ Սեֆիլյանը կապ է ունեցել «Սասնա ծռեր»-ի կողմից ՊՊԾ գնդի տարածքի գրավման հետ:

Դատարանի շենքի դիմաց այսօր Սեֆիլյանին սատարելու էին եկել «Հիմնադիր խորհրդարանի» մի շարք աջակիցներ:

Ազատամարտիկի որդին «Ազատությանն» ասաց, որ հույս չունի, թե հորն ազատ կարձակեն: «Ուղղակի փորձում եմ էսպես ցույց տալ, որ կողքին եմ, սատարում եմ իրեն ուղղակի, թե չէ ինչ-որ հույս դատարաններից կամ քննչականից՝ ես հույսեր չեմ կապում, իրենք ինչ ուզեն կանեն․ կարող են հիմա թողնեն, կարող է հետո թողնեն, չգիտեմ, կարող են դատեն․․․ Պատրաստ է ինքը այսպիսի զրկանքների, մենք էլ ենք պատրաստ այսպիսի զրկանքների, թեկուզ եթե վերջում ինչ որևէ արդյունքի կհասնենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պետո Սեֆիլյանը:

«Սասնա ծռեր»-ի՝ զենքերը վայր դնելուց հետո տեղի ունեցող բողոքի միջոցառումների նախաձեռնողներից Վահրամ Պետրոսյանն էլ վստահ է, որ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդին կալանքի տակ են պահում, որպեսզի նա հնարավորություն չունենա ղեկավարելու հանրային բողոքի միջոցառումները․ - «Սեֆիլյանին և նաև մյուս տղաներին մեկուսացնում են տեղի ունեցող պրոցեսներից, որպեսզի ուղղակի իրենք չկարողանան ուղղորդել էդ պրոցեսները դեպի զարգացում»:

Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպանի փոխանցմամբ, նա ցանկություն չէր հայտնել մասնակցել կալանքը երկարացնելու վերաբերյալ դատական նիստին՝ այն համարելով բեմադրություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG