Մատչելիության հղումներ

Ռուսական օդուժը վերսկսել է հարվածները Հալեպի արևելյան շրջաններում


Սիրիա - Հալեպի Բուստան ալ-Քասր արվարձանը հերթական ռմբակոծությունից հետո, 11-ը հոկտեմբերի, 2016թ․
Սիրիա - Հալեպի Բուստան ալ-Քասր արվարձանը հերթական ռմբակոծությունից հետո, 11-ը հոկտեմբերի, 2016թ․

Մի քանի օր տևած հարաբերական անդորրից հետո ռուսական օդուժը վերսկսել է հարվածները սիրիական Հալեպի արևելյան շրջանների բնակելի թաղամասերի ուղղությամբ, հաղորդվում է տասնյակ զոհերի մասին:

Տեղից ստացվող վերջին հաղորդումների համաձայն՝ ռուսական օդուժը կրակի տակ է առել շրջափակման մեջ հայտնված քաղաքի Բուստան ալ-Քասր և Ֆարդոս շրջանները: Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների հարցերով դիտորդական խմբի փոխանցմամբ՝ սա ամենաուժգին ռմբակոծությունն է օդային հարվածները կրճատելու մասին սիրիական կառավարության հավաստիացումներից հետո:

Հոկտեմբերի 5-ին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի զինված ուժերի ներկայացուցիչները հայտարարեցին, որ կրճատելու են Հալեպի արևելյան շրջաններում ռմբակոծությունները՝ միևնույն ժամանակ կոչ անելով քաղաքացիական բնակչությանը հեռու մնալ զինյալներից: Ռուսական օդուժի օգնությամբ սիրիական կառավարությունը փորձում է վերադարձնել ապստամբների վերահսկողության տակ անցած՝ Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքը:

Սեպտեմբերի 22-ին մեկնարկած՝ Հալեպը ետ գրավելուն ուղղված գործողությունների հետևանքով, սիրիացի իրավապաշտպանների գնահատականներով, առնվազն 290 մարդ է զոհվել՝ հիմնականում քաղաքացիական անձինք:

Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան Սիրիայի և Ռուսաստանի այս գործողությունները որակել են ռազմական հանցագործություն, ավելին՝ պաշտոնական Փարիզը մտադիր է դիմել Միջազգային քրեական դատարան՝ Ռուսաստանի զինուժի գործողությունները հետաքննելու խնդրանքով:

Այս հայտարարություններին նախօրեին միացավ նաև պաշտոնական Լոնդոնը: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, Մոսկվային մեղադրելով Հալեպի բնակելի թաղամասերն ու խաղաղ բնակչությանը ռմբահարելու մեջ, Սիրիայի պատերազմի հակառակորդներին կոչ է արել ցույցեր անցկացնել Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատան մոտ:

Ջոնսոնը նաև պնդում էր, թե ապացույցներ կան այն մասին, որ ՄԱԿ-ի մարդասիրական բեռ փոխադրող շարասյանը հարվածներ էր հասցրել ռուսական օդուժը: Հասանելի բոլոր ապացույցները վկայում են այն մասին, որ այդ հանցագործության պատասխանատուն Ռուսաստանն է, մասնավորապես հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Կրեմլը հերքել է այս մեղադրանքները՝ իր հերթին հայտարարելով, թե այդ պնդումները մեկ փեննի արժեք էլ չունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG