Մատչելիության հղումներ

logo-print

«Լուսավոր Հայաստան»-ը որոշել է բոյկոտել Վանաձորի ավագանու նիստերը


Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը, որտեղ ընտրվեց քաղաքապետը: 10-ը հոկտեմբերի, 2016 թ․

Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը, որտեղ ընտրվեց քաղաքապետը: 10-ը հոկտեմբերի, 2016 թ․

Կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված, ավագանու անդամ Քրիստ Մարուքյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նիստերը բոյկոտելու մասին համաձայնություն ունեն նաև մյուս ընդդիմադիր կուսակցությունների հետ:

Նրա խոսքով, այդպիսով փորձելու են պարզել, թե ովքեր են ավագանու այն ընդդիմադիր անդամները, որոնք երեկ տեղի ունեցած քաղաքապետի ընտրության ժամանակ ձայն են տվել իշխող կուսակցությանը․ - «Դրանով նախ շատ պարզ կերևա, թե տվյալ չորս անձինք, ովքեր որ չէին քվեարկել ըստ հուշագրի, նախնական պայմանավորվածության, որ պետք է սատարեին «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուին: Որովհետև Հանրապետականը և Դաշնակցությունը միասին տասնհինգ հոգի ունենալով․․․ տասնհինգ հոգով հնարավոր չի լինելու կայացնել որոշումներ, այսինքն՝ մեծամասնության խնդիր ա առաջանալու: Հետևաբար նրանք ևս մի անգամ պետք է դիմեն այդ չորս անձանց ծառայություններին, որպեսզի կարողանան անցկացնել որևէ որոշում, և բոլորս միասին շատ ակնհայտ կտեսնենք, թե ում մասին էր գնում խոսքը»:

Մինչ ընդդիմադիրները պնդում են, թե Հանրապետականի թեկնածուի օգտին քվեարկած չորս ավագանու անդամները անազնիվ են գործել, քաղաքապետ ընտրված Մամիկոն Ասլանյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում չցանկացավ մեկնաբանել նրանց արարքը: Փոխարենն ասաց, թե պետք է «աշխատել հանուն Վանաձորի»․ - «Ինչո՞վ են հիմնավորում ազնի՞վ, թե՞ անազնիվ քայլ են արել․․․ Առաջնային խնդիրը Վանաձոր քաղաքն է, հանուն Վանաձորի որևէ օգտակար գործ կատարելը և ոչ թե միջանձնային կամ միջկուսակցական հարաբերություններ էսօր ի վնաս Վանաձորի ճշտելը»:

Քրիստ Մարուքյանն ասաց, թե պարզապես ուզում են իմանալ ովքեր են հուշագիրը ստորագրած, բայց այլ թեկնածուի օգտին քվեարկած ավագանու անդամները, և հետևություններ անել․ - «Դրանով որևէ հավեհարդար կամ ինչ-որ խնդիր, բնականաբար, չենք լուծելու: Ընդամենը կպարզաբանվի, կզուլալվի մեր քաղաքական դաշտը գոնե Վանաձորի մակարդակով: Եվ դրանից հետո մենք կսկսենք աշխատել երկրորդ սցենարով՝ կունենանք ընդդիմադիր խմբակցություն, որով ամենօրյա վերահսկողության կենթարկենք իշխող կուսակցության կամ իշխող խմբակցությունների գործողությունները»:

Հարցին, թե շնորհավորել է արդյոք ավագանու անդամների փակ քվեարկության ժամանակ 19 ձայն ստացած Մամիկոն Ասլանյանին, Մարուքյանը պատասխանեց․ ֊ «Միանշանակ ոչ: Որովհետև նման խայտառակ ձևով հաղթանակը չի կարելի շնորհավորել: Մենք կսպասենք գործունեությանը, կտեսնենք ինչ տիպի քայլեր են ձեռնարկվում և ըստ այդմ կորոշենք՝ արժանի՞ է շնորհավորանքի այդ ամենը, թե՞ ոչ: Որովհետև ակնհայտ տասնհինգ ձայն ունենալով՝ գալ և առաջադրվել, որպեսզի քվեարկվի, դա նշանակում է, որ արդեն տեղի էին ունեցել համաձայնությունները»:

Մամիկոն Ասլանյանն ասաց, թե պատրաստ է առաջին քայլն անձամբ անել․ - «Սրանից հետո հանուն Վանաձորի պետք է գործենք և ոչ թե բոյկոտելու: Եվ ես ինքս առաջին քայլը կանեմ, եթե իրենք չեն ուզում, ես կայցելեմ, մենք մեր հետագա անելիքների մասին կխոսենք: Սա մեր քաղաքի ներքին խնդիրն է: Մենք էսօր ո՛չ պարզաբանումների, ո՛չ էլ չգիտեմ ինչի կարիքը, կարծում եմ, չունենք: Ինձ թվում ա, առաջնային խնդիրը Վանաձոր քաղաքի համար նորմալ աշխատանքային մթնոլորտ ստեղծելն է»:

XS
SM
MD
LG