Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը՝ հերթական սկանդալի «հերոս»


ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Նևադա նահանգում նախընտրական հանդիպման ժամանակ, 5-ը հոկտեմբերի, 2016թ․

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Նևադա նահանգում նախընտրական հանդիպման ժամանակ, 5-ը հոկտեմբերի, 2016թ․

Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ քարոզարշավը է՛լ ավելի է սրվում հանրապետական թեկնածուի շուրջ աղմկահարույց սկանդալի ֆոնին:

Միլիարդատեր գործարար Դոնալդ Թրամփը, ով իր նախընտրական ելույթներում հասցրել էր վիրավորել մահմեդականներին՝ սպառնալով նրանց արտաքսել Ամերիկայից, նվաստացուցիչ խոսքեր հնչեցնել մեքսիկացիների հասցեին՝ նրանց էլ մեղադրելով թմրանյութեր ներկրելու մեջ, ապա նաև սպառնալով փակել Ամերիկայի դռները մեքսիկացիների առաջ, այս անգամ էլ սկանդալի կենտրոնում է հայտնվել կանանց մասին իր կարծիքի գաղտնազերծումից հետո:

Ճիշտ է, Թրամփը առաջին անգամը չէ կանանց մասին խոսելիս վիրավորական արտահայտություններ օգտագործում, սակայն այս անգամ նրա խոսքերը, չափից դուրս անպարկեշտ լինելու պատճառով, անգամ լրատվամիջոցներն են խուսափում մեջբերել:

Տասնմեկ տարվա վաղեմության տեսագրությունը, որում Թրամփը կոպտագույն և վուլգար բառերով պատմում է կանանց նկատմամբ իր ոտնձգությունների մասին, հրապարակել է The Washington Post պարբերականը: Զրույցն ընթանում է Թրամփի և հեռուստահաղորդավար Բիլլի Բուշի միջև: Միլիարդատեր գործարարը զրուցակցին պատմում է, թե ինչպես է ապարդյուն փորձեր արել ամուսնացած կնոջը գայթակղելու համար, ապա անպարկեշտ բառերով խոսում է մեկ այլ կնոջ մասին, ում հետ փորձել է սեռական կապ ունենալ: Նա խոսակցությունը տանում էր նրան, որ ցանկացած կին հասանելի է, եթե տղամարդը աստղ է, և հետևաբար կնոջ հետ երկար-բարակ խոսելն անիմաստ է:

Մինչ Թրամփը շտապում էր արդարանալ՝ ասելով, որ դա ընդամենը տղամարդկային և մասնավոր զրույց էր, Հանրապետական կուսակցության վերնախավը սկսեց քննարկել մինչև անգամ Թրամփի թեկնածությունը հանելու հարցը: Այս մասին նախօրեին հայտնեց Politico պորտալը՝ վկայակոչելով կուսակցությունում իր աղբյուրները. պարբերականի տվյալներով՝ կուսակցության իրավաբանները լրջորեն զբաղվում են հարցի իրավական կողմով, սակայն անգամ եթե բյուրոկրատական խրթին գործընթացների պատճառով հնարավոր չլինի Թրամփին մեկ այլ թեկնածուով փոխարինել, ապա արդեն իսկ հարազատ կուսակցության երես թեքելը կթաղի Թրամփի հաղթանակի հնարավորությունները:

Հանրապետական կուսակցության շուրջ մեկ տասնյակ ազդեցիկ ներկայացուցիչներ արդեն հայտարարել են, որ չեն քվեարկելու իրենց կուսակցի օգտին:

«Բավական է: Դոնալդ Թրամփը չպետք է նախագահ դառնա», - հայտարարել է Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար, հանրապետական Քոնդոլիզա Ռայսը:

Թրամփի մեկ այլ կուսակից՝ Արիզոնայից ընտրված ազդեցիկ սենատոր Ջոն ՄըքՔեյնը տեսանյութը դիտելուց հետո հայտարարել է, թե դրանում հնչած արտահայտությունները անհնար են դարձնում Թրամփին աջակցելը՝ անգամ մասնակի և վերապահումներով:

Թրամփի խոսքերից վիրավորված էր նաև Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ փոխնախագահի թեկնածու Մայք Փենսը: «Ես չեմ արդարացնում նրա հայտարարությունները և չեմ կարող դրանք պաշտպանել», - ասել է Փենսը՝ հավելելով․ - «Ուրախ եմ, որ [Թրամփը] զղջացել է և ներողություն խնդրել ամերիկացի ժողովրդից»:

Հատուկ տեսաուղերձում, որում, ինչպես նշում է Փենսը, Թրամփը ներողություն է խնդրել իր խոսքերի համար, Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածուն նաև հայտարարել է, որ այդ տեսագրության տարածման միջոցով փորձ է արվում շեղել ուշադրությունը երկրում առկա խնդիրներից:

XS
SM
MD
LG