Մատչելիության հղումներ

logo-print

Նա հանձնաժողովը կղեկավարի ևս վեց տարի:

Առաջին անգամ, համաձայն նոր Սահմանադրության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Ազգային ժողովը:

Շնորհավորանքներից առաջ Մուկուչյանը նախ արժանացավ ՀԱԿ խմբակցության ղեկավարի կոշտ քննադատությանը: «Տիգրան Մուկուչյանին վաղուց տրված է գլխավոր թվանկարչի անպատվաբեր տիտղոսը», - խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Լևոն Զուրաբյանը:

Շարունակելով ելույթը՝ Զուրաբյանը հիշեցրեց, որ հինգ տարի հանձնաժողովը ղեկավարած Մուկուչյանը պատասխանատու է եղել երեք կարևորագույն համապետական ընտրությունների՝ խորհրդարանական, նախագահական և սահմանադրական հանրաքվեի անցկացման համար, և այդ ընթացքում ԿԸՀ-ն երբևէ ընտրակեղծարարության վերաբերյալ ՀԱԿ-ի ահազանգերին ընթացք չի տվել․ - «Սա ի՞նչ է, եթե ոչ ընտրակեղծարարության պարտակում և հանցավոր անգործություն: Դա, ի դեպ, վերաբերվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ այստեղ հավաքված ամբողջ կազմին: Դուք միշտ եք այդպես վարվել․ առանձին բողոքներին ընթացք եք տվել, բայց եթե խոսքն այնպիսի ապացույցների մասին է, որոնց հիման վրա կարելի է ամբողջ ընտրությունները կեղծված և անվավեր ճանաչել, դուք անմիջապես ամբողջ հանձնաժողովի ձեր կազմով դարձել եք կույր, խուլ և համր»:

Տիգրան Մուկուչյանին ԿԸՀ նախագահի թեկնածու էր առաջադրել խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովը։

Իր ելույթի վերջում ՀԱԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ Մուկուչյանը միակ թեկնածուն դարձավ ընդդիմադիր գործընկերների՝ այդ թվում «Բարգավաճ Հայաստան»-ի շնորհիվ․ - «Ստացվում է, որ հանրապետական իշխանության հետ տարբեր ժամանակաշրջաններում կոալիցիա կազմած կուսակցությունները այս անգամ էլ կոալիցիա են կազմել կեղծարար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի վերընտրության համար: Այստեղ է թաքնված անցած ՏԻՄ ընտրությունների ամբողջ գաղտնիքը»:

Այս հայտարարությունը բարկացրեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանին, ով, մոտենալով ամբիոնին, հայտարարեց, թե իրենց մեղադրողները քաղաքական ապագա չունեն, ապա պնդեց, թե անցած կիրակի կայացած ընտրություններում կեղծիքներ կատարել են այդ մասին ամենաշատը բարձրաձայնողները․ - «Այն քաղաքական ուժերը, ովքեր այստեղ ամբիոնից այսօր մեղադրում են ժողովրդին և մնացյալ քաղաքական ուժերին, այդ այն քաղաքական ուժերն են, ովքեր Գյումրիում և Վանաձորում բիրիքով վաճառել են հանձնաժողովի անդամի իրենց տեղերը, նաև վստահված անձանց տեղերը»:

ՏԻՄ ընտրութունների թեման շարունակեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։ Գյումրիում ու Վանաձորում երրորդ տեղը զբաղեցրած կուսակցության ներկայացուցչին հետաքրքրում էր, թե ինչու է Տիգրան Մուկուչյանը, չսպասելով արդյունքների վերջնական ամփոփմանը, կողմանակալ դիրքորոշում հայտնել․ - «Մենք հաշվում ենք ռեալ՝ Բալասանյան դաշինքը իրավունք չունի լինի քաղաքապետ, դուք հաշվում եք՝ դառնում է քաղաքապետ: Ո՞նց կարող է էդպիսի բան լինի, որ վեց մանդատ ավելանա օդից մի մարդու, որը չի վաստակել դա․․․»

Տիգրան Մուկուչյանին այսօր Հանրապետականից բացի, գովաբանեց միայն կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը։ Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե ԿԸՀ անդամները պրոֆեսիոնալ են․ - «Ճանապարհ են անցել, դառը փորձառություն ունեն, քննադատություններին թիրախ են հանդիսացել, այո՛, հաճախ՝ նաև իրավացի: Բայց, այդուամենայնիվ, այն պրոցեսը, որ մենք սկսել ենք՝ բարեփոխելու ընտրական մեր համակարգը, այդ պրոցեսից ամենաքաջատեղյակն ու գիտակը հենց այս յոթ հոգին են»:

XS
SM
MD
LG