Մատչելիության հղումներ

Խորհրդարանն առաջին անգամ ընտրելու է ԿԸՀ նախագահին


Տիգրան Մուկուչյան

Տիգրան Մուկուչյան

Նախկինում այդ պաշտոնին նշանակվում էին նախագահի հրամանագրով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի թեկնածու Տիգրան Մուկուչյանն այսօր ևս Ազգային ժողովում տևական ժամանակ ստիպված եղավ լսել ընդդիմադիրների քննադատությունը:

Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն ու նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունը չափազանց ծանր վիճակի են հասցրել Հայաստանի տնտեսությունը, սակայն յուրայինների, այդ թվում Տիգրան Մուկուչյանի շնորհիվ ուզում են ապահովել քաղաքական մենաշնորհը 2017-ի խորհրդարանական ընտրություններում․ - «Իրենք օր են նշանակել, եկող տարվա ապրիլ ամսվա սկզբին ընտրություններն են իբրև թե անցկացնելու: Բայց պարզ է, որ ընտրություններ չեն լինելու: Եթե իրենց սցենարով մենք շարժվենք, ապա լինելու է կրկին իշխանության բռնազավթում և յուրացում»:

Իշխան Խաչատրյանը («Օրինաց երկիր» խմբակցություն) հայտարարեց, որ ԿԸՀ-ն արդյունավետ աշխատանք չի տանում ընտրախախտումների բացահայտման ուղղությամբ, Ընտրական օրենսգրքով հանձնաժողովին ամրագրված գործառույթների մեծ մասը մնում են թղթի վրա․ - «Վերջերս մեր երկրում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց ընթացքում տեղի ունեցան ընտրակեղծարարության բազմաթիվ դեպքեր։ Այդ մասին հնչեցին նաև հրապարակային հայտարարություններ, համացանցում հայտնվեցին հավաստի փաստեր, տարբեր տեսահոլովակներ, սակայն որևէ մեկը չստացավ իր արժանի պատիժը»:

Անդրադառնալով ընտրակեղծիքներին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հորդորեց չգերագնահատել ԿԸՀ-ի դերը ընտրություններում․ - «Եթե երկրում շարունակում է գործել արատավոր ընտրական համակարգ և, ցավոք սրտի, այդ ընտրական համակարգը գնալով [իր] արատավորության աստիճանը հասցնում է ոսկերչական աստիճանի, ըստ էության ում էլ դնենք էնդեղ անձեր, մեծ առումով որևէ բան չի փոխվելու»:

Զոհրաբյանին միևնույն ժամանակ վրդովեցրել էին ընդդիմադիր որոշ գործընկերների ելույթները: Առանց անուններ հնչեցնելու՝ պատգամավորը կոչ արեց ընտրակեղծարարության մասին խոսելիս չհիշատակել «Բարգավաճ Հայաստան»-ի անունը․ - «Կրկնում եմ՝ ֆեյսբուքյան իրականությունը, ձեր մի քանի աղանդավոր համակիրների ֆեյքերով կազմավորված իրականությունը, երբ որ գովանդի տակ դնում եք ձեր նյութերը և լայքեր հավաքելը․․․ կարծում եք, թե ձեր էլեկտորատն է, մի շփոթեք ռեալ իրականության հետ»։

Ըստ նոր Սահմանադրության, Ազգային ժողովն առաջին անգամ է ընտրելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին: Նախկինում այդ պաշտոնին նշանակվում էին նախագահի հրամանագրով:

Խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովում անցյալ շաբաթ հանրապետականները թեկնածու առաջադրեցին ԿԸՀ գործող նախագահ Տիգրան Մուկուչյանին:

Խորհրդարանի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը (ՀՀԿ) այսօր ընդդիմադիրներին կոչ արեց չքաղաքականացնել ԿԸՀ նախագահի ընտրության հարցը և ձախողումների համար այլ մեղավորներ փնտրել: Նրա համոզմամբ, պաշտոնավարման 5 տարիների ընթացքում Տիգրան Մուկուչյանը էապես բարելավել է ընտրական գործընթացները․ - «Հայտնի վատ պարողի նման մեղադրում եք ում ասես, բացի ինքներդ ձեզանից»:

Հանրապետական Սուքիաս Ավետիսյանը նույնպես անտեղի համարեց ընդդիմության քննադատությունը՝ Վերաքննիչ դատարանի նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանին կոչ անելով պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ մշակել ընտրակեղծարարության մասին կեղծ ահազանգեր ներկայացնողներին․ - «Եվ եթե որևիցե մեկը կասի, որ հանձնաժողովներում կեղծիք է եղել, ուրեմն ես պարտավոր եմ այդ մարդուն այդ հանձնաժողովների միջոցով դատի տալ, որպեսզի ի վերջո մարդիկ պատասխանատվություն կրեն իրենց ասածների համար»:

Եզրափակիչ ելույթում Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ ընտրվելու դեպքում իր առաջնային խնդիրն է լինելու գարնանը կազմակերպել ազատ ու արդար խորհդարանական ընտություններ:

ԿԸՀ նախագահի ընտրությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG