Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահը ներկայացրել է իր աշխատակազմի նորանշանակ ղեկավարին


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր աշխատակազմի ղեկավար կազմին է ներկայացրել աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Գևորգյանին և տեղեկացրել Վիգեն Սարգսյանին նոր պաշտոնում նշանակելու մասին:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վիգեն Սարգսյանին արդեն նախկին պաշտոնում կատարած աշխատանքի համար և անկեղծորեն ուզում եմ ասել, որ այդ պաշտոնում դրսևորվել են Վիգեն Սարգսյանի կազմակերպչական ունակությունները, դրսևորվել են լավագույն տեսակետից, և որևէ մեկը չի կարող ժխտել, որ այդ լավագույն դրսևորումը եղել է ձեր բոլորի անմիջական օգնությամբ ու մասնակցությամբ», - ասել է նախագահը: Նա բարձր է գնահատել նաև Վիգեն Սարգսյանի աշխատանքը անցած տարիներին համապետական նշանակության մի շարք կարևոր միջոցառումների համակարգողի պաշտոնում և վստահություն է հայտնել, որ պաշտպանության նախարարի պաշտոնում ևս նա կարողանալու է արդարացնել բոլորի վստահությունը: «Վիգե՛ն, մեկ անգամ ևս շնորհավորում եմ և հաջողություն եմ մաղթում: Ավելորդ է ասել, որ քո աշխատանքի արդյունքներով են նաև պայմանավորված լինելու մեր երկրի առաջընթացը և, իհարկե, պաշտպանունակության հետագա ամրապնդումը», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը:

Աշխատակազմի նոր ղեկավարի նշանակման կապակցությամբ նախագահը նշել է, որ Արմեն Գևորգյանը ինչպես նախկին պաշտոնում, նոր աշխատանքում ևս, վստահաբար, կդրսևորի իր կամային հատկանիշները: «Արմեն Գևորգյանը կարողանալու է մի աստիճան ևս բարձրացնել այն հնարավորությունները, որն ունի այստեղ հավաքված կոլեկտիվը և ընդհանրապես, մեր պետությունը: Արմե՛ն, շնորհավորում եմ և հաջողություններ եմ մաղթում», - ասել է Սերժ Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահին իր գործունեության վերջին հինգ տարիներին աշխատակազմի աշխատանքի կազմակերպման և համակարգման գործում ցուցաբերած մեծ վստահության համար և նշել է, որ աշխատակազմի արհեստավարժ և նվիրված գործընկերների՝ միասնական թիմի հետ անցած տարիներին բավականին աշխատանք է իրականացվել:

Աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Գևորգյանը ևս շնորհակալություն է հայտնել նախագահին վստահության համար և հավաստիացրել, որ լիովին գիտակցում է առաջիկա անելիքների և՛ կարևորությունը, և՛ նշանակությունը պետության զարգացման, առաջընթացի, կայունության համար, որովհետև երկիրը բավականին պատասխանատու ժամանակահատված է թևակոխում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG